13 12 2022

Զուգադիպություն է՝ ևս մի ցեղասպան գործարք համընկավ Հայաստանում ընթացող Ցեղասպանության ֆորումի հետ․ Դավիթ Բաբայան



Հետաքրքիր զուգադիպություն է՝ փաստորեն ևս մի ցեղասպան գործարք համընկավ Հայաստանում ընթացող «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության»  Գլոբալ ֆորումի հետ, սա պատմական զուգադիպություն է։ Այսօր Երևանում իր ասուլիսն այսպես է սկսել Արցախի ԱԳՆ ժպ Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով Արցախը երեկվանից  շրջափակման մեջ պահած ադրբեջանական գործողություններին։  

«Արցախը Մայր Հայաստանին և առհասարակ աշխարհին կապող միակ ճանապարհը փակեց Ադրբեջանը և նույն կերպ փակել է Արցախի ներսում Շուշիի հայկական վերահսկողության տակ մնացած բնակավայրերի հետ կապող ճանապարհները և փորձում է կաթվածահար անել  Արցախը։ Ֆրանսիա կատարած պաշտոնական այցից հետո փաստացի չկարողացանք վերադառնալ հայրենի Արցախ: Մենք երեկվանից մնացել ենք Գորիս-Ստեփանակերտ ճանապարհին հարյուրավոր համաքաղաքացիների հետ։ Արցախը մարտնչում է և կշարունաիկի մարտնչել։ Հիմա բոլորս պիտի հանդես գանք միասնական ճակատով, ուստի կոչ եմ անում ողջ հայությանը՝ մենք միասնական ձևով պիտի պայքարենք, ու մեր ձայնը բարձրացնենք լսելի դառնալու միջազգային ատյաններին։ Իսկ միջազգային հանրությանը կոչ ենք անում զսպել Ադրբեջանի հայատյաց, մարդատյաց և ցեղասպան  քաղաքականության դրսևորումները և ներդնել բոլոր ջանքերը, որպեսզի Արցախ տանող միակ ճանապարհը բացվի։ Մենք լավ գիտենք, թե ինչպիսին են լինելու դրա հետևանքները»,-ասել է Դավիթ Բաբայանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ