Պրահայում քառակողմ հանդիպման ժամանակ Հայաստանի կողմից փաստաթղթի հաստատումը, որտեղ ասվում էր, որ սահմանազատումը եւ խաղաղության պայմանագիրը պետք է հիմնվեն սահմանների վրա՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության եւ 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի, թույլ է տալիս որոշել, թե ինչպես մոտենալ Ղարաբաղի կարգավիճակին։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հինգշաբթի կայացած մամուլի ասուլիսում։
«Իսկ Ալմա-Աթայի հռչակագրում ասվում է, որ բոլոր միութենական հանրապետությունները հաստատում են սահմանների անխախտելիությունն այն սահմաններում, որոնք գոյություն ունեին ԽՍՀՄ հանրապետությունների միջև, այլ կերպ ասած այն ժամանակ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը (ԼՂԻՄ) միանշանակ Խորհրդային Ադրբեջանի մաս էր կազմում։ Եվ երբ դա հավանության արժանացավ և Ադրբեջանի, և Հայաստանի, և Ֆրանսիայի, և Շառլ Միշելի կողմից առանց որևէ վերապահման, դա, իհարկե, հեշտացրեց հետագա աշխատանքը, քանի որ դա որոշում է, թե ինչպես մոտենալ Ղարաբաղի կարգավիճակին»,-նշել Է Լավրովը։
«Եվ իզուր չէ, որ հայկական ղեկավարությունը վերջին շրջանում արդեն խոսում է ոչ այնքան կարգավիճակի մասին, այլ այն մասին, որ պետք է ապահովել Ղարաբաղում բնակվող հայ բնակչության իրավունքները, դրան պատրաստ է նաև ադրբեջանական կողմը», - նշել Է Լավրովը:
«Ինչ վերաբերվում է Մինսկի խմբին, ապա նրա մասին արդեն ոչ ոք չի հիշում, այն թաղել են ԱՄՆ - ն ու Ֆրանսիան»,- եզրափակել է ՌԴ ԱԳ նախարարը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը