30 11 2022

Եթե աշխատեցվի այն ընդդիմադիր ռեսուրսը, որն այժմ կա, բավական է հարցեր լուծելու համար. Վիգեն Հակոբյան. 168.am

Եթե աշխատեցվի այն ընդդիմադիր ռեսուրսը, որն այժմ կա, բավական է հարցեր լուծելու համար. Վիգեն Հակոբյան. 168.am

168.am-ը գրում է.

« Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը վերջին օրերին ընդդիմադիր հատվածում տեղի ունեցող գործընթացները համարում է քաղաքական ռոտացիա:

Ըստ քաղտեխնոլոգի՝ այս պահի գործընթացները նաև բխում են ընտրություններից հետո ընդդիմության առջև դրված նպատակներից:

«Ընդդիմությունը, որը մտավ խորհրդարան, մեկ խնդիր ուներ՝ փորձել հնարավորինս կարճ ժամանակում իշխանափոխություն իրականացնել: Փաստ է, որ հիմնականում հենց այդ մանդատն էր տրվել ընդդիմությանը: Այդ նպատակը ենթադրում էր կարճաժամկետ գործունեություն, լավագույն դեպքում՝ միջնաժամկետ, ինչը, սակայն, չհաջողվեց:

Քանի որ արտաքին ու ներքին քաղաքական իրավիճակից ելնելով՝ սկսեցին փոխվել թե՛ ժամկետները, թե՛ խնդիրները, ընդդիմության մոտ սկսվեց քաղաքական ռոտացիա, կադրային ռոտացիա, որի արտացոլումը, մի քանի ամիս է՝ տեսնում ենք՝ կա՛մ միայնակ քայլերով՝ անհատների մանդատներ վայր դնելու մասին հայտարարություններով, կա՛մ այնպիսի կուսակցության, որը «Հայաստան» դաշինքի բաղկացուցիչ մասն է կազմում»,- 168.am-ի հետ զրույցում մանրամասնեց նա:

Վիգեն Հակոբյանը համոզված է՝ ընդդիմությունը պետք է ձևակերպի իր նոր մարտավարությունը. ռազմավարությունը պարզ է՝ ինչ-որ ձևով հասնել իշխանափոխության:

Նրա կարծիքով, հենց ժամկետների և մարտավարության փոփոխությունն է նաև ընդդիմության՝ խորհրդարան վերադարձի պատճառը:

«Եթե մարտավարությունը փոխվում է, հասկանում են, որ կարճաժամկետ մեթոդոլոգիայով դա չի ստացվում, և ավելի ինստիտուցիոնալ մոտեցում պետք է լինի: Այդ թվում՝ ինստիտուցիոնալ պետք է լինեն նաև դաշինքների կառույցները: Եթե «Պատիվ ունեմ»-ի պարագայում այդ կառույցն ինստիտուցիոնալ է, որովհետև փաստացի գրեթե բոլորը հանրապետականներ են, ապա «Հայաստան» դաշինքի պարագայում պահպանվում է բազմավեկտոր կառուցվածք: Եթե գնում են առավել միջնաժամակետ, երկարաժամկետ պայքարի, ապա նաև ինստիտուցիոնալ առումով է առաջանում համապատասխան կառույցներ ձևավորելու խնդիրը»,- նկատեց քաղտեխնոլոգը:

Վիգեն Հակոբյանին չի տպավորել ընդդիմության սեփական օրակարգով վերադարձը. ըստ նրա՝ այդ օրակարգը դեռևս հասկանալի չէ: Վերջինի առնչությամբ վերլուծաբանը, սակայն, ունի իր ենթադրությունը. «Կարծում եմ՝ դեռևս տրանսֆորմացիայի փուլն էր ընդդիմության մեջ, դրա համար հստակություն չկար օրակարգում: Այժմ հայտարարվեց, որ դեկտեմբերի 2-ին արտահերթ նստաշրջան են հրավիրում սեփական օրակարգով՝ Ադրբեջանի խորհրդարանի՝ 2022 թվականի նոյեմբերի 8-ի հայտարարությունը քննության առնելու ու դրան համարժեք Հայաստանի անունից հայտարարություն ընդունելու համար»:

Ներքաղաքական այս գործընթացների համատեքստում անդրադառնալով MPG ընկերության հերթական սոցհարցման արդյունքներին և մասնավորապես ցուցանիշին, որով հարցվածների 49 տոկոսը իրավիճակը փոխելու համար արտահերթ ընտրությունների անհրաժեշտություն չի տեսնում, իսկ ընտրության գնալու դեպքում՝ 47,4%-ը չի քվեարկի որևէ կուսակցության օգտին՝ նա արձանագրեց. «Սա նշանակում է, որ մեծ ապատիա կա, ինչն էլ իր հերթին նշանակում է, որ այդ ապատիայի մեջ գտնվող ժողովրդին կարող է ինչ-որ ուժ գայթակղել դեպի իրեն: Ի դեպ, սովորաբար, ապատիայի մեջ եղած ժողովուրդը բավականին հեշտ գնում է ընտրակաշառքի վրա»:

Արդյո՞ք այս իրավիճակում ընդդիմության արմատական քայլերը կարող են ինչ-որ բան փոխել՝ մեր հարցադրմանն ի պատասխան՝ քաղտեխնոլոգը հավելեց. «Իրավիճակն այնպիսին է, որ սա ավելի շատ գործուն ռեսուրս կարող է ունենալ փողոցում, նա էլ կարող է ինչ-որ հարց լուծել. այդ 47 տոկոսը գնալու է այդ ուժի հետևից: Ընդդիմությունը ցույց է տվել, որ փողոցում ունի ռեսուրս, մինչդեռ Նիկոլ Փաշինյանի թիմը մի քանի անգամ ցույց տվեց, որ «փողոց չունի»: Բայց դրա փոխարեն՝ իշխանությունն ունի մի քանի հազար կարմիր և սև բերետավորներ, որոնք այլևս իբրև գործոն չեն աշխատի, եթե ընդդիմության զանգվածները համադրելի են այդ ոստիկանների քանակի հետ»:

 Վիգեն Հակոբյանը համոզված է՝ այն ընդդիմադիր ռեսուրսը, որն այժմ կա, եթե աշխատեցվի, բավական է լինելու հարցեր լուծելու համար»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ