ArmLur.am-ի տեղեկություններով՝ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի եւ մյուս պաշտոնատար անձանց մասով նիստը կրկին չի կայացել, քանի որ Ստեփան Գալստյանի վիճակը շարունակում է մնալ վատ վիճակում: Գրել էինք, որ Գլխավոր շտաբի պետի տեղակալ Ստեփան Գալստյանի վիճակը Երեւան Կենտրոն քրեակատարողական հիմնարկում կամ բոլորին հայտնի ԿԳԲ-ի «պադվալում» վատացել է, եւ նրան տեղափոխել են Էրեբունի բժշկակական կենտրոն:
Ավելին, նա այնքան վատ վիճակում է եղել, որ անգամ ի վիճակի չի եղել երեկ գնալ Հակակոռուպցիոն դատարան եւ մասնակցել նիստի:
Հիշեցնենք, որ Գալստյանը կալանավորվել է ՀՀ ԶՈՒ-երի կարիքների համար ռազմամթերքի մատակարարման գործընթացում չարաշահումներ եւ առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ կատարելու դեպքերի առթիվ քննվող քրեական գործով։ Նա մեղադրվում է նյութական ծանր հետեւանքներ առաջացնող պաշտոնեական դիրքի չարաշահման եւ պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ։
Հիշեցնենք նաև, որ այս գործով կալանքի տակ են ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, գլխավոր շտաբի պետի տեղակալ Ստեփան Գալստյանը, ռազմական ավիացիայի նախկին պետ Ավետիք Մուրադյանը: Իսկ ահա զենքի մատակարար Դավիթ Գալստյանը՝ «Պատրոն Դավիթը» ազատության մեջ է: Հավելենք, որ Ստեփան Գալստյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը