Armlur.am-ը գրում է.
Ազգային անվտանգության ծառայության, ինչպես նաեւ Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից կալանավորված բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները, ըստ էության, գտնվում են Երևան Կենտրոն քրեակատարողական հիմնարկում, կամ բոլորին հայտնի «ԿԳԲ»-ի պադվալում: Ովքեր են նրանք:
Ինչպես հայտնի է` 2021 թվականի սեպտեմբերի 8-ին կալանավորվեց ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը: Ըստ իրավապահների` Հովսեփյանը պաշտոնավարման տարիներին օրինականացրել է ավելի քան 1 միլիարդ 300 միլիոն դրամ, մասնակցել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող մի շարք ընկերությունների կառավարմանը, ստացել է առանձնապես խոշոր չափերով` 190 միլիոն դրամ կաշառք:
Աղվան Հովսեփյանը մինչ օրս ցուցմունք չի տալիս, քանի որ, ինչպես պաշտպան Ալեքսանյան է նշում, դա իր իրավունք է եւ բացի այդ իրենք չեն վստահում նախաքննական մարմնին:
Ազգային անվտանգության ծառայությունում հարուցված անորակ հրթիռների գործով կալանավորել են պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանը , ՀՀ ԶՈւ ավիացիայի վարչության նախկին պետ Ավետիք Մուրադյանը:
Եվ ահա Հակակոռուպցիոն կոմիտեում կաշառքի, պաշտոնական դիրքի չարաշահման փաստի առթիվ հարուցված քրեական գործով օրերս կալանավորված ԱԻՆ նախարար Անդրանիկ Փիլոյանը եւս կալանքը կկրի «Երևան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում՝ ԿԳԲ-ի պադվալում: Թվով 5 նախկին եւ ներկա պաշտոնյաներ այս պահին գտնվում են կալանքի տակ նույն վայրում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը