29 11 2022

Բաքուն ցանկանում է Լաչինի միջանցքը փակել. Արցախի ՄԻՊ. 24news.am

Բաքուն ցանկանում է Լաչինի միջանցքը փակել. Արցախի ՄԻՊ. 24news.am

Նոյեմբերին Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտելու 12-13 դեպք է արձանագրվել, որոնց թիրախում նաեւ քաղաքացիական բնակչությունն է եւ դաշտերում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող գյուղացիները, որի հետեւանքով տուժում է գյուղտեխնիկան եւ գյուղաշխատանքները դադարեցվում են: Այս մասին 24.TV-ին տված հարցազրույցում նշել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը:

«Սրանք Արցախի էթնիկ զտման եւ Արցախի ժողովրդի նկատմամբ ցեղասպանական քաղաքականությամբ համակարգված եւ հետեւողականորեն իրականացվող գործողություններ են: Այս երկու տարվա ընթացքում Արցախի իրավապահ մարմինների կողմից արձանագրվել է հրադադարի խախտման 121 դեպք, որի հետեւանքով 18 մարդ սպանվել է, նրանցից երեքը քաղաքացիական անձինք են եղել: Իսկ սպանության փորձի է ենթարկվել 132 անձ, որից 54-ը քաղաքացիական անձ»,-ասաց նա:

Անդրադառնալով մեկ շաբաթ շարունակ Ադրբեջանի կողմից շրջանառվող կեղծ տեղեկություններին, որ հայկական կողմն է կրակոցներ հնչեցրել, Ստեփանյանը նկատեց, որ Ադրբեջանը լայնածավալ ագրեսիաների դիմելուց առաջ մշտապես ապատեղեկատվություն է տարածում՝ փորձելով լեգիտիմ հիմք ձևավորել, ինչպես իրենք են նշում՝ «պատժիչ» գործողություններ ձեռնարկելու համար և այս հանգամանքը մտահոգվելու առիթ է տալիս, հնարավոր է՝ պատրաստվում են մեծ ծավալի ագրեսիայի:

Անդրադառնալով մեկ այլ ապատեղեկատվության, ըստ որի՝ «հայկական կողմը Լաչինի միջանցքը օգտագործում է ռազմական գործողությունների համար, քանի որ Քելբաջարի և Լաչինի հատվածներում անցած տարի Հայաստանում արտադրված ականներ են հայտնաբերվել», Ստեփանյանը նշեց՝ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ թեև Ադրբեջանը ֆիքսել է Լաչինի միջանցքի առկայությունը, բայց չի կարողանում հաշտվել այդ դրույթի հետ, փորձում է Լաչինի միջանցքը դիտարկել որպես մեծ զիջում Արցախին և զուհեռ տանել Սյունիքով անցնող ճանապարհների, կամ ինչպես իրենք են ասում՝ «Զանգեզուրի միջանցքի» միջև, ինչը, Արցախի ՄԻՊ-ի համոզմամբ, փաստերի և իրականության խեղաթյուրում է:

«Ադրբեջանը, մեղադրելով Լաչինի միջանցքը՝ իբր թե ռազմական նպատակով օգտագործելու մեջ, փորձում է ՌԴ խաղաղապահների հեղինակությունը կասկածի տակ դնել և ստվերել նրանց աշխատանքը, այս ամենին գումարած՝ նաև այն հանգամանքը, որ Ադրբեջանի կողմից կոչեր են արվում, որ խաղաղապահները օգտագործեն ադրբեջանական անվանումներ և այլն:

Իմ կարծիքով՝ կեղծ թեզերը շրջանառության մեջ են դրվում տրամադրությունները ստուգելու համար, որ եթե նման քայլի դիմեն, ինչ արձագանք կլինի: Նրանք հեռու չեն նաև միջանցքը փակելու մտքից, նման թեզերը շրջանառվում են այդ գաղափարները սպասարկելու համար»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ