02 10 2019

Մեզ շնորհ մի՛ արեք․ «Հրապարակ»-ի պատասխանը՝ Քննչական կոմիտեին

Մեզ շնորհ մի՛ արեք․ «Հրապարակ»-ի պատասխանը՝ Քննչական կոմիտեին

«Հրապարակ»-ը գրում է․ «Այսօր մեր հոդվածին արձագանքել է ՀՀ քննչական կոմիտեն իր ֆեյսբուքյան էջում գրելով․ «Hraparak.am կայքում այսօր հրապարակված «Մամուլի համար վատ ժամանակներ են եկել» վերտառությամբ հոդվածի կապակցությամբ տեղեկացնում ենք, որ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության առաջին կայազորային քննչական բաժնի պետի կողմից կայքի խմբագրին հասցեագրված գրությամբ, պահպանելով համապատասխան օրենսդրության պահանջները, առաջարկվել է, այլ ոչ թե՝ պարտադրվել, համագործակցել վարույթն իրականացնող մարմնի հետ` հայտնելով հրապարակված տեղեկատվության աղբյուրը, որը տվյալ լրատվամիջոցի կողմից կարող էր տրամադրվել կամ մերժվել»:

Մենք չենք դադարում զարմանալ հայրենի իրավապահների ոչ պրոֆեսիոնալիզմի ու օրենքների չիմացության վրա։Նախ, ինքնին նման գրություն լրատվամիջոցին ուղարկելն արդեն անօրինական քայլ է եւ մամուլի նկատմամբ անհարգալից վերաբերմունք։ Երկրորդը՝ իհարկե, անօրինական պահանջները ենթակա են մերժման եւ մեզ պետք չէ «շնորհ» անել, թե՝ «կարող էիք տրամադրել, կարող էիք մերժել»։ Մենք մեր իրավունքները լավ գիտենք, մնում է, որ դուք իմանաք ձեր իրավասությունների սահմանները եւ ազատ խոսքի արժեքն ու այն չնսեմացնեք՝ ի սկզբանե մերժման ենթակա գրություններով։

Եւս մի նկատառում․ մենք, որպես կանոն, հրապարակում ենք մեր ունեցած ողջ տեղեկատվությունը եւ մեծ սիրով հենց նշված հոդվածում կհրապարակեինք նաեւ մեր տեղեկատվության աղբյուրը՝ եթե անձը համաձայներ ներկայանալ։ Տեղեկատվության աղբյուրը չի հրապարակվում բացառապես այն դեպքերում, երբ մարդը, տարբեր նկատառումներից ելնելով, չի ուզում ներկայանալ, ինչը նրա իրավունքն է եւ թույլատրված է բոլոր գրված ու չգրված օրենքներով։ 

Առհասարակ՝ երբ երկրում, նաեւ ձեր օգնությամբ, լիարժեքորեն կվերանա վախի մթնոլորտը եւ հակաիշխանական տեղեկատվություն հրապարակելը կդառնա անվտանգ, մարդիկ կկարողանան բացահայտ հանդես գալ եւ մամուլն էլ հարկադրված չի լինի հղում անելու անանուն աղբյուրներին ու թաքցնելու դրանք։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ