16 11 2022

Վահագն Խաչատուրյանը զերծ է մնում «Սիլ պլազայի» շուրջ իրավական գործընթացի վերաբերյալ տեսակետ հայտնելուց․ News.am

Վահագն Խաչատուրյանը զերծ է մնում «Սիլ պլազայի» շուրջ իրավական գործընթացի վերաբերյալ տեսակետ հայտնելուց․ News.am

NEWS.am-ը գրում է․ Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, որը տարիներ առաջ Երեւանի քաղաքային խորհրդի գործկոմի նախագահն էր, եւ ինքն է Երեւանի կենտրոնում գտնվող «Սիլ պլազա» բիզնես կենտրոնի  սեփականաշնորհման որոշումը կայացրել, չի մեկնաբանում  բիզնես կենտրոնի սեփականաշնորհման օրինականությունը վիճարկելու Գլխավոր դատախազության նախաձեռնությունը։

«Հանրապետության նախագահն իր սահմանադրական լիազորությունների շրջանակում եւ ի պաշտոնե զերծ է մնում որեւէ իրավական գործընթացի վերաբերյալ գնահատականներ, պարզաբանումներ կամ մեկնաբանություններ հնչեցնելուց, որոնք կարող են որեւէ ազդեցություն ունենալ  նման գործընթացների վրա:

Երեւանի քաղաքապետարանի գործունեության վերաբերյալ տեղեկատվության տնօրինողը Հանրապետության նախագահի աշխատակազմը չէ, եւ այդ գործունեությանն առնչվող տեղեկություններ չի կարող տրամադրել»,– NEWS.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ ասել են Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։

NEWS.am-ը Վահագն Խաչատուրյանից հետաքրքրվել  էր նաեւ, թե քաղաքապետ Վահագն Խաչատուրյանը հետամուտ եղե՞լ է, թե ինչ հիմքով է սեփականատերը հրաժարվել իրեն հատկացված հայ նկարիչների ստեղծագործությունների վաճառատուն ունենալու պարտավորությունից, այն դեպքում, որ տարածքը նրան հատկացվել է այդ նպատակով։  Նախագահի աշխատակազմն անպատասխան է թողել ինչպես այս, այնպես էլ այն հարցը, թե արդյոք  այս ընթացքում Խաչատուրյանը հարցաքննության հրավիրվել է։

Նշենք՝ նոյեմբերի 7–ին, «Հետք»–ը գրել էր, որ Գլխավոր դատախազությունը դատական կարգով վիճարկում է Երեւանի կենտրոնում գտնվող «Սիլ պլազա» բիզնես կենտրոնի սեփականաշնորհման օրինականությունը։

Դատախազությունը վարչական դատարանից պահանջում է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ, խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին զրկել պատկանող «Սիլ պլազայի» նկատմամբ ունեցած սեփականության իրավունքից։ Վարչական դատարանն արգելանք է դրել «Սիլ պլազայի» վրա։

Վարչական դատավարությունից բացի, Գլխավոր դատախազությունում պետական շահերի պաշտպանության շրջանակում նույն շենքի սեփականաշնորհման փաստի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։

Կադաստրի կոմիտեն սույն գործով պատասխանողն է, իսկ «Գռզո պլազա» ՍՊԸ-ն,  որին պատկանում է «Սիլ պլազան», ներգրավվել է որպես 3-րդ անձ։ Այս գործով առաջին դատական նիստը տեղի կունենա 2023 թ․-ի փետրվարի 16-ին։

«Հետքը» դեռ 2021թվականի դեկտեմբերի 23–ին էր գրել, որ Երեւանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատուրյանի պաշտոնավարման ժամանակ քաղաքային իշխանությունը ցանկացել է Երեւանի սրտում հայ նկարիչների ստեղծագործությունների վաճառատուն ունենալ։ Այդ նպատակով Արամի 3 հասցեի շենքը հատկացրել են «Սիլ կոնցեռնի» հիմնադիր Ալբերտ Սուքիասյանի կոոպերատիվին։

Անշարժ գույքն ընդամենը 5655 ԱՄՆ դոլարով սեփականաշնորհելուց հետո այն չի ծառայել նպատակին։ Սուքիասյանները վերակառուցել են շենքը եւ օգտագործում են բիզնես նպատակներով։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ