15 11 2022

Ծնկի եկածին, խաղաղություն մուրացողին խաղաղություն չեն տալիս. Գեղամ Նազարյան



«Արցախը տանք՝ լավ ենք ապրելու, խաղաղ ենք ապրելու, անհոգ ենք ապրելու»: Այս կարգախոսի պատճառով, այս կարգախոսը կյանքի կոչելու ճանապարհին զոհվեց չորս հազարից ավելի հրաշք երիտասարդ: Այս մասին իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը: Ներկայացնում ենք նրա ելույթն ամբողջությամբ:

«Այս կարգախոսը իրականություն դարձնելու ճանապարհին կորցրինք, վստահ եմ ժամանակավոր, Արցախի մեծ մասը: Հիմա հարց՝ իսկ ո՞ւր է խաղաղությունը, իսկ ինչու լավ չի ապրում հասարակ, սովորական, միջին վիճակագրական հայ մարդը, որն ավելի է կռացել վարկերի ու պարտքերի տակ, որն ամեն օր փորձում է հրաշքներ գործել երեխաներին կերակրելու, նրան ուսում տալու համար: Ո՞ւր է անհոգ կյանքը:

Ցավն այն է, որ այսօր էլ բարձրաստիճան շատ պաշտոնյաներ այս ու այն հանդիպումների ժամանակ ասում են՝ իսկ մի՞թե Արցախը մերն է, որ հիմա էլ հանձնում ենք կամ կրկնում են՝ շուտով Արցախից ազատվենք, արդեն լավ կլինի: Ո՞ւմ համար լավ կլինի: Որտե՞ղ լավ կլինի, ո՞ր երկրում:

Ես, իմ ընկերները, շատերը 2020-ի նոյեմբերի 9-ից հետո մի շատ կոպիտ սխալ ենք թույլ տվել, ասելով, թե մենք կողմ ենք արժանապատիվ խաղաղությանը:

Իսկ մի՞թե արժանապատիվից բացի այլ խաղաղություն լինում է: Չի լինում: Սիրելի հայրենակիցներ, խաղաղությունը միայն արժանապատիվ է լինում: Ծնկի եկածին, խաղաղություն մուրացողին խաղաղություն չեն տալիս:

Սա խաղաղություն չէ: Այն ինչ մենք ունենք՝ խաղաղություն չէ: Եթե կրակում են արցախցիների, սյունեցիների, ջերմուկցիների վրա, ապա կրակում են նաեւ Հյուսիսային պողոտայի վրա, այնտեղ զբոսնողների վրա, որքան էլ դուք այդ կրակոցների եւ պայթյունների ձայնը ավտոմեքենաների եւ երաժշտության աղմուկի պատճառով չեք լսում:

Չի կարող վատ լինել Ջերմուկում, իսկ Երեւանում կամ Վանաձորում՝ լավ:

Իսկ մի՞թե նրանք, ովքեր ասում էին Արցախը տանք եւ խաղաղ ու լավ ապրենք, հիմա էլ ասելու են, թե եկեք Գեղարքունիքը, Սյունիքը, Վայոց ձորը կամ այդ մարզերի մի մասը տանք, որ խաղաղ ապրենք: Իսկ գուցե ասելու են կամ արդեն ասում են, թե Արցախը դեռ լավ չենք տվել, դրա համար էլ խաղաղ չեք ապրում:

Տղերքը զոհվեցին հանուն Արցախի, հանուն ամբողջ Հայաստանի եւ հանուն խաղաղության: Տղերքը զոհվեցին, որ արժանապատիվ ապրենք, խաղաղ ապրենք:

Մենք խաղաղության կարող ենք հասնել միայն արժանապատիվ կեցվածքի, արժանապատիվ պահվածքի եւ քայլերի շնորհիվ:

Արցախից չենք ազատվելու: Արցախը մեր բաղկացուցիչ մասնիկն է, մեր մի մասն է: Արցախից չենք ազատվելու, Սյունիքը չենք հանձնելու, ճանապարհներ չենք հանձնելու եւ ապրելու ենք արժանապատիվ եւ խաղաղ, եթե վերջ տանք խաղաություն մուրալուն, եթե հասկանանք, գիտակցենք, որ ինչպես պատերազմն իր օրենքներն ունի, այնպես էլ հետպատերազմյան իրավիճակը: Իսկ հետպատերազմյան առաջին օրենքն է՝ երկիրը պարտության տարած գործիչը, քաղաքական թիմը չպետք է այլեւս ղեկավարեն երկիրը»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ