Կառավարությունը նոյեմբերի 10-ի նիստում որոշում ընդունեց «Խաչատուրյանի Բիլդինգ Գրուպ» ՍՊԸ-ին 154,4 մլն դրամ, ինչը դատարանի պահանջն է: Այսպես, ՀՀ քաղաքաշինության նախարարության «Քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի և «Խաչատուրյանի Բիլդինգ Գրուպ» ՍՊԸ միջև 2014 թվականի դեկտեմբերի 19-ին կնքված՝ ՀՀ Արագածոտնի մարզի Քուչակի մշակույթի տան վերակառուցման կապալային աշխատանքների կատարման պայմանագրի շրջանակներում Ընկերության կողմից ներկայացվել են շուրջ 114,2 մլն. դրամի կատարողական փաստաթղթեր, սակայն Պատվիրատուի կողմից այն չի ընդունվել:
Վերը նշվածի կապակցությամբ ընկերությունը դատական հայց է ներկայացրել ընդդեմ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի (իրավանախորդը՝ «Քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկ):
ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը 2021 թվականի նոյեմբերի 26-ի վճռով բավարարել է Ընկերության պահանջը, որից հետո ՀՀ քաղաքաշինության կոմիտեն դատական վճիռը բողոքարկել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում, սակայն դատարանը 2022 թվականի մայիսի 25-ի որոշմամբ այն մերժել է:
Համաձայն ընդունված դատական վճռի՝ ՀՀ քաղաքաշինության կոմիտեից հօգուտ հայցվորի ենթակա է բռնագանձման շուրջ 154,4 մլն դրամ, որից 114,2 մլն դրամը վերաբերում է չվճարված կատարողական փաստաթղթին, իսկ մնացած 40,2 մլն դրամը՝ կետանց օրերի համար հաշվարկված տոկոսագումարներին և պետական տուրքին: Նշված հաշվարկը կատարվել է մինչև 2022 թվականի դեկտեմբերի 2-ը սույն որոշումն ընդունվելու և վճարման հնարավորությունը բացվելու կանխատեսվող ժամկետով: Հաշվի առնելով, որ Կոմիտեի պահպանման ծրագրով սահմանված բյուջետային հատկացումներով դատական ակտերի կատարման նման ծավալի ծախսեր չեն նախատեսվել, դատարանի վճիռը կատարելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել գումարի վճարումն իրականացնելու համար պատրաստել և շրջանառել ՀՀ կառավարության որոշման նախագիծ՝ ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից գումար հատկացնելու վերաբերյալ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը