Ֆրանսիայի հրապարակում Իշխան Սաղաթելյանն իր խոսքում նշեց.
«Իսկ ինչպե՞ս պետք է ձևավորվի նոր իշխաանությունը և ե՞րբ. սրանք հարցադրումներ են որ հնչում են ամեն օր:
Մեզ առաջիկայում սպասվում են շրջադարձային իրադարձություններ. իրադարձություններ, որոնք որոշելու են մեր լինել-չլինելու հարցը։ Հայաստանի ազգային ուժերը հասկանում են պահի օրհասականությունը և ունեն կամք ու պատասխանատվություն կանխելու վերահաս կապիտուլյացիան։ Մենք ձեռքներս ծալած նստած չենք: Այսօրվա հավաքը ապացույցն է: Սիրելի հայրենակիցներ, Դուք մեզ տվել եք Արցախը և Հայաստանը պաշտպանելու մանդատ, մենք դա անում ենք, կամքի և վճռականության պակաս չունենք, բայց վերջնական հաղթանակին հասնելու համար մեզ պետք է նաև փողոցում ու հրապարակներում հավաքված մարդկանց անհաղթահարելի ուժը։ Այդ ուժը պահովելու է ազգային իշխանության ձևավորումը։ Մենք հստակ պատկերացնում ենք, թե ինչպես պետք է արվի դա:
Մենք հիմա խնդիր ունենք անհրաժեշտ եւ բավարար պայմաններ ապահովելու և առանց ցնցումների համաժողովրդական պոռթկումով, ճիշտ պահին ազատագրելու մեր երկիրը: Սիրելի հայեր, Մեզ պետք է համահայկական զորաշարժ, մեզ պետք է մեր առաջ քաշած օրակարգին հանրային լայն և անվերապահ աջակցություն, դա աջակցություն է Հայաստանին և Արցախին, յուրաքանչյուրիս ընտանիքին։ Մենք չենք պայքարում, որ իշխանություն ունենաք, մենք պայքարում ենք, որ հայրենիք ունենանք։ Մենք չենք պայքարում, որ մեզանից մեկը վարչապետ դառնա, մենք պայքարում ենք, որ Հայաստանը լինի և առհասարակ վարչապետ ունենա: Հետևաբար մեր պայքարը նահանջ չի ճանաչում, մենք համակերպվող, հուսահատվող տեսակ չենք, գնալու ենք մինչեւ վերջ»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը