Մի քանի օրից մենք հերթական անգամ ականատես կլինենք Հայաստանի ղեկավարության մի անհաջող դրսևորման, որը պառակտում է հայ ժողովրդին՝ միաժամանակ հավակնելով համախմբել նրան։
Հայաստանի Հանրապետության Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը կազմակերպել է այն ինչ, որ ամբարտավանորեն անվանել է «Համաշխարհային հայկական գագաթնաժողով», որը տեղի կունենա Երևանում, հոկտեմբերի 28-31-ը։
Սա ևս մեկ օրինակ է Հայաստանի կառավարության անկարողության՝ պատշաճ կերպով զարգացնելու Հայաստանի ազգային շահերը: Ընդհակառակը, Հայաստանի կառավարությունը պառակտիչ ու չմտածված ծրագրերով վնաս է հասցնում հայկական շահերին։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց ի վեր նա ավելի կոշտ է արտահայտվել իր ներքին հակառակորդների դեմ, քան Հայաստանի թշնամիների՝ Ադրբեջանի և Թուրքիայի։ Նա հաճախ է խոսել սևերն ընդդեմ սպիտակների, լավ տղաներն (իր կողմնակիցները) ընդդեմ վատ տղաների (իր քաղաքական հակառակորդների) մասին: Շշմեցուցիչ էր տեսարանը, երբ Փաշինյանն իր նախընտրական ելույթների ժամանակ օդում մուրճ ճոճեց՝ սպառնալով ջարդել իր հակառակորդների գլուխները, «փռել» ասֆալտին և «ծեփել» պատերին... Նա Հայաստանի բնակչությանը հանել է Արցախի դեմ, իսկ սփյուռքահայերին՝ հեռացրել Հայաստանից։ Եվ դեռ, մեզ՝ նրա պառակտիչ գործողությունները քննադատողներիս, նրա կողմնակիցները դասախոսություն են կարդում ազգը չպառակտելու մասին...
Փաշինյանը վերացրեց Սփյուռքի նախարարությունը և 2019 թվականին այն փոխարինեց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Սինանյանով։ Դատելով Փաշինյանի բազմաթիվ այլ նշանակումներից՝ Սինանյանին նշանակելու միակ պատճառն այն էր, որ նա սատարում էր «թավշյա հեղափոխությանը»։ Կարծես թե Փաշինյանի համար կարևոր չափանիշ է ոչ թե անձի ունակությոնը, այլ՝ կույր աջակցությունը...
Վերջին երեք տարիներին Սինանյանը Հայաստանի հարկատուների հաշվին շրջել է աշխարհով մեկ՝ շատ քիչ բան անելով, բայց ավելի շատ ներքին տարակարծություններ առաջացնելով Սփյուռքում։ Հայերին միավորելու փորձի փոխարեն նա զբաղվել է հատվածական քաղաքականությամբ՝ հանդես գալով Փաշինյանի կուսակցության օգտին։ Սինանյանը կարծես թե չի հասկանում, որ աշխատավարձ է ստանում ոչ թե Փաշինյանի կուսակցության գլխավոր քարոզիչ լինելու, այլ բոլոր սփյուռքահայերի շահերը հետապնդելու համար՝ անկախ նրանց տարբեր համոզմունքներից։
Ես նախորդ խմբագրականներում ներկայացրել եմ իմ քննադատությունները Սինանյանի սխալ և կեղծ հայտարարությունների վերաբերյալ։ Նա հայտարարել է բազմաթիվ ծրագրերի մասին, որոնք մնացել են անկատար, ինչպես օրինակ Սփյուռքի տարբեր համայնքներում հատվածական ներկայացուցիչներ նշանակելու իր կասկածելի գաղափարը: Սինանյանի մեկ այլ կիսատ-պռատ գաղափարներից է արաբներին Հայաստան ներգաղթելու խրախուսումը։ Նա տեղյակ չէ, որ իր պարտականությունները բացառապես սփյուռքահայերի հետ գործ ունենալն է, ոչ թե օտարերկրյա ներգաղթյալների հետ։
Պետք չէ Սինանյանին ավելի շատ մեղադրել, քան նրան նշանակած վարչապետ Փաշինյանին։ Ցանկացած նորմալ երկրում Սինանյանի նման ապարատչիկները վաղուց արդեն հեռացված կլինեին աշխատանքից, բայց ոչ Փաշինյանի վարչակազմում, որտեղ ապաշնորհությունն ու կույր հավատարմությունը նախապայման են նշանակումների համար։
Ուստի, զարմանալի չէ, որ Սինանյանը, իր ղեկավարի օրհնությամբ, հայտարարեց «Համաշխարհային հայկական գագաթնաժողովի» մասին, որին կմասնակցեն վարչակարգի կողմնակիցները։ Զարմանալի չէ, որ Սինանյանը չի հրավիրել Սփյուռքի որոշ խոշոր կազմակերպությունների՝ միայն այն պատճառով, որ նրանք դեմ են վարչակարգին:
Ապշեցուցիչ հարվածով, Հայ առաքելական եկեղեցու երկու ղեկավարները՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն և Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը, հայտարարեցին, որ բոյկոտելու են Սինանյանի վատ կազմակերպած հատվածական «Գագաթնաժողովը»։ Գարեգին Բ-ի խոսնակն ասաց, որ «Գագաթնաժողովը կարող է նոր զգայունություններ և լարվածություն առաջացնել մեր ազգային կյանքում և արդյունավետ չի լինի»։ Հաշվի առնելով Եկեղեցու և Հայաստանի իշխանության լարված հարաբերությունները՝ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը կոպիտ կերպով հարցրեց. «Ինչո՞ւ մենք [եկեղեցին] պետք է մասնակցենք նրանց [կառավարության] PR ակցիային»։
Իսկ ավելի վատն այն է, որ, Հայաստանում հետաքննող լրագրողների «Հետք» կայքը հայտնեց, որ Հայաստանի կառավարությունը 768 հազար դոլար է վճարում «Ֆակտորի Փրոդաքշն» ՍՊԸ-ին՝ «Գագաթնաժողովը» կազմակերպելու համար: Ես կարդացի պայմանագիրը, որտեղ նշված է, որ այն ստորագրվել է 2022 թ. հոկտեմբերի 21-ին, այսինքն «Գագաթնաժողովից» ընդամենը մեկ շաբաթ առաջ։
«Գագաթնաժողովի» կազմակերպիչների անլրջության մասին է վկայում այն փաստը, որ հանդիպումների չորս օրվա ընթացքում ընդամենը մեկ ժամ է հատկացվում Արցախին, որին մասնակցելու են Արցախի կառավարության ներկայացուցիչները՝ ՀՀ ԱԳՆ և Անվտանգության խորհրդի հետ միասին։ Սա արդարացի չէ մի ճգնաժամային խնդրի նկատմամբ, որն ամենակարևորն է ողջ հայության, բայց, ցավոք, ոչ Հայաստանի կառավարության համար:
«Գագաթնաժողովին» նախատեսված է երկու «պանելային քննարկում». «Ինչպե՞ս են Սփյուռքի համայնքներն իրենց երկրներում կազմակերպում տեղական և պետական մակարդակով ներկայացվածությունը» և «Սփյուռքի ներկայացվածությունը Հայաստանի Հանրապետության կառավարման համակարգում. հնարավոր մոդելներ»: Այս երկու թեմաներն էլ պահանջում են լուրջ քննարկումներ հայկական խոշոր կազմակերպությունների և բանիմաց անհատների մասնակցությամբ, որոնք չեն հրավիրվել։ 2019 թվականին Հայաստան կատարած իմ այցի ժամանակ վարչապետ Փաշինյանին ներկայացրել եմ Սփյուռքի հայկական խորհրդարանի ձևավորման կոնկրետ ծրագիրը, որը Փաշինյանը ոգևորությամբ ողջունեց։ Ցավոք, շատերի հետ միասին ես հրավեր չեմ ստացել՝ այս կարևոր ծրագիրը «Գագաթնաժողովին» ներկայացնելու համար։
Գոյություն ունեն նաև երեք «համաժամանակյա նիստեր»՝
1) «Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչների նշանակումը Սփյուռքի համայնքներում»,
2) «Ազգային ժողովում Սփյուռքի ներկայացուցիչներ ունենալու մոդելները» և
3) «Սփյուռքի մասնակցության մոդելները կառավարման համակարգում և գործադիր մարմնում»։
Հուսանք, որ Հայաստանի ապագա կառավարությունը, որն ավելի քիչ հակված կլինի ազգի պառակտմանը, կրկին կգումարի պատշաճ «Սփյուռք-Հայաստան-Արցախ համաժողով»՝ բոլոր հայկական կազմակերպությունների և ազդեցիկ անհատների մասնակցությամբ՝ անկախ նրանց պատկանելությունից՝ դիմակայելու Հայաստանի և Արցախի առջև ծառացած գոյաբանական մարտահրավերները։
Այն ժամանակ, երբ Հայաստանն ու Արցախը կանգնած են անդունդի եզրին, պետք չէ ինքնակործան հատվածական քաղաքականություն խաղալ և ազգն ավելի պառակտել։ Վերջերս Թուրքիայի արտգործնախարար Մավլութ Չավուշօղլուն հերթական անգամ դժգոհեց Սփյուռքի հակաադրբեջանական և հակաթուրքական ակտիվությունից։ Ամենավերջին բանը, որ պետք է հայերին՝ Հայաստանի կառավարության աջակցությունն է Ադրբեջանին ու Թուրքիային՝ թուլացնելու և չեզոքացնելու Սփյուռքը։ Զարմանալի չէ, որ «Գագաթնաժողովի» օրակարգում չտեսա՝ «Ինչպե՞ս դիմակայել Ադրբեջանի և Թուրքիայի հակահայկական գործունեությանը» թեման։
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը