25 10 2022

Արևմտյան տարբերակով փաստաթղթով պահանջում են Արցախը տալ Ադրբեջանին. Տիգրան Քոչարյան



Մոտավորապես երկու շաբաթ է անցել, ինչ ռուսական տելեգրամյան ալիքները սկսեցին հրապարակել փաստաթուղթ, որի շուրջ, ըստ աղբյուրների, տեղի են ունենում բանակցությունները: Համաձայն շրջանառվող տեղեկությունների՝ Վաշինգտոնում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ հենց այս փաստաթուղթն են բանակցել և ստացել են: Այդ նույն տեղեկություններով՝ այս փաստաթուղթը դարձել նաև Պրահայում Փաշինյան-Ալիև-Էրդողան զրույցների հիմնական թեման։

Նշենք, որ այս հրապարակված փաստաթղթի վերաբերյալ կառավարությունից մինչև այսօր որևէ հերքում չի եղել: Yerevan.Today-ի հետ զրույցում մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը նշում է, որ եթե մինչև հիմա հերքում չկա և թեման էլ փորձում են լղոզել, ապա դա նշանակում է, որ առնվազն այդ փաստաթուղթը գոյություն ունի և ամենայն հավանականությամբ նախնական այն տեքստով, որը հրապարակվել է:

«Այն, որ գոյություն ունեն որոշակի տարբերակներ սեղանի վրա, դա հաստատում է նաև Փաշինյանի ընտանեկան թերթի՝ «Հայկական ժամանակի» հավաստի աղբյուրը, որն օրինակ՝ բացահայտ ասում է, թե որն է խաղաղության պայմանագրի ռուսական տարբերակը, այլ մարդկանց միջոցով էլ առաջարկում է արևմտյան տարբերակը:

Արևմտյան տարբերակը բառացի բացահայտեց Ֆրենկ Փալոունը, «հայ ժողովրդի մեծ բարեկամ» հայկական գլխավոր լոբիստը, ով ասաց, որ Հյաստանը պետք է Արցախը հանձնի Ադրբեջանին: Եվ երբ հաղորդավարն ասաց՝ կա ռուսական տարբերակ, որտեղ Արցախի կարգավիճակը առկախում են ժամանակավոր և Արցախն Ադրբեջանի կազմում չի հայտնվում, Փալոունը հիստերիկացավ և ասաց, որ վերջ, Ռուսաստանը տարածաշրջանից դուրս է գալիս, այն այլևս չկա: Պետք է ասել, որ բավականին տհաճ էր այդ իրավիճակը»:

Տիգրան Քոչարյանը նաև ընդգծում է, որ գոնե փորձագիտական և քաղաքական շրջանակներում արդեն գիտեն, որ եվրոպական տարբերակով փաստաթղթով պահանջում են Արցախը տալ Ադրբեջանին, որպեսզի այնտեղից դուրս հանեն ռուսական խաղաղապահներին և զրոյացնեն Ռուսաստանի ներկայությունը. «Սա Արևմուտքի պահանջն է, որն առաջին անգամ հայտնել է հենց Թրամփի օգնականը՝ Բոլթոնը, ով նաև բացահայտեց, թե շարունակությունը որն է լինելու»:

Իսկ ռուսական տարբերակով փաստաթուղթը, Տիգրան Քոչարյանի խոսքով՝ շատ ավելի մեղմ է. «Ռուսաստանի տարբերակում ասվում է, որ ճանապարհները բաց են, դելիմիտացիա-դեմարկացիա արեք, իրար տարածքային ամբողջականություն ճանաչեք՝ բացի Արցախից, որովհետև Արցախի հարցը քննարկվելու է ապագայում, քանի որ ներկա պահին բանակցություններ վարել Արցախի կարգավիճակի մասով չի կարելի, որովհետև մի կողմը բացահայտ հաղթած է, մյուս կողմը՝ բացահայտ պարտված և այդ էմոցիոնալ ֆոնին սխալ է դիտարկել այս հարցը»:

Ինչ վերաբերում է հանգամանքին, որ կարծես թե Հայաստանը գնալով փոխում է իր արտաքին քաղաքականության վեկտորը, այն ամբողությամբ ուղղելով դեպի Արևմուտք, Տիգրան Քոչարյանն ասաց. «Բացի նրանից, որ թեքվում է դեպի Արևմուտք, շատ ավելի վատ բաներ են մեզ սպասվում, երբ այդ վեկտորը դառնա հակառուսական և հակաիրանական: Այսինքն կարծես թշնամանում ենք տարածաշրջանային երկու մեծ տերությունների հետ՝ հույս դնելով այլ տարածաշրջանային երկրների վրա: Եվ հիմա մարդկանց խաբում են, որ այստեղ կգա ԱՄՆ-ն, Անգլիան, Ֆրանսիան, այստեղ կգա Թուրքիան: Թուրքիայի միջոցով Արևմուտքը ղեկավարելու է նաև Հայաստանը: Իսկ մեզ սպասվում է աջարացում, և եթե Իրանը և Ռուսաստանը չհամաձայնեն այսպիսի տարբերակների, շատ հավանական է, որ սպասվում է սիրիացում, հատկապես Սյունիքում, որովհետև Սյունիքը Պարսկաստանի համար կարմիր գիծ է»:

Ինչ վերաբերում է Փաշինյան-Պուտին-Ալիև նախատեսվող հանդիպմանը, որը կայանալու է Ռուսաստանում, Տիգրան Քոչարյանն ընդգծում է.

«Շատ մեծ վերապահում ունեմ այդ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանի վարքագծի մասով: Բայց ես ուղղակի արցախահայությանն եմ ուզում դիմել, նաև այստեղի Արցախի դարդով մտածող մարդկանց, սա Արցախը փրկելու վերջին շանսն է: Եթե այնտեղ Ալիևն ու Փաշինյանը խուսափեն որևէ պայամանվորվածության գալ՝ եռակողմ խաղաղության պայմանագրի հիմքերի շուրջ, մի քանի օր հետո վազելու են Բրյուսել և ստորագրեն շրջանաառվող թուղթը, որով Փաշինյանը կհանձնի Արցախն Ադրբեջանին: Հիմա մենք պետք է մաքսիմալն անենք, որպեսզի խուսափենք այս ամենից: Մենք բավականին բարդ դրության առաջ ենք կանգնած, բայց եթե Սոչիում (որքան հասկանում եմ այնտեղ է լինելու հանդիպումը) հիմնավոր երաշխիքներով խաղաղության համաձայնագրի մասով Հայաստանն ու Ադրբեջանը Ռուսաստանի հետ չպայմանավորվեն, Հայաստանն Արցախը ճանաչելու է Ադրբեջանի կազմում»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ