24 10 2022

Քննիչների, դատավորների, դատախազների և ոստիկանների աշխատավարձը բարձրացնում ենք հենց ժողովրդի համար. Փաշինյան

Քննիչների, դատավորների, դատախազների և ոստիկանների աշխատավարձը բարձրացնում ենք հենց ժողովրդի համար. Փաշինյան

Կոռուպցիան մի երևույթ է, որի կողմից երկրի անցյալին և ապագային հասցված վնասը շատ կոնկրետ բովանդակություն ունի. Այդ բովանդակությունը մեծ մասամբ պարզաբանված է, բայց նաև շատ կոնկրետ թվաբանություն ունի: Այս մասին Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի օրվան և կառույցի կազմավորման առաջին տարեդարձին նվիրված միջոցառմանը իր ելույթում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Այդ թվաբանությունը պետք է պարզաբանվի, այսինքն՝ մենք պետք է այդ թիվը կոնկրետ ունենանք, ամեն տարի ունենանք և նաև հանրագումարում ունենանք, և այդ թիվը պետք է երևա ՀՀ պետական բյուջեի եկամուտների մեջ: Եվ այն մանկապարտեզները, որոնք չեն կառուցվել կոռուպցիայի պատճառով, պիտի կառուցվեն այդ թվում հակակոռուպցիոն քաղաքականության արդյունքում վերականգնված գումարից, դպրոցները, զինվորի աշխատավարձը, որն այդպես էլ մնացել է անհասկանալի, մնացած ամեն ինչը՝ ճանապարհները, ենթակառուցվածքները, անվտանգությունը և այդպես շարունակ:

Եվ, իմիջիայլոց, հակակոռուպցիոն պայքարի առումով ես չափազանց  կարևորում եմ այդ գործով զբաղվող մարդկանց սոցիալական երաշխիքների համակարգը: Մենք նաև դա անընդհատ քննարկում և խոսում ենք, և կրկին եմ ասում՝ շատ կարևոր է և ուրախ եմ, որ, ի վերջո, հանրությունն այս ուղերձն ընկալել է: Որովհետև ամեն անգամ, երբ հարց է ծագում, որ պետք է քննիչների, դատավորների, դատախազների, ոստիկանների աշխատավարձը բարձրացնել, առաջին ռեակցիան այն է լինում, որ այս երկրում այսքան սոցիալական պրոբլեմ կա, դուք էլի «էլիտայի», այսպես ասած, աշխատավարձն եք բարձրացնում և սոցիալական երաշխիքներ ստեղծում:

Բայց իրականում մենք դա անում ենք ոչ թե այդ մարդկանց համար, ովքեր աշխատավարձ են ստանում, այլ ժողովրդի, հանրության համար, որովհետև այդ մարդիկ ժողովրդի շահերը պիտի պաշտպանեն: Այստեղ էլ կոռուպցիայի կանխարգելման շատ կարևոր նպատակ կա, որ քննիչը, իր աշխատասենյակից դուրս գալով և փողոցում քայլելով, պետք է մարդկանց աչքերին ուղիղ նայելու բարոյական իրավունքը չկորցնի: Բայց մենք նաև նրա թիկունքը պետք է ապահովենք, որպեսզի այդ երևույթներն ավելի զորեղ չգտնվեն, քան այն առաքելությունը, որ հանրությունը, պետությունը, օրենսդրությունը դնում է նրանց առաջ:

 

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ