17 10 2022

Էրիկ Ալեքսանյանի մեղադրանքը կաշառքի հետ կապ չունի. փաստաբան. News.am

Էրիկ Ալեքսանյանի մեղադրանքը կաշառքի հետ կապ չունի. փաստաբան. News.am

Փաստաբան Էրիկ Ալեքսանյանի մեղադրանքը կաշառքի հետ կապ չունի։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ալեքսանյանի գործընկեր, փաստաբան Ժիրայր Ղարագյոզյանը։

«Մեղադրանքը վերաբերում է պաշտոնատար անձի պաշտոնեական լիազորությունների կապակցությամբ օժանդակությանը։ Կաշառք վերցնելու մասին տվյալ վարույթում չկա։ Դա հերյուրանք է, այն, ինչին որ հասցրել ենք ծանոթանալ, կաշառքի մասին խոսք առհասարակ չկա։ Այդ տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում»,- ասաց Ժիրայր Ղարագյոզյանը։

Ալեքսանյանի գործընկերը պատմեց, որ Ալեքսանյանին իրավապահները բերման են ենթարկել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրի շենքի բակից՝ բիրտ ուժ կիրառելով. «Սա փաստաբանին լռեցնելու միջոց է։ Նրա գործունեությունն է խոչընդոտվում, սա ոչ այլ ինչ է՝ քան քաղաքական պատվեր։ Ալեքսանյանին բերման են ենթարկել այս իշխանությունների բնորոշ եղանակով, այսինքն՝ ասֆալտին պառկեցնելով եւ այլն»։

Փաստաբանը վստահեցրեց, որ Ալեքսանյանն անօրինական որեւէ գործողություն չի կատարել. «Գաղտնիք չէ, որ ես ու Էրիկ Ալեքսանյանը միասին ենք գործունեություն ծավալում։ Ես ձեզ վստահեցնում եմ, որ այս տարիների աշխատանքի արդյունքում չկա որեւէ մի բան, որը անօրինական տեղի ունեցած լինի։ Այն անձինք, որոնք ներքաշված են այս կազմակերպված անօրինականությանը, անպայման պատասխանատվության են ենթարկվելու»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ այս քրեական վարույթով անցնում է նաեւ դատավոր Արուսյակ Ալեքսանյանը։ Նրան անձեռնմխելիությունից զրկելու մասին միջնորդություն է ներկայացվել ԲԴԽ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ