«Եկել ենք այստեղ՝ անկեղծ քննարկումների համար, դուք գիտեք, որ շատ յուրահատուկ իրավիճակում ենք գտնվում, առերեսվում ենք իսկապես գոյաբանական մարտահրավերների: Շատ կարևոր է, որ հիմա մի շարք հարցերի պատասխան ստանանք, ներկայացնենք մեր տեսակետը, նաև տեղեկանանք տարբեր գործընթացների մասին՝ լինի դա բանակցային գործընթաց, լինի խորհրդարանական դիվանագիտություն կամ տարբեր երկկողմ հարաբերությունների հետ առնչվող հարցեր»,-այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ունեցած զրույցի ժանանակ ասաց Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը։
Անդրադառնալով տեսակետին, որ երբ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, դա առնչվում է նաև Արցախին, արդյո՞ք այդ հարցի վերաբերյալ պարզաբանումներ եղան, Դավիթ Բաբայանն ասաց. « Մենք դեմ չենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը իրենց հարաբերությունները բարելավեն, սակայն պետք է հասկանանք, որ Արցախի և ողջ հայության համար անընդունելի է Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս: Այս երկու հանդիպմանը ասվեց, որ ոչ մեկը չի պատրաստվում Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս: Հիմա պետք է շատ ճկուն քաղաքականություն վարենք: Մենք մեր կարծիքը հայտնել ենք. ցանկացած փորձ Արցախը խցկելու Ադրբեջանի կազմ, բերելու է երկու տարբերակի՝ կամ պատերազմի, արյունահեղության, ցեղասպանության, կամ Արցախի հայաթափման: Սա մեսիջ է ամբողջ աշխարհին: Մենք հիմա դիմում ենք ժողովրդավարական երկրներին: Պրահայում ժողովրդավարության բաիստիոն կոչեցյալներ կան. ասում ենք, եթե ժողովրդավարական հանրությունն է ներգրավվում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության կարգավորման մեջ, մեր դիրքորոշումը շատ պարզ է. եթե այդ ժողովրդավարական աշխարհը մեզ դիտում է որպես Ադրբեջանի մաս, սա կլինի խարան իրենց վրա դաջված, որովհետեւ Արցախի ցեղասպանությունը կլինի նաև այդ քաղաքականության արդյունք»,-ասաց Դավիթ Բաբայանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը