Zham.am-ը գրում է․ Ինչպես հայտնի է, Նիկոլ Փաշինյանը թաքնվելով սեփական թերթի «հավաստի աքղբյուրի» հետևում, հրապարակեց, թե ինչ է ուզում Հայաստանից և Արցախից Ադրբեջանը: Ըստ Փաշինյանի, Ադրբեջանի ախորժակները անսպառ են, նա ցանկանում է ոչ միայն Արցախը, այլև Զանգեզուրը, Սևանը և նույնիսկ Երևանը:
Հետո նույն Փաշինյանը, թաքնվելով նույն կեղծանունի տակ, հրապարակեց, թե ի՞նչ է ուզում Ռուսաստանը:
Պարզվեց, որ Մոսկվան ցանկանում է անորոշ թողնել Արցախի կարգավիճակը, ցանկանում է վերահսկել Հայաստանի՝ Զանգեզուրի տարածքով անցնող ճանապարհը դեպի Նախիջևան, և վերջապես ցանկանում է Հայաստանին միացնել Ռուսաստան-Բելառուս դաշինքին:
Այդ հրապարակումից մեկ ժամ չանցած, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը հերքեց Փաշինյանի այդ «տեղեկությունը», նշելով, որ Մոսկվան նպատակ չունի Հայաստանը միացնել այդ դաշինքին:
Պեսկովին ոչ Փաշինյանը, ոչ էլ իր «հավաստի աղբյուրը» չի հերքում, ինչը հաստատում է, որ Փաշինյանը իր թերթում ստել էր այն մասին, որ Մոսկվան ցանկանում է միացնել Հայաստանը ռուս-բելառուսական դաշինքին:
Բայց ամենահետաքրքիրն այն է, որ Փաշինյանի «հավաստի աղբյուրը» չի նշում, թե ինչ է առաջարկում Արևմուտքը: Կամ Արևմուտքը դեռ չի կողմնորոշվել այս հարցում, կամ էլ նա ունի առաջարկ, սակայն Փաշինյանի «հավաստի աղբյուրը» չի ցանկանում հրապարակել այն:
Սակայն տեսակետ չունեցող Արևմուտքը չէր ցանկանա այդ համառությամբ նպաստել հայ-ադրբեջանական երկխոսությանը: Ինչը նշանակում է, որ Արևմուտքը ունի իր տարբերակը և դրա մասին տեղյակ է նաև Փաշինյանի «հավաստի աղբյուրը»:
Այդ դեպքում ստացվում է շատ անհարմար բան: Փաշինյանը նշում է, թե ինչ են իրեն առաջարկում Ադրբեջանն ու Ռուսաստանը, սակայն խուսափում է նշել, թե ինչ է իրեն առաջարկում Արևմուտքը:
Միգուցե վերջինս մեզ ավելի լավ առաջարկ է անու՞մ, այդ դեպքում ինչու՞ է լռում Փաշինյանի թերթի «հավաստի աղբյուրը»:
Կարծում ենք, որ ամեն ինչ ակնհայտ է, Փաշինյանը հասկացել է, որ իր էժանագին խաղերը գերտերությունների հետ մոտենում են ավարտին: Բոլոր կողմերն էլ հասկացել են, որ գործ ունեն անկանխատեսելի և ոչ հավասարակշռված մարդու հետ, որ երկրի կառավարումը շփոթում է լրագրողական էժանագին և աննպատակ ինտրիգներ կազմակերպելու հետ:
Սակայն Փաշինյանի պարագայում, նրա որոշման վրա ազդում է ևս մի գործոն: Նրա անփառունակ կառավարման արդյունքում Հայաստանը ստացավ պարտված պատերազմ, վտանգի տակ դրվեց ոչ միայն Արցախի կարգավիճակը, այլև այնտեղ ապրող հայերի անվտանգության ապագան:
Ավելին, կասկածի տակ է դրված նույնիսկ Հայաստանի պետականության ապագան: Այս պայմաններում, Փաշինյանին չի կարող չհուզել նրա անձնական անվտանգ ապագայի հարցը: Եվ այս պարագայում, նրա որոշման մեջ առաջնային դեր է կատարելու, ոչ թե երկրի, այլ իր հեռանկարի հարցը: Իսկ նրա «վստահելի աղբյուրի» տեղեկատվական արտահոսքի տրամաբանությունը հուշում է, թե ինչ վերջնական որոշում է նա կայացրել: Բայց քաջ գիտակցելով, թե ինչ արհավիրքի մեջ է գցելու այդ որոշմամբ Հայաստանը, դեռ վախենում է այդ քայլը կատարել:
Սա է իրականությունը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը