Ցանկանում եմ հայտնել, որ այսօր որոշել եմ դադարեցնել Բարձրագույն դատական խորհրդի անդամի լիազորություններս, ինչի համար համապատասխան դիմումը արդեն ներկայացրել եմ Խորհրդին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանը:
Նա նաեւ նշել է. «Պատճառները, կարծում եմ, խորքային են և ինստիտուցիոնալ։ Համաձայն չլինելով վերջին ամիսներին Խորհրդի շուրջ ծավալվող իրադարձությունների հետ՝ փորձել եմ իմ լիազորությունների և հնարավորությունների շրջանակներում ամեն կերպ բացառել կամ կանխել Խորհրդի ու դատական իշխանության անկախությունը վնասող տարբեր գործընթացները։ Որպես խորհրդի անդամ կաշկանդված լինելով օրենքով նախատեսված սահմանափակումներով՝ չեմ կարողացել հրապարակայնացնել այն մտահոգություններս, որոնք առաջացել են Խորհրդի շուրջ ծավալվող իրադարձություններից, սակայն միևնույն ժամանակ, որպես Խորհդի անդամ՝ ամեն ինչ արել եմ կանխելու կամ մեղմացնելու այն գործընթացները, որոնք կարող էին բացասաբար անդրադառնալ Խորհրդի գործունեության վրա։ Ինչ-որ տեղ հաջողել եմ, ինչ-որ տեղ՝ ոչ։ Իմ մտահոգությունների մասին հայտնել եմ գործընկերներիս, պատկան մարմիններին։ Նույնիսկ վերջին շրջանի հարցազրույցներիս ժամանակ բարակ կարմիր թելով ցույց եմ տվել մտահոգություններս, քանի որ մշտապես ունեցել եմ մեկ սկզբունք՝ չստել, դեմագոգիայով չզբաղվել, այլ ասել այն, ինչ զգում եմ, տեսնում եմ, կամ այն, ինչ մտահոգում է։ Ինձ միշտ հույս է տվել նաև այն հանգամանքը, որ Խորհուրդը կոլեգիալ մարմին է, և մեկ կամ երկու անդամը չեն կարող որոշիչ ձայն ունենալ և բոլոր դեպքերում պարտադրել իրենց համար ցանկալի որոշումները։
Ցավոք, վերջին մեկ շաբաթվա գործընթացները, ներառյալ այսօրը, ինձ համար հիմնովին ապացուցեցին, որ Բարձրագույն դատական խորհրդի անկախության մասին իմ և Խորհրդի անդամների մեծամասնության պատկերացումները իրար չեն համապատասխանում։ Վերլուծելով վերջին մի քանի ամսվա իրադարձությունները, նաև վերջին մեկ շաբաթվա գործընթացները՝ համոզվեցի, որ Բարձրագույն դատական խորհուրդը այլևս այն խորհուրդը չէ, որը նախատեսված է Սահմանադրությամբ և Դատական օրենսգրքով։ Իհարկե, ես կարող էի մնալ և շարունակել պայքարը Խորհրդի և դատական իշխանության անկախության համար, բայց գործընկերներիս մեծամասնության իներտությունը և նրանց կողմից աջակցության բացակայությունը ինձ հուշում են, որ ես այլևս Խորհրդում անելիք չունեմ։ Խորհրդի անդամի երդումը հնարավորություն չի տալու ազատորեն բարձրաձայնել առկա խնդիրների մասին, ուստի իմ պարտքը համարելով մշտապես պայքարել դատական իշխանության անկախության համար՝ ես որոշեցի դա անել Խորհրդից դուրս, ինչը ինձ ավելի շատ ազատություն կտա և, գուցե, ավելի մեծ հնարավորություն՝ կանխելու այն բացասական գործընթացները, որոնք տեղի են ունենում դատական իշխանությունում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը