30 09 2022

Էրդողանի հետ հանդիպումը բացառված չէ․ Նիկոլ Փաշինյան

Էրդողանի հետ հանդիպումը բացառված չէ․ Նիկոլ Փաշինյան

Այս պահի դրությամբ Պրահայում իմ եւ Թուրքիայի նախագահ Էրդողանի միջեւ հնարավոր հանդիպումը ո՛չ հաստատված է, ոչ էլ բացառված։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 30-ին, Հանրային հեռուստաընկերության տված հարցազրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ե՛վ մեր, ե՛ւ թուրքական կողմը չենք բացառել իմ եւ Էրդողանի հանդիպումը։ Չբացառել նման հանդիպումը դեռեւս չի նշանակում, որ հանդիպումը կկայանա, բայց չի էլ նշանակում, որ չի կայանա։ Կախված է մի քանի հանգամանքներից։ Կա ԵՄ-ի կողմից կազմակերպված միջոցառում, որտեղ հրավիրված ենք ե՛ւ Թուրքիան, ե՛ւ մենք։ Ե՛վ մենք, ե՛ւ իրենք պետք է որոշենք այդ գագաթաժողովին մասնակցելու վերաբերյալ կամ մասնակցության ձեւաչափի վերաբերյալ, եւ մասնակցելու դեպքում հանդիպումը կկայանա, թե՝ ոչ, այլ խնդիր է։ Ես Պրահա մեկնելու որոշում ունեմ, պատրաստվում եմ մասնակցել գագաթաժողովին, իսկ հանդիպումն այս պահին կարող եմ ասել, որ բացառված չէ։ Բայց չեմ էլ կարող ասել, որ հաստատված է»,- ասաց Փաշինյանը։

Փաշինյանի խոսքով՝ հնարավոր հանդիպման օրակարգում կլինեն սահմանների բացում, հարաբերությունների կարգավորման հարցերը։

Կքննարկվի՞ Արցախի հարցը, Փաշինյանը պատասխանեց․ «Երբ որ տարածաշրջանային անվտանգության հարցեր քննարկվեն, շատ հարցեր կքննարկվեն։ Դա կախված է նաեւ մեր զրույցից։ Դա մեր առաջին հանդիպումն է լինելու, եւ հարցերը կախված են այն բանից, թե ինչպես կգնա հանդիպումը»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ