21 09 2022

Ես վերահաստատում եմ՝ երբեք չեմ լքի խրամատը, որը պաշտպանում է հայկական պետականությունը. Սերժ Սարգսյան

Ես վերահաստատում եմ՝ երբեք չեմ լքի խրամատը, որը պաշտպանում է հայկական պետականությունը. Սերժ Սարգսյան

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ուղերձ է հղել Անկախության օրվա առթիվ.

«Անկախությանը 1991 թվականի այս օրը աներկբա «ԱՅՈ» ասած հայ ժողովրդի միասնական կամքը անցած ավելի քան երեսուն տարիներին բազում և ծանր փորձությունների ենթարկվեց:
Ամենածանր փորձությունը, սակայն, մեր ժողովրդի համար արտաքին թշնամու դեմ պայքարը չէր, որտեղ նա փառահեղ հաղթանակներ է կերտել:

Կյանքը ցույց տվեց, որ, ցավոք, ամենամեծ փորձությունը, որը փորձանք դարձավ հայ ժողովրդի գլխին, հանդուրժելն է սուտ խոստումներով իշխանությունը զավթած կապիտուլյանտ կառավարիչներին, որոնք անխնա մսխում են անկախ պետականության կերտման ու ամրապնդման ճանապարհին ունեցած բոլոր ձեռքբերումները և լրջագույն վտանգի տակ են դրել մեր պետության ու ժողովրդի ապագան:

Այլևս ժամանակը չէ բարձրագոչ խոսքերի. կա՛մ մեր ժողովուրդը իր ազատ և անկախ ապրելու միասնական կամքը վերստին կարտահայտի՝ դուրս գալով կործանարար թմբիրից և ձերբազատվելով ապազգային, վախկոտ, ձախողված իշխանություններից, կա՛մ հարվածի տակ կդնի ոչ միայն պետականությունը, այլև հազարամյա իր հողի վրա սեփական գոյությունն առհասարակ:
Այսօր, առավել քան երբևէ, անկախությունը իր նվիրյալ զավակների պաշտպանության կարիքն ունի:

Մեր ժողովրդի համար այս ծանր պահին ես վերահաստատում եմ՝ երբեք չեմ լքի խրամատը, որը պաշտպանում է հայկական պետականությունը:

Աստված պահապան Հայաստանին և հայ ժողովրդին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ