168.am-ը գրում է․ Քիչ առաջ Հայաստան ժամանեց ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին։ Հայաստանյան բավականին հայտնի ակտիվիստական, քաղաքական շրջանակներ այս այցը համարեցին դարակազմիկ ու առանձնակի հուզմունքով էին սպասում այս այցին։
Ներկայացուցիչների պալատի խոսնակը այցի կապակցությամբ նշել էր, որ ուրախ են այցելել Երևան 2019 թվականին Հայոց ցեղասպանությունը ճանաչող պատմական բանաձևի ընդունումից և առաջին անգամ ԱՄՆ նախագահի կողմից Ցեղասպանության ճանաչումից հետո. «Բոլորի բարոյական պատասխանատվությունն է՝ երբեք չմոռանալ․ պարտավորություն, որը հատկապես մեծ հրատապություն է ձեռք բերել, քանի որ կոտորածներ են իրականացվում ողջ աշխարհում, այդ թվում և Ռուսաստանի կողմից Ուկրաինայում»։
Նենսի Փելոսին ասել էր.
«Կոնգրեսի մեր պատվիրակության այցը Հայաստան հզոր խորհրդանիշն է Միացյալ Նահանգների հաստատակամ վճռականության՝ ունենալ խաղաղ, բարեկեցիկ և ժողովրդավար Հայաստան և կայուն ու խաղաղ կովկասյան տարածաշրջան։ Կառավարության առաջնորդների, քաղաքացիական հասարակության և անվտանգային մարմինների անդամների հետ աշխատանքային հանդիպումների ժամանակ մենք կհայտնենք ԱՄՆ-ի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ և Հայաստանի երկար տարիների բարեկամ, ուժեղ և շարունակվող աջակցությունը Լեռնային Ղարաբաղում հակամարտության տևական կարգավորմանը»։
Հայաստանում կարծիքներ կային, որ Փելոսիի համար Հայաստան այցը աշխարհաքաղաքական գլոբալ պայքարի դրվագներից մեկն է ընդամենը` դեմոկրատական ճառերի ներքո Հայաստանն աշխարհաքաղաքական խարդավանքների մեջ ներքաշելու բացահայտ փորձ։
Միջազգայնագետ, Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Սուրեն Սարգսյանը հիշեցրել էր, որ ամերիկյան մամուլում տեղեկություններ կան, որ Փելոսին իր այս այցով օգնելու է իր կուսակցությանը հաղթել նոյեմբերին, հետո անցնել այլ աշխատանքի (դեսպան նշանակվել):
«Իհարկե, նոյեմբերին ԱՄՆ-ում ընտրություններ են, դեմոկրատներին պետք են հայկական ձայներ: Սակայն, պետք է հաշվի առնել, որ Փելոսին հայերի լավագույն բարեկամներից է Կոնգրեսում և Հայաստան գալը նաև անձնական մոտիվ ունի (մանավանդ հնարավոր պաշտոնաթողությունից առաջ)»,-գրել էր նա:
Կային նաև կարծիքներ որ Նենսի Փելոսիի այցը աշխարհաքաղաքական իմաստ ունի` իր բոլոր ածանցյալ նպատակադրումներով հանդերձ։
Ի ապացույց այս թեզի` Հայաստան ժամանած Փելոսիի կրծքին նկատվել էր Ուկրաինայի դրոշը։ Բնականաբար, պատահական չէ, որ Հայաստան ժամանած ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյան իր կրծքին ամրացրել է ներկայումս Ռուսաստանի հետ ծանր պատերազմի մեջ գտնվող Ուկրաինայի դրոշը։
Ներկայացուցիչների պալատի խոսնակի արտաքին ներկայացուցչական տեսքը բավական թափանցիկ աշխարհաքաղաքական մեսիջ է իր մեջ պարունակում։
Այսինքն` Նենսի Փելոսին Հայաստան է եկել` ի աջակցություն հայ ժողովրդի դեմոկրատական արժեքների, կրծքին որպես խորհրդանիշ՝ Ուկրաինայի դրոշն ամրացրած։ Իհարկե, սա փորձագիտական շրջանակների համար կանխատեսելի էր, բայց այսքան բացահայտ ակնարկ երևի թե ոչ ոք չէր սպասում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը