17 09 2022

Հայաստանի անվտանգությունն այսօր մեկ նախապայման ունի․ ձեր հեռանալը․ Լիլիթ Գալստյան՝ ՔՊ-ականներին

Հայաստանի  անվտանգությունն այսօր մեկ նախապայման ունի․ ձեր հեռանալը․ Լիլիթ Գալստյան՝ ՔՊ-ականներին

Լիլիթ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Խաղաղության ճարտարապետներից Ալեն Սիմոնյանն՝ ի պատասխան Պետրոսի այն հարցի, թե ի՞նչ է ուզում Ադրբեջանը, պատասխանում է․ «Նրանք/հավանաբար Թուրքիային էլ նկատի ունի/ ուզում են, որ Հայաստանը չլինի, հայերը չլինեն․․․»։
Դժվար թե այս գիտակցում-գնահատականը վերջին չորս օրերի եզրակացություն է․ Բա այդ դեպքում ինչո՞ւ էիք խաղաղություն մուրում, շարունակ մուրում, խաղաղության դարաշրջան կառուցում ու մեր ազգային շահերի հաշվին իջեցնում «նշաձողը»։
Ինչո՞ւ․․․Եվ շատ ավելի վատ, եթե այդքան սնանկ են եղել իշխանության անվտանգային ընկալումներն ու սպառնալիքների գնահատումը։
Լավ, եթե նույնիսկ նոր եք հասկացել, որ Թուրքիան ու Ադրբեջանն ուզում են, որ Հայաստանը չլինի, ապա հենց այս պահին, երբ պաշտոնական տվյալներով «հակառակորդը մխրճվել է Հայաստանի ինքնիշխան տարածք 8,5 կիլոմետր լայնությամբ ճակատով՝ մինչև 7,5 կիլոմետր խորությամբ», ապա ինչո՞ւ ռազմական դրություն չեք հայտարարում։
Աաաա՜, պարզվում է թշնամին կարող է այն ագրեսիայի քայլ դիտարկվել․․․ Մեզ քառատում են, մեր 18 տարեկան, կյանք չտեսած երեխեքին կյանքից զրկում, մենք, ավելի ճիշտ՝ դուք, անհանգստանում եք, որ հանկարծ ագրեսոր չընկալվեք։
Իսկ գուցե խոստովանե՞ք, որ այնպես եք ջլատել երկիրը, քայքայել բանակն ու հասարակությունը, որ ո՜չ կարողություն ունեք, ոչ էլ՝ ռեսուրս կազմակերպելու երկրի պաշտպանությունը։ Գուցե խոստովանեք, որ «խաղաղության» ձեր դիսկուրսն իրականում պետության ինքնասպանությունն էր․․․
Ո՞վ բերեց այս քաոսը, ո՞վ է այս անճարակության պատասխանատուն, ո՞վ քայքայեց պետական ինստիտուտներն ու պառակտեց հասարակությունը․․․
Նիկոլի հանգույն, Ալեն Սիմոնյանն էլ է համոզված, թե ընդդիմությունը ուղղորդվում է դրսից, թե գործակալների ցանց կա և այլն։ Բա սատանաներ որսալու փոխարեն գուցե հենց այդ գործակալներին բացահայտելու առաջադրանք տրվե՞ր ԱԱԾ-ին, թե չէ դատարկախոսություն է ձեր կառավարման չորրորդ տարում հայտարարել, որ դեռ նախկիններն են մեղավոր, որ պատերազմը նախկիններից ենք ժառանգել»։
Այո, անցյալում շատ սխալներ են եղել, բայց դրանք խմբագրելի էին, դրանք պետություն կորցնելու գին չունեին։ Իսկ թշնամու հարձակումներն էլ նախկինում արժանի պատասխան են ստացել, և երբեք, երբեք Հայաստանը չի հայտնվել խաղաղության մուրացկանի նվաստ կարգավիճակում, պետականության ոչնչացման և ցեղասպանվելու եզրին։
Անցյալի, նախկինների ամենամեծ ժառանգությունը մեզ և ձեզ՝ Արցախն էր։ Այն Արցախը, որից բացահայտորեն հրաժարվում եք, հանցավոր տգիտությամբ չհասկանալով կամ չուզենալով հասկանալ, որ Արցախ-Հայաստանը մեկ անվտանգային համակարգ էր։ Որ Արցախը տալով հիմա հերթի մեջ Հայաստանն է։
Ակնհայտ է, Արցախից ձեր ձեռքերը լվացել եք՝ պատասխանատվությունը գցելով ռուս խաղաղապահների վրա, այն ռուսների վրա, որոնց դեմ աներևակայելի հակաքարոզչություն եք գեներացնում։
«Մենք էդ ռեսուրսը չունենք․․․փոքր, 3մլն երկիր ենք», ասում է ԱԺ խոսնակն ու հակասում իրեն՝ ասելով, որ Ռուսաստանից, Բրյուսելից կամ Վաշինգտոնից «դաբրո» չի սպասում։ «Մեր դոբրոն մեր ժողովուրդն է»։
Գուցեև ունեցել եք այդ «դաբռոն» չորս տարի առաջ։ Ունեցել եք, մոլորվածներն էլ հավատացել են․ համերաշխություն ու սեր էիք խոստանում, Արցախն Հայաստան էիք հռչակում, հավասարություն ու ժողովրդավարություն․․․։ Բայց դուք աղետ ու պատերազմ, մահ ու քաոս բերեցիք։ Մի՞թե պարզ չի, որ դուք չեք կարողանում, չեք կարողանում ազգային ու պետական շահ պաշտպանել, դուք սպառել եք դիվանագիտական և ռազմավարական բոլոր հնարավորությունները։ Տապալել եք ամեն բան, ինչին մոտեցել եք։ Հայաստանը հայտնվել է աշխարհաքաղաքական զոհասեղանին, ու ձեր սնանկությունն այնքան ակնհայտ է, Հայաստանն այնքան մեկուսացած, բացակա, անպաշտպան․․․
Երկու օր առաջ և անցնող ամիսներին հազարավորներ մայրաքաղաքի փողոցներում ձեր հրաժարականն էին պահանջում։ Նրանց մեջ նաև ձեզ «դաբռո» տված խաբվածներ, արթնացած քաղաքացիներ, իրական սպառնալիքները գիտակցողներ։ Ու սա իշխանության համար պայքար չէ, սա պետականություն պահելու ու չցեղասպանվելու բնական պահանջ է։
Ու չփորձեք մանիպուլացնել, թե ժողովրդի ընդվզումը սահմանին կանգնած տղեքին մեջքից հարված է։
Այսօր մեր սահմանը նաև հրապարակով ու Բաղրամյանով է անցնում․․․
Սահմանին կանգնած տղեքին հարվածել եք դուք, հենց դուք, երբ ժամանակին Սյունիքից զորքը հետ քաշվելու հրաման եք տվել, երբ մեր թիկունքում հող ու ճանապարհ եք նվիրել թշնամուն, երբ գիտակցաբար նվաստացրել եք մեր հաղթանակներն ու հաղթողներին, քայքայել եք բանակի մարտունակությունն ու ձեր ստահակները սահմանին կանգնելը պատիժ են համարել, իսկ զորահավաքը ընդդիմադիրներին պատժելու միջոց։ Երբ ձեր վարձկան թիմակիցները մեր պատմության դասագրքերում թուրքի եղբայրական կերպար են քարոզում, իսկ Ադրբեջանում՝ Էրիվանի պահանջատիրություն․․․
Պառակտված հասարակությունը չի կարող սահմանին կանգնած զինվորի համար լավ թիկունք լինել։
Մեր ՄԵԾ ՀԱՂԹԱՆԱԿԸ ՝ ԱՐՑԱԽԸ տանուլ տված գերագույն հրամանատարը չի կարող խաղաղության բանակցող լինել, ոչ էլ՝ երկրի անվտանգության երաշխավոր։
Բավական է կառչել բացակա ժողովրդավարությունից, Հայաստանում գոյություն չունեցող ժողովրդավարությունից։ Ու վերջապես, եթե անգամ այն կա, գրոշ չարժի, եթե այն իմ պետականության կորստի գինն ունեցավ։
Հայաստանի անվտանգությունն այսօր մեկ գին ու նախապայման ունի, դա ձեր հեռանալն է։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ