09 09 2022

Ինչու գործը տեղից չի շարժվում. Վահե Հովհաննիսյան

Ինչու գործը տեղից չի շարժվում. Վահե Հովհաննիսյան

Հրապարակը բեկման ակնկալիքով նայում է հարթակին, հարթակը՝ շատանալու ակնկալիքով, հրապարակին։ Բոլոր գիտակից մարդիկ անհուսությունից խելագարվում են, մի քանի հարյուր հազար մտահոգ մարդ սպասում է փոփոխության՝ նայելով հարթակին ու հրապարակին, շատ ավելի մեծ զանգված հասկանում է, որ սա ապրելու ձև չէ, բայց չգիտի, թե ինչ է ուզում, պատրաստ չէ քայլի։ Այս մասին իր հոդվածում գրել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» փորձագետ Վահե Հովհաննիսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Բայց վերջնարդյունքում գործը տեղից չի շարժվում, իսկ երկիրը համակարգային փլուզման մեջ է։ Ինչու՞։

Հայտնի ծուղակում ենք. երկար տարիներ պատրաստվում էինք «նախորդ պատերազմին» ու պարտվեցինք, կա խոր մտահոգություն, որ մենք այժմ պատրաստվում ենք նախորդ խաղաղությանը, որն էլի կբերի պարտության։

Եվ կա լայն հանրության մոտ տպավորություն, թե, մերժելով ներկան, պատրաստվում ենք նախորդ իշխանությանը։ Որպեսզի հաջողություն լինի՝ մենք պետք է պատրաստվենք ու խնդիր դնենք՝ հասնել հաջորդ իշխանությանը։ Իսկ «հաջորդ իշխանություն» առաջին հերթին նշանակում է նոր բովանդակություն՝ նոր ասելիք, նոր ձևակերպումներ, նոր գաղափարներ, նոր մարդիկ։

Չափազանց շատ բան է փոխվել. հին պատկերացումներով ու հին ձևակերպումներով հնարավոր չի լինելու համախմբել մարդկանց՝ ներսում, հնարավոր չի լինելու ընկալվել դրսում՝ հարևանների ու պոտենցիալ դաշնակիցների կողմից, հնարավոր չի լինելու պետություն պահել։

Քաղաքական միտքը և պետական մտածողությունը պետք է լուծեն այս խնդիրը. ընկալել փոփոխությունների իրական ծավալը, և վերանայել մեր պատկերացումները՝ այդ բոլոր փոփոխությունները հաշվի առնելով։ Հակառակ դեպքում գործը տեղից չի շարժվի։

Փոխվել է Ղարաբաղի հարցը, փոխվել է Հարավային Կովկասը, հետևաբար՝ հայ-թուրքական հարաբերությունների բովանդակությունը, հայ-ռուսական հարաբերությունները, մեր դերը, մեր հասարակությունը, մեր հեռանկարը։

Առանց Արցախ չկա Հայաստան

Ղարաբաղյան հարցի բովանդակությունը փոխվել է։ Մինչև 2020թ. «Ղարաբաղի հարցի» տակ ուրիշ բովանդակություն էր, հիմա՝ ուրիշ։ Սա պետք  է ընդունել։

Մինչև 2020 թվական եղել է Հայաստանը որպես անվտանգության երաշխիք ունեցող Արցախի պետություն, 2020-ին տեղի է ունեցել այդ պետականության կորուստ և անվտանգության երաշխիքի զրոյացում։ Հիմա գոյություն ունի ֆիզիկական բնաջնջման, հայաթափության ռեալ վտանգի առաջ կանգնած Արցախ, որի պետականությունը և նախկին անվտանգային համակարգը զենքի ուժով ջարդել են։

Երբ սեպտեմբերի 2-ին և մնացած օրերին ցույց ենք տալիս 1990-ականների մեր փառահեղ հաղթանակների կադրերը, ողջ հարգանքով հանդերձ, կրկնում եմ՝ անձնային, անձնական, պատմական մակարդակներում ողջ խոր հարգանքով հանդերձ՝ այդ հաղթանակը կերտածների հանդեպ, պետք է ընդունել, որ այդ կադրերն այս պահին այլևս ոչ մի կիրառական նշանակություն չունեն։ Դրանք հանրագիտարանային պատմություն են։ 

Պետական մտածողությունը և պետության հանդեպ պատասխանատվությունը պահանջում են զսպել բոլոր էմոցիաները և հասկանալ, որ այսօրվա խնդրի լուծման բանալին այդ կադրերում չէ, պահանջատիրական վանկարկումները չեն, առանց իրատեսական հիմքերի «կարմիր գծերը» չեն։

Կա մեկ կարմիր գիծ. պետք է գիտակցել, որ Արցախի կորուստ նշանակում է Հայաստանի կորուստ։ Արցախի վերջնական կորստից հետո Հայաստանը 10-15  տարվա ընթացքում դառնալու է այլոց ծառայութուններ մատուցող հայկական ռեզերվացիա։

Սա հասկանալով՝ պետք է ձևակերպենք խնդիրը. ինչպե՞ս պահել Ղարաբաղը հայկական, որպեզի պահենք հայկականությունը՝ ընդհանրապես։

Պետական մտածողության և սառը պրագմատիզմի վրա պետք է գծագրել այն փոքր, միջին քայլերի շղթան, որով Արցախը պետք է պահվի հայկական։

90-ականների փառահեղ հաղթանակների կինոխրոնիկայում չէ այլևս ելքը, կամ՝ Նիկոլի պարզունակ հեռացման մեջ։ Այն, որ Նիկոլը պետք է հեռանա, չի քննարկվում, բայց Նիկոլին պետք է հաջորդի պետական մտածողությունը։

Հայաստանի հաջորդ իշխանությունը ժառանգելու է ահռելի փոփոխություններով անցած երկիր. այդ թիմի նոր էջը այսօրվա իրականությունն է, ու նրանից պահանջվելու է ոչ թե պոպուլիզմ, այլ՝ ծանր իրականության մեջ սոլիդ ու գրագետ քաղաքականություն։

Իսկ ո՞րն է Արցախի հարցում ոչնիկոլական ճամբարի կողմից մշակված տեսլականը։ Նիկոլի ծրագրին այլընտրանքը կա՞, պատրա՞ստ է։ Էմոցիաներն ու մեր սրտից բխող վանկարկումները մի կողմ։ Հենց լինի ընկալելի այլընտրանքային տեսլական՝ հանրային վստահությունը կլինի էապես ավելի մեծ։ Ու այդպես՝ բոլոր կարևոր հարցերում։

Իշխանությունների ճանապարհները

Հայաստանն ունեցել է իշխանություն, որը կառուցել է Լաչինի ճանապարհը, ունեցել է իշխանություն, որը կառուցել է Սոթք-Քարվաճառը, և ունի իշխանություն, որը երկուսն էլ հանձնել է Ադրբեջանին։ Հիմա պետք է ուրվագծվի հաջորդ իշխանությունը, որը, սառը ընդունելով այս աղետալի իրականությունը, կստեղծի պատմության հաջորդ էջը։ Այն չի լինելու շռնդալից, եռատոնի մասնիկ, օրացույցի նոր տոն, բայց այն լինելու է պատմական կարևորության։

Խաղաղ Արցախի կոնցեպցիան

Հայաստանի հաջորդ իշխանությունը պետք է ունենա Խաղաղ Արցախի մշակված կոնցեպցիան, որով նա կխոսի միջնորդների, հարևանների, հակառակորդի հետ։

Ռուսական խաղաղապահների անժամկետ ներկայությունն այդ կոնցեպցիայի առանցքում է։

Պետք է ոչ միայն ունենալ Արցախում խաղաղ կյանքի զարգացման տեսլական, այլև՝ այն ապահովել կոնկրետ ծրագրերով։

Հասկանալու համար, թե ինչպես է փոխվել Ղարաբաղյան հարցի բովանդակությունը, փորձենք տեսնել նոր իրողություններից ամենաերևացողները։ Վաղը Ադրբեջանն ամենախաղաղ պայմաններում կառուցելու է 200 հազարանոց Աղդամ, բազմահազարանոց նոր գյուղեր, որոնք մխրճվելու են հայկական բնակավայրերի մեջ։ Որևէ մեկը սրա մասին մտածե՞լ է։ Արդեն չկա անվտանգության գոտի, ու Ադրբեջանն իր տարածքներում ինչ ուզի՝ կառուցելու է։ Այսօր արդեն կառուցել է երկու միջազգային օդանավակայան, բազմաթիվ ճանապարհներ, թունելներ...

Իսկ Լաչինը հանձնելու ընթացքում Հայաստանը չբարձրացրեց Ստեփանակերտի օդանավակայանի հարցը։ Ու այսպես՝ բազմաթիվ հարցեր։

Անհատներ ու առաջարկություն

Միևնույն ժամանակ, Հայաստանում կան մարդիկ, ովքեր պարբերաբար հանդես են գալիս հետաքրքիր ու կիրառական  առաջարկներով։ Իմ առաջարկն է՝ սկսել Ղարաբաղի հարցով ծրագրային մշակումներ՝ հաշվի առնելով նոր, առկա իրողությունները։ Ինքս պատրաստ եմ ամբողջությամբ նվիրվել այդ աշխատանքին։ Ղարաբաղյան հարցի նոր փուլի շուրջ մշակումներ՝ հիմքում ունենալով հստակ բանաձև և համոզմունք՝ Արցախը պետք է մնա հայկական, հայկական Արցախի կորուստը Հայաստանի վերջն է։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ