Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը հայտարարել է հստակ ձևակերպված կարմիր գծի մասին՝ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում։
«Մեզ ինչի՞ն է պետք այսպիսի աշխարհ, եթե այնտեղ Արցախ չկա։
Մենք ունենք հստակ ձեւակերպված կարմիր գիծ, որի մասին անընդհատ խոսում ենք։ Այդ կարմիր գիծը համընդհանուր է, ոչ միայն իշխանությանն է, այլեւ ամբողջ հանրության ընդհանուր կամքն է, նաեւ ամբողջ հայության։ Այդ կարմիր գիծը հետեւյալն է՝ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, դա բացառված է:
Եթե որեւէ մեկը վաղն ասի, որ դուք պետք է Ադրբեջանի կազմում լինեք, ելքը երկուսն է՝ կամ պատերազմ, կոտորած, կամ հայաթափում։
Օրինակ, կարող է այնպես լինել, որ կանայք եւ երեխաները դուրս գան, իսկ տղամարդիկ պայքարեն մինչեւ մահ, սա էլ է տարբերակ, բայց մենք չենք լինելու այդ երկրի կազմում, որովհետեւ դա մահ է, կործանում՝ ոչ միայն Արցախի, այլեւ Հայաստանի»,- «Ֆեյսբուքի» իր էջում գրել է Արցախի ԱԳ նախարարը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը