01 09 2022

Արզումանյանն այդ օղակը չէ․ եթե ինչ-որ մեկին պետք է դատել, ապա դա Նիկոլ Փաշինյանն է․ Արթուր Մոսիյան․ NEWS.am

Արզումանյանն այդ օղակը չէ․ եթե ինչ-որ մեկին պետք է դատել, ապա դա Նիկոլ Փաշինյանն է․ Արթուր  Մոսիյան․ NEWS.am

NEWS.am-ը գրում է․

NEWS.am-ը Արցախի խորհրդարանի «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանի հետ զրուցել է Բրյուսելում Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի երեկվա հանդիպման շուրջ։ Հարցազրույցը ներկայացնում ենք ստորև։

Պարո՛ն Մոսիյան, երեկ Բրյուսելում Եվրոպական միության նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ տեղի ունեցավ Փաշինյան-Ալիև հանդիպում, և հանդիպումից կարճ ժամանակ անց թե՛ Հայաստանի կառավարությունը, թե՛ Եվրոպական միության նախագահը հայտարարություններով հանդես եկան: Ուշագրավն այն էր, որ այդ երկու հայտարարություններում ԼՂՀ-ի մասին ոչ մի խոսք չկար: Ի՞նչ է սա նշանակում:

Ամեն անգամ ես ասում եմ, որ Հայաստանի գործող վարչախումբը ձեռքերը լվացել է Արցախից: Այն կեղծ օրակարգը, որը Նիկոլ Փաշինյանը լցրեց խաղաղության համապարփակ համաձայնագրի շուրջ, ես չեմ հասկանում ինչ խաղաղության մասին է խոսքը, երբ այսօր և՛ Հայաստանի, և՛ Արցախի սահմաններին տիրում է այն իրավիճակը, որ թշնամին մեկ տարուց ավելի Հայաստանի սուվերեն տարածքները հսկում է, և խոսել խաղաղության օրակարգից, վերջերս էլ դուք գիտեք, որ խորհրդարանի ամբիոնից ասում է այլընտրանք չկա, բայց դա էլ երաշխիք չէ: Այս ամենը դժվար է մեկնաբանել, քանի որ սովորական հայի գլխում սա չի տեղավորվում: Միգուցե Նիկոլ Փաշինյանը կարողանա իր պատասխանները մեկնաբանել, որովհետև առավոտյան, կեսօրին և երեկոյան տարբեր բաներ է ասում և անում տարբեր բաներ:

Այդ հայտարարություններում ակտիվորեն խոսվում է խաղաղության պայմանագրի նախագծի մշակման մասին, և կարծես շատ մոտ է թվում խաղաղության պայմանագրի կնքումը: Քանի դեռ լուծված չէ ԼՂՀ-ի հարցը, արդյո՞ք կարծում եք ճիշտ ժամանակն է խաղաղության պայմանագրի կնքումը:

Խաղաղությունը ժողովուրդների միջև հաստատվում է կա՛մ հավասարակշռության, կա՛մ պարտադրանքի դեպքում: Այս պարագայում մենք ոչ թե գործ ունենք խաղաղության պայմանագրի, այլ պարտադրանքի հետ: Նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն համաձայնագրից հետո, մենք ասել ենք, որ սա դեռ վերջը չի: Անցնող երկու տարիները ցույց տվեցին, որ դրանից վատ էլ է լինում, և համաձայնագրի այն կետերը, որոնք վերաբերում են գերիներին չի կատարվում փոխարենը Ադրբեջանը համաձայնագրից դուրս ստանում է հավելյալ կետեր, և սա Նիկոլ Փաշինյանի, ինչպես ինքն է ասել, բանավոր ընկալումների, և բանավոր պայմանավորվածությունների մասին է: Տարբեր առիթներով ասել եմ, որ մինչև Փաշինյանը չբացի այդ պայմանավորվածությունների ամբողջ բովանդակությունը, մենք չենք կարող իմանալ, և ամեն առավոտ մենք պետք է սպասենք վատ լուրի: Խաղաղության դարաշրջանի մասին մենք ասել ենք, իսկ ո՞ւր մնաց Արցախը: Բնականաբար, Փաշինյանը և իր բարձրաստիճան պաշտոնյաները, երևի բանավոր պայմանավորվել են Արցախ չգալը, նրանք Արցախի հետ գործ չունեն և Արցախ անունը չեն տա: Վաղը սեպտեմբերի 2-ն է, և Նիկոլ Փաշինյանը Հայաստանի ղեկավարի այն բարձրագույն աթոռը զբաղեցնող անձն է, որը պատերազմից հետո դեռ Արցախ չի այցելել: Չգիտեմ՝ այդ ինչ համաձայնագրի մասին կարող է խոսք լինել, որ Արցախը և Արցախի կարգավիճակի հարցը մեջը ներառված չեն:

Արցախի ԱԺ նախագահը դեռ մեկ ամիս առաջ էր, որ Հայաստանի խորհրդարանական ուժերին հրավիրել է Արցախ՝ մասնակցելու Արցախի անկախության 31-րդ տարեդարձին: Տեղեկություններ ունե՞ք՝ իշխող ուժից այդ հրավերը ընդունել են:

Իշխանության մասով տեղեկություն չունեմ, գիտեմ, որ «Պատիվ  ունեմ» և «Հայաստան» դաշինքը ներկա են լինելու:

Ռուսական լրատվամիջոցները վերջին շրջանում տեսակետներ են շրջանառում, որ Բրյուսելը, հայ-ադրբեջանական բանակցային գործընթացը իր ձեռքը վերցնելով, փորձում է Ռուսաստանին դուրս մղել այդ գործընթացից: Եթե այս սցենարը իրականություն դառնա, ապա արցախցիների ապագան ինչպե՞ս եք պատկերացնում:

Ռուսաստանը խաղաղապահների տեսքով Արցախում այլ ներկայություն ունի և Հայաստանում այլ ներկայություն ռուսական ռազմաբազայի տեսքով: Ես չեմ կարողանում պատկերացնել այնպիսի մի իրավիճակ, որ Ռուսաստանը դուրս մղվի այս բանակցություններից: Ասվածի վառ ապացույցը Ռուսաստանի ԱԳՆ-ի կոշտ արձագանքն էր Բրյուսելում տեղի ունեցած հանդիպմանը, նշելով՝ Բրյուսելը ոչինչ չի կարող առաջարկել:
Վաղը Ստեփանակերտում մեծ հանրահավաք է սպասվում: Մի փոքր խոսենք օրվա խորհրդի մասին:

Վաղվա օրվա խորհուրդը միասնականությունն է, դա էր պատճառը, որ մենք կարողացանք սեպտեմբերի 2-ը կերտել Հայաստան-Սփյուռք-Արցախ եռամիասնության շնորհիվ: Դժբախտաբար, 2018 թվականին Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության և քանդեց այդ եռամիասնությունը:

Եթե վաղը Հայաստանի իշխանություններից որևէ մեկը չլինի Արցախում, Դուք դա ինչպե՞ս կբացատրեք:
Մենք հույս չունենք, որ Հայաստանի իշխանություններից որևէ մեկը կլինի:

Պատերազմից գրեթե երկու տարի անց Շուշիի անկման համար մեղադրվում է ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանը: Տեղյակ ենք, որ օգոստոսի 31-ին նախատեսված էր Փաշինյան-Ալիև հանդիպումը, և հենց այդ օրն էր, որ Արզումանյանին ձերբակալեցին: Երեկ էլ հանդիպումից հետո կալանավորվեց: Կապ տեսնո՞ւմ եք ձերբակալման և կալանավորման հետ:

Ես որևէ բան պատահական չեմ համարում: Մենք հիշում ենք, թե ինչպես ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատավարությունը տեղի ունեցավ Շուշին գրավելու օրը: Փաշինյանի ցանկացած հանդիպումը Ալիևի հետ ինչ-որ «մասկի շոուներ» են եղել: Ես մի բան գիտեմ, որ Արզումանյանը այդ օղակը չի: Եթե ինչ-որ մեկին պետք է դատել այս գործերի համար, ապա դա Նիկոլ Փաշինյանն է: Բայց հիմա Հայաստանում տեղի է ունենում մեղավորների նշանակման գործընթաց: Մի մարդ խորհրդարանում կանգնում է և ասում՝ մենք հպարտ ենք: Բոլորը մեղավոր են, բացի իրենցից:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ