25 08 2022

Երկրի համար ծանր ժամանակներում հսկայական բեռ ու ծանրություն կրող զինծառայողների համար պարզվում է գումար չկա․ Աբրահամյան

Երկրի համար ծանր ժամանակներում հսկայական բեռ ու ծանրություն կրող զինծառայողների համար պարզվում է գումար չկա․ Աբրահամյան

Իշխանության նախաձեռնությամբ շրջանառության մեջ դրված նախագիծը, որը ենթադրում է 24 մլն դրամ վճարելու եւ ընդամենը 4.5 ամիս բանակում ուսումնական փուլ անցնելու գործընթաց, ամբողջությամբ անընդունելի է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար, Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Տիգրան Աբրահամյանը։

Նա, մասնավորապես, գրել է.

Սա ոչ միայն երկրում սոցիալական անարդարության նոր ջրբաժանի, այլ ներհասարակական հարաբերությունների ճգնաժամի է հանգեցնելու։

Սրանից բացի, սա մտածողության, գաղափարի, հայեցակարգային փակուղի տանող նախաձեռնություն է։

Ոչ պակաս վտանգավոր է նախաձեռնության դրդապատճառները։

Իշխանության համոզմամբ, սա հնարավորություն է տալու ավելացնել պայմանագրայինների աշխատավարձները։

Այսինքն՝ մեզ ուզում են համոզել, որ երկրում փող չկա կամ փող չկա երկրի պաշտպանությունն իրականացնող պայմանագրային անձնակազմի աշխատավարձը բարձրացնելու համար։

Հայաստանում բյուջեից սնվող մեծ թվով կառույցներում հսկայական պարգեւավճարային ֆոնդեր են գործում, իշխանությունը բյուջետային գումարները ըստ առաջնահերթությունների չի գործածում, դեռ չեմ խոսում դրանց խիստ անարդյունավետության մասին, իսկ երկրի համար ծանր ժամանակներում հսկայական բեռ ու ծանրություն կրող պայմանագրային զինծառայողների համար պարզվում է գումար չկա։

Մեկ անգամ եւս ցանկանում եմ շեշտել՝ զինված ուժերի մեր զինծառայողները՝ շարքայինից մինչեւ սպաներ, պետք է ապահոված լինեն սոցիալ-կենցաղային՝ միջինից բարձր պայմաններով, որովհետեւ այս մարդիկ բավականին ծանր, բարդ պայմաններում ապահովում են մեր անվտանգությունը։

Ու սա այն դեպքում, որ իրենց թիկունքում չեն զգում պետության, այս իշխանության ներկայությունը, ավելին՝ սրանց քաղաքականության հետեւանքով, անընդհատ նոր սպառնալիքների ու վտանգների են բախվում»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ