12 08 2022

Երբ հիմար համարվելն ամենաձեռնտու տարբերակն է դառնում․ 7or.am

Երբ հիմար համարվելն ամենաձեռնտու տարբերակն է դառնում․ 7or.am

7or.am-ը գրում է․

Նիկոլ Փաշինյանի իշխանությունը չընդունող հանրային լայն շրջանակները 2018–ից սկսած բաժանվել են երկու մեծ խմբի։ Մի մասը կարծում է, որ սրանք հիմարներ են, ոչ պրոֆեսիոնալներ, անգրագետներ։ Մյուս մասը կարծում է, որ սրանք ամեն ինչ գիտակցված են անում, գիտակցված են փլուզում ամեն ինչ, քանզի դավաճաններ են և «էն գլխից» ներդրվել են մեր թշնամիների կողմից (կա նաև մարդկանց երրորդ խումբը, որի կարծիքով սրանք և՛ հիմար են, և՛ դավաճան)։

Հարկ է նկատել, որ ժամանակի ընթացքում երկրորդ խմբի տեսակետները դոմինանտ են դառնում, որովհետև սրանց սխալներն ու մեր երկրի շահերի դեմ արվող քայլերն այնքան հաճախակի են ու հետևողական, որ մարդիկ հեռանում են հիմարության վարկածից։

Եկեք կոնկրետ օրինակ դիտարկենք՝ գնահատելու համար, թե արդյոք սրանք հիմա՞ր են, թե՞ դավաճան։

Նիկոլ Փաշինյանը հպարտ քաղաքացուն լավ կյանք է խոստացել «խաղաղության դարաշրջանի» հաստատման, հայ–թուրքական քիրվայության միջոցով։ Նիկոլի ամբողջ հայեցակարգը հիմնված է հայ–թուրքական սահմանի ու ճանապարհների ապաշրջափակման վրա։

Նիկոլենք պնդում են, որ հայ–թուրքական հարաբերությունները կարգավորելու են առանց նախապայմանների։ Դա այն մեծագույն բլեֆն ու լկտի սուտն է, որը փորձում են վաճառել հայ ժողովրդի վրա։

Թուրքերը հրապարակավ ու բազմիցս նախապայմաններ ու պահանջներ են դրել հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման մասով։ Էրդողանն ու Չավուշօղլուն բազմիցս հայտարարել են, որ հայ–թուրքական բանակցային գործընթացն ունի երրորդ կողմ՝ Ադրբեջանը։ Ու մինչև ՀՀ–ն Ադրբեջանի ուզածները չանի, հայ–թուրքական կարգավորման ուղղությամբ ոչ մի քայլ չի արվելու։ Այս ամենն ասվել է բաց, հրապարակավ ու բազմաթիվ անգամներ։ Նիկոլենք այս ամենը չնկատելու են տալիս, իսկ հարց տվողներին էլ պատասխանում, թե բա՝ հայ–թուրքականն առանց նախապայմանների ու պետք չէ ուշադրություն դարձնել Թուրքիայի հայտարարություններին։

Համաձայնեք, որ Նիկոլ Փաշինյանի, Ռուբեն Ռուբինյանի վարքագիծն առնվազն հիմք է տալիս եզրակացնելու, որ նրանք քաղաքականությունից, դիվանագիտական հարաբերություններից, տարածաշրջանային զարգացումներից ոչինչ չեն հասկանում։ Երբ Թուրքիան ասում է, որ պետք է բավարարել Ադրբեջանին ու հաշվի նստել այդ երկրի ցանկությունների հետ (վերջին անգամ նմանատիպ հայտարարություն արեց Չավուշօղլուն), իսկ դու թութակի պես կրկնում ես, որ հայ–թուրքականն առանց նախապայմանների է ու կապված չէ հայ–ադրբեջանականի հետ, ապա դու առնվազն հիմար ես։

Իսկ եթե դու շատ լավ հասկանում ես, որ Թուրքիան ու Ադրբեջանը նախապայմաններ ու պահանջներ են դրել, եթե դու այդ նախապայմանների մի մասն արդեն բավարարել ու մյուսների բավարարման փուլում ես, բայց շարունակում ես խաբել, որ հայ–թուրքականն առանց նախապայմանների է, որ ադրբեջանական հարձակումների ներքո, իբր, «խաղաղության դարաշրջան» ես բացում, ապա դա նշանակում է՝ դու դավաճան ես ու պետական հանցագործ։

Նիկոլենց համար այս պայմաններում լավագույն տարբերակը մնում է հիմարի պիտակով լինելը։ Դա հետագայում իրենք կարող են օգտագործել որպես մեղմացուցիչ հանգամանք։ Բայց այստեղ հարց է առաջանում, թե ի՞նչ գործ ունեն հիմարները պետության ղեկին։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ