10 08 2022

Բաքվի բռնապետի արտգործնախարարի հայտարարությունը խաբեություն է. իրանագետ

Բաքվի բռնապետի արտգործնախարարի հայտարարությունը խաբեություն է. իրանագետ

Բաքվի բռնապետի արտգործնախարարի հայտարարությունն առ այն, որ Ադրբեջան-Նախիջևան ցամաքային կապ ապահովելու համար իրանական տարածքով իբր նոր այլընտրանքային ճանապարհը «շրջանցելու է» Հայաստանը, ոչ այլ ինչ է, քան խաբեություն՝ ուղղված մեզ վրա քարոզչական ու քաղաքական ճնշում գործադրելուն և Բաքվի ու Անկարայի վարչախմբերի երազանք տխրահռչակ «Զանգեզուրյան միջանցքն», ի վերջո, կորզելուն։ Այս մասին թելեգրամում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։

«Իրանի տարածքով նշված ճանապարհը գոյություն ունի ԽՍՀՄ փլուզումից և 1990-ականերին Արցախի մերձարաքսյան գոտու հայկական ազատագրումից ի վեր։ Ուղղակի դա այն ժամանակ անցնում էր Արցախի և Հայաստանի հետ իրանական սահմանին զուգահեռ՝ Արաքսի հարավային ափով։

44-օրա պատերազմի հետևանքով Արցախի մերձարաքսյան գոտու ադրբեջանական բռնազավթումից հետո այդ ճանապարհի իրանական տարածքով անցնող մասն, ի հաշիվ բռնազավթված արցախյան հատվածի, կրճատվելու է՝ Իրան մտնելով ոչ թե Հորադիսից անդին, այլ հենց Հայաստանի սահմանի մերձակայքում»։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովը թուրքական լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել էր, որ ադրբեջանական կողմը Նախիջևանին կապվելու առումով այլընտրանքային հաղորդակցություն ունի, պարզապես Հայաստանին հնարավորություն է տրված՝ դուրս չմնալ տարածաշրջանային համագործակցությունից. «Հայաստանը խուսափում է խաղաղության պայմանագրի նախապատրաստման աշխատանքային խմբի ստեղծումից: Հայաստանը խոսքերի մակարդակում ընդունում է (Բաքվի) առաջ քաշած սկզբունքները, սակայն գործնականում ձգձգում է գործընթացը»:

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ