08 09 2024

Մեզ համար պետք է գոյություն ունենա Ադրբեջանի խնդիր. Ոսկանյան

Մեզ համար պետք է գոյություն ունենա Ադրբեջանի խնդիր. Ոսկանյան

 

«Այդպես էլ չընկալելով Բաքվի բարբարոսական վարչախմբի բնույթն ու էությունը՝ մենք շարունակում ենք կարծել, թե կան առանձին վերցրած Արցախյան հիմնախնդիր, սահմանազատման և սահմանագծման ինչ-որ հարց և այլ «տեղային» խնդիրներ»,- նման տեսակետ է հայտնել իրանագետ Վարդան Ոսկանյանը։ 

Ըստ նրա, այս մոտեցումը մեզանում կտրականապես սխալ է և չի դիմանում որևէ քննադատության, քանի որ, դիցուք, Արցախի ամբողջական բռնազավթումից և այնտեղ իրականացված էթնիկ զտումից հետո էլ Հայաստանի հանդեպ պահանջները չեն դադարել, Սյունիքում, Տավուշում և Գեղարքունիքում զիջումներից ու Հայաստանի տարածքների բռնազավթումից հետո նույնպես մեր նկատմամբ լկտի նկրտումները շարունակվում են և այսպես շարունակ։

«Մինչդեռ իրականում խնդիրն ինքը՝ Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորումն է իր բռնապետական և հակամարդկային վարչախմբով, որի այս տեսքով և ձևաչափով գոյությունն իսկ մշտական վտանգ է Հայաստանի և տարածաշրջանային խաղաղության ու կայուն զարգացման համար։

Հետևաբար, Հայաստանում մեր պետության զարգացման և հզորացման խորքային օրակարգը պետք է ձևավորվի այն հիմնական ելակետից, ըստ որի՝ նույն այդ զարգացման և հզորացման առանցքային խոչընդոտը հենց արհեստածին Ադրբեջանն է իր բարբարոսական վարչախմբով կամ, այլ խոսքերով, մեզ համար պետք է գոյություն ունենա Ադրբեջանի խնդիր, որի լուծման պարագայում միայն մենք կկարողանանք ապահովել հազարամյակների խորքից եկող մեր պետականության արժանապատիվ զարգացման և հզորացման սուրբ  նպատակի իրագործումը»,- գրել է Վ.Ոսկանյանը։ 

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ