Արցախը հանձնել պատրաստը կհանձնի նաև այլ հայկական հող՝ անկախ նրանից, թե որքան դաշնակից կամ շահակից ունես ու քանի գեղեցիկ միջազգային փաստաթուղթ կա։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել թուրքագետ Վարուժան Գեղամյանը։
«Այս րոպեներին ՌԴ ու Թուրքիայի նախագահները բանակցում են ու փաստացի որոշում Հարավային Կովկասի առաջիկա ամիսների ճակատագիրը։
Սա նորմալ և օրինաչափ է. երկու խոշոր տերություններ, որոնց համար Հարավային Կովկասը կարևոր ազդեցության գոտի է, անդադար պայքարում են իրենց դիրքերը բարելավելու համար։ Սա վերջին 300 տարիներին մշտապես առկա երևույթ է։
Սակայն 1988-ից մենք կարողացել էինք այնպես անել, որ այդ և ցանկացած այլ գերտերությունների քննարկումների ժամանակ հաշվի առնվեր ևս մեկ գործոն՝ հայկականը, շնորհիվ երկու պատերազմներում տարած հաղթանակի, հայկական բանակի ու կուռ պետական համակարգի։ Սակայն եղավ 2018-ը, որից հետո 2020-ը և այսօր կապիտուլյանտների ձեռքով գրեթե գոյություն չունեցող բանակը ու անհեռնկար քաղաքականությունը, ավելի ճիշտ՝ դրա բացակայությունը։ Իսկ առանց կանոնավոր բանակ ու անվտանգության համակարգի չկա ինքնիշխանություն։ Չկա, չի լինում, չի եղել ու չի լինելու։ Չես կարող Մերձավոր Արևելքում ունենալ պետություն, բայց չունենաս բանակ։ Չկա բնության մեջ նման բան։
Հիմա Թուրքիան ու Ռուսաստանը քննարկում են Հայաստանի ճակատագիրը՝ առանց մեր կարծիքն ու մեզ հաշվի առնելու։ Ու դրանում առաջին հերթին ու գլխավորապես մեղավոր է Հայաստանի դե-ֆակտո իշխանությունը։ Արցախը հանձնել պատրաստը կհանձնի նաև այլ հայկական հող՝ անկախ նրանից, թե որքան դաշնակից կամ շահակից ունես ու քանի գեղեցիկ միջազգային փաստաթուղթ կա։ Սա նորից հիշեցնում է հայտնի դիվանագիտական ասույթը.
«Եթե դուք բանակցությունների սեղանին եք, բայց ձեզ խոսք չեն տալիս, ուրեմն դուք օրվա ճաշացանկի (մենյուի) մեջ եք»։
Քանի հայկական ազգային վերնախավը իր վրա չի վերցրել պատասխանատվություն հեռացնելու հակահայկական իշխանությանը և նորից վերականգնելու հայկական գործոնը, մեզ քննարկելու են ու մեր հաշվին որոշումներ կայացնելու։
Ցավոք, առաջիկա օրերին կլինի հերթական այդպիսի որոշումը՝ հայկական Բերձորի ու Աղավնոյի հանձնումը թշնամուն։
Որովհետև մենք այլևս գործոն չենք։
Կամ էլ դեռ գործոն չենք...»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը