11 07 2022

Նրանց համար է մանդատը կյանքի նպատակ, աշխատանքի միակ վայր, այլ ոչ թե մեզ համար. Անդրանիկ Թևանյան․ Lurer.com

Նրանց համար է մանդատը կյանքի նպատակ, աշխատանքի միակ վայր, այլ ոչ թե մեզ համար. Անդրանիկ Թևանյան․ Lurer.com

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը նախաձեռնել է Ազգային ժողովի խորհրդի նիստ հրավիրել՝ ընդդիմադիր պատգամավորներին մանդատներից զրկելու համար ՍԴ դիմելու հարցով: Նրանց շարքում է նաև «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը: ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում նա նշեց, որ իր և իր թիմակիցների համար կարևորը ժողովրդի մանդատի իրացումն է, իսկ թե որտեղ, դա տեխնիկական հարց է:

«Խորհրդարանական մեծամասնությունը լեգիտիմ չէ, իսկ մեզ համար մանդատները ինքնանպատակ չեն. մեզ համար կարևոր է ժողովրդական մանդատի իրացումը: Ժողովրդի ակնկալիքը մեզանից այն է, որ բարձրացնենք երկրի անվտանգության հետ կապված հարցերը, լուծենք դրանք և հեռացնենք այս իշխանություններին: Այդ մանդատից մեզ ոչ ոք չի կարող զրկել, մնացածը տեխնիկական հարցեր են»,- նշեց Անդրանիկ Թևանյանը:

Այն հարցին, թե արդյոք չեն փորձելու ազդել այս գործընթացի վրա, պայքարել իրենց մանդատները պահպանելու համար, ասաց, որ նման որոշում չկա, գործընթացը ցույց կտա, նրանք խորհրդարան են վերադառնալու իրենց օրակարգով:

«Նրանց համար է մանդատը հնարավորություն, լիազորություն, կյանքի նպատակ, աշխատանքի միակ վայր, որովհետև կան մարդիկ, ում աշխատանքային գրքույկում առաջինը գրված է Աժ պատգամավոր, այլ ոչ թե մեզ համար»,- հավելեց Թևանյանը:

Հիշեցնենք, որ մեկ նստաշրջանի ընթացքում քվեարկությունների կեսից բացակայել է շուրջ մեկ տասնյակ ընդդիմադիր պատգամավոր, որը հիմք է հանդիսանում, որ ԱԺ խորհուրդը կարողանա որոշում կայացնել եւ մանդատներից զրկելու հարցով դիմել ՍԴ:

Նշենք, որ մանդատներից զրկելու հարցով ՍԴ ներկայացվող Աժ պատգամավորների շարքում են՝ Արմեն Չարչյանը, Իշխան Սաղաթելյանը, Գեղամ Մանուկյանը, Վահե Հակոբյանը, Լիլիթ Գալստյանը, Արմեն Ռուստամյանը, Անդրանիկ Թևանյանը, Ասպրամ Կրպեյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ