07 07 2022

Կրթության հիմքով տարկետումը կվերականգնվի. Կտրամադրվեն տեղեր՝ ըստ առաջնահերթությունների

Կրթության հիմքով տարկետումը կվերականգնվի. Կտրամադրվեն տեղեր՝ ըստ առաջնահերթությունների

ՀՀ կառավարության այսօրվա նիստում հավանություն է տրվել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագծին, որն հաջորդաբար քննարկվելու է Ազգային ժողովում:

Նոր կարգավորմամբ վերականգնվում է ակադեմիական կրթության հիմքով իրավունքը ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում` Կառավարության սահմանած առաջնահերթություններով:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը հարցի զեկուցման ժամանակ նշել է, որ 2017 թվականին կատարված օրենսդրական փոփոխություններով ՀՀ բուհեր ընդունված արական սեռի քաղաքացիները, անկախ ցուցաբերած արդյունքից, չեն ստանում տարկետում` բացառությամբ առարկայական օլիմպիադաների մրցանակակիրների, որոնց թիվն առանձնապես մեծ չէ:  

«Ըստ էության, ՀՀ բուհերում սովորողները զրկված են տարկետում ստանալու հնարավորությունից: Որպես այլընտրանք՝ այս պահին գործում է միայն օտարերկրյա բուհերում սովորելու հնարավորությունը, որը, ինչպես ցույց է տալիս վերջին մի քանի տարիների փորձը, չի նպաստում հայաստանյան բուհերի կրթության որակի բարելավմանը, քանի որ ՀՀ-ում գործող բուհերը շատ տաղանդավոր ուսանողների համար դառնում են ոչ մրցունակ: Մեր բուհերը կորցնում են լավագույն ուսանողներին, իսկ պետությունը` ապագայում սեփական գիտելիքները գիտության և մասնագիտական ոլորտում կիրառող մի շարք բարձրակարգ մասնագետներին»,- նշել է Վահրամ Դումանյանը:

Համաձայն նախարարի զեկուցման` առաջարկվող նոր կարգավորմամբ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածն առաջարկվում է լրացնել նոր՝ 7-րդ մասով հետևյալ բովանդակությամբ՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրվում է նաև բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական (ԲՏՃՄ) ուղղություններով պետության համար առաջնահերթ և կարևորություն ներկայացնող մասնագիտություններով համապատասխան բուհերում սովորողին: Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրամադրելու կարգը և պայմանները, ինչպես նաև բուհերի և բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական (ԲՏՃՄ) ուղղություններով համապատասխան մասնագիտությունների ցանկը սահմանում է Կառավարությունը»:

 Առաջարկվող հաջորդ փոփոխությամբ` կերկարաձգվի կրթության հիմքով տարկետում ստացած քաղաքացիների բանակ զորակոչի տարիքային շեմը` ներկա 27 տարեկանի փոխարեն սահմանելով 28 տարեկանը:

Այսինքն` օրենքով Կառավարությունը ստանում է լիազորություն` տրամադրելու տեղեր և սահմանելու առաջնահերթություններ:

Հաջորդ տարվանից յուրաքանչյուր տարի Կառավարությունը որոշակի բուհերին, որոշակի մասնագիտություններով կտրամադրի տարկետմամբ տեղեր` ըստ Կառավարության առաջնահերթությունների:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ