28 06 2022

«Զանգեզուրի միջանցքին» հասնելու թուրք-ադրբեջանական նոր սցենարը․ Արմեն Պետրոսյան

«Զանգեզուրի միջանցքին» հասնելու թուրք-ադրբեջանական նոր սցենարը․ Արմեն Պետրոսյան

Արևելագետ Արմեն Պետրոսյանն իր էջում գրել է

«Զանգեզուրի միջանցքին» հասնելու թուրք-ադրբեջանական նոր սցենարը

Հունիսի 27-ին Բաքվում տեղի է ունեցել Ադրբեջանի, Թուրքիայի և Ղազախստանի արտաքին գործերի և տրանսպորտի նախարարների առաջին հանդիպումը, որի ավարտին ԱԳ նախարարների կողմից ստորագրվել է Բաքվի հռչակագիրը՝ տրանսպորտային, էներգետիկ, լոգիստիկ ոլորտներում տարածաշրջանային համագործակցությունը խթանելու վերաբերյալ:

Ըստ էության ստեղծվող նոր ձևաչափը, որը կարող է նաև ընդլայնման միտումներ դրսևորել, բազմավեկտոր նշանակություն ունի։ Առաջին հերթին ընդունված հռչակագիրը հերթական անգամ ամրագրում է տարածաշրջանային բազմաբնույթ հանգույցի վերածվելու Ադրբեջանի և հատկապես Թուրքիայի հայտնի նպատակները։ Մյուս կողմից, հատկապես Արևելք-Արևմուտք Միջին միջանցքի ներուժի ավելացման նպատակի շեշտադրմամբ թուրք-ադրբեջանական կողմերը նշված և նմանաբովանդակ այլ ձևաչափերը փորձելու են օգտագործել այս պահին իրենց օրակարգում եղած ամենակարևոր ռազմավարական խնդրի՝ Հայաստանի տարածքով ճանապարհի կամ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» նախագծի իրականացման ուղղությամբ։ Ընդ որում, նման գործելաոճը կիրառվելու է նշված ճանապարհը բացառապես «միջանցքային տրամաբանությամբ» ստանալու նպատակով, իսկ այլ դերակատարների ներգրավման եղանակը երկրորդական հարթությունում կիրառվելու է որպես Երևանին խրախուսելու/ճնշելու հավելյալ միջոց։

Հարկ է նշել, որ և՛Ադրբեջանի, և՛ Թուրքիայի ԱԳ նախարարները հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսին արդենիսկ ակնարկել են «Զանգեզուրի միջանցքի» համակողմանի կարևորության մասին։

Վերոնշյալի համատեքստում պարզ է դառնում, որ Բաքուն Անկարայի հետ սերտ համագործակցությամբ մանևրի նոր միջոցներ է ստեղծում՝ հիմնական շահագրգիռ դերակատարների՝ Ռուսաստանի, Իրանի, արևմտյան որոշ երկրների դիրքորոշումների վրա ազդելու հեռանկարով։ Ընդ որում, նման մարտավարությունը երկակի նպատակ ունի։ Եթե չհաջողի դիվանագիտական-քաղաքական եղանակով «միջանցքի» ծրագրի իրականացմանը, ապա ադրբեջանական կողմը, գործիքակազմում պահելով խնդրի լուծման ռազմական տարբերակը ևս, խնդիրը մշտապես օրակարգում պահելով, թեմատիկ անընդհատ հայտարարություններով ձգտում է որոշակի լեգիտիմության ֆոն ստեղծել ցանկացած եղանակով դրա իրականացման համար։ Իսկ նման սցենարը չի կարելի բացառել հատկապես ուկրաինական ճգնաժամի առավել խորացման դեպքում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ