168․am-ը գրում է․ ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամադ Սեիդովն այսօր ելույթ է ունեցել ԵԽԽՎ լիագումար նիստում, որի ժամանակ շատ թափանցիկ ակնարկներ է արել՝ ուղղված ՀՀ իշխանություններին:
«Այդքան էլ հեշտ չէ խոսել, երբ մեր գործընկերները Հայաստանից փորձում են ստեղծել այս Վեհաժողովի համար անընդունելի միջավայր: Իրականում այսօր մենք մի փոքր քննարկել ենք: Նախաձեռնությունը, որն առաջարկել է իմ ընկերը՝ նստել միասին հայերի հետ և քննարկել բոլոր տեսակի հարցերը, շատ կարևոր ու ժամանակին էր»,- ասել է Սեիդովը:
Հաջորդիվ նա դիմել է Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Թինի Քոքսին, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանին, պատվիրակության անդամ, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանին:
«Եվ ես խնդրում եմ Ձեզ, ես չեմ դիմում մեր հայ գործընկերներին, բայց ես դիմում եմ ԵԽԽՎ նախագահին՝ խնդրում եմ, արեք դա: Բավական է: Գիտե՞ք՝ գուցե ինչ-որ մեկը մտածում է՝ ինքը խելացի է, որ կարող է ներկայացնել մի բան, որը որևէ մեկը չգիտի: Ես դիմում եմ իմ հայ երիտասարդ ընկերոջը՝ Էդուարդին (ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանին (դիջեյ Էդո),- Ա.Վ.). մենք հանդիպել ենք իրար Իտալիայում, և ես խնդրում եմ Ձեզ նստել այստեղ, միասին խոսել… Ձեր պատասխանից հետո ես սպասում էի: Այս նստաշրջանի սկզբում ես ասացի՝ խնդրում եմ, քաջություն գտեք, եկեք, նստենք միասին և քննարկենք, այլ ոչ թե մոլորեցնենք այս Խորհրդարանական վեհաժողովը, պարոն Վարդանյանին (Վլադիմիր Վարդանյանին,- Ա.Վ.), պարոն Ռուբինյանին. ո՛չ մի պատասխան: Գիտե՞ք՝ ինչու, որովհետև նրանք աշխատում են ոչ թե այս Խորհրդարանական վեհաժողովի, այլ իրենց ներքին օրակարգի համար: Նրանք փորձում են իրենց ներկայացնել՝ որպես հերոսներ: Բավակա՛ն է, դուք կորցրեցիք ամեն ինչ նման պահվածքի պատճառով: Իմ ընկերներն ու գործընկերներն արդեն նշեցին այդ մասին: Մենք հայերին տվել ենք լիարժեք մուտք դեպի Ղարաբաղ, մենք ենք տվել, մենք ենք թույլատրել ռուս խաղաղապահներին գալ մեր հող, մենք ենք տվել հնարավորություն՝ մատակարարել սննդամթերք, բարիքներ, ամեն ինչ Ղարաբաղին: Բայց դեռ սպասել ենք հնարավորության բացել Զանգեզուրի միջանցքը: Դա արդար չէ՝ գալ մեզ մոտ, բայց թույլ չտալ ադրբեջանցիներին գնալ Նախիջևան: Մի փոքր արդար եղեք, պարո՛ն Վարդանյան, երբ խոսում եք իրավական հարցերից: Ինչո՞ւ եք Դուք մոռանում միլիոնավոր փախստականների մասին, և շատ հեշտ է մեղադրել, բայց շատ բարդ է գիտակցել սեփական պատասխանատվությունը:
Խնդրում եմ, կրկին խնդրում եմ չփորձել մոլորեցնել այս կազմակերպությանը և կրկին դիմում եմ ԵԽԽՎ ղեկավարությանը: Մենք միմյանց ճանաչում ենք մոտավորապես 15 տարի, ես մշտապես եղել եմ կառուցողական և ես ցանկանում եմ լինել կառուցողական: Եկեք նստենք միասին, եկեք քննարկենք այս կազմակերպության ու մեր հարաբերությունների ապագան, բայց չփորձենք փոխել այս կազմակերպության նպատակները»,- ասել է ադրբեջանական պատվիրակության երկարամյա ղեկավարը:
Թե ինչ պատմություն ունեն Սեիդովի ու նախկին իշխանությունների ժամանակ հայկական պատվիրակությունների շփման ու հարաբերությունների օրակարգերը, և ինչպես էին Սեիդովի յուրաքանչյուր ծկլթոցի արձագանքում մեր պատվիրակության անդամները, այլ հրապարակման թեմա է:
Փաստն այն է, որ Սեիդովը տառացիորեն ստորացնում է հայկական պատվիրակությանը, տալիս պատվիրակության իշխանական անդամների՝ Ռուբեն Ռուբինյանի ու Վլադիմիր Վարդանյանի անունները, նրանց մեղադրում ԵԽԽՎ-ին մոլորեցնելու մեջ, ինչ-որ թափանցիկ ակնարկներ անում իրենց հանդիպոմների մասին, ու նրանցից ոչ ոք չի պատասխանում նրան:
Թե ինչո՞ւ չի պատասխանում, մնում է կռահել. կամ պայմանավորվածություն կա, կամ ադրբեջանական պատվիրակությանն ու մասնավորապես նրա ղեկավարին բանավոր շփումների ժամանակ խոստումներ են տվել, ինչը նորմալ պրակտիկա է իրենց քաղաքական առաջնորդի մոտ, ով բանավոր պայմանավորվածությամբ ադրբեջանցիներին հանձնեց Սյունիքի բարձունքները, կամ էլ պարզապես կորցրել են ինքնասիրության ու ազգային արժանապատվության վերջին փշրանքները:
Երկրի պետական ու ազգային շահի գերակայությամբ ապրող մեր հասարակության մի զգալի հատված վաղուց արդեն պատրանքներ չունի կառավարող թիմի որևէ ներկայացուցչի վերաբերյալ, բայց այստեղ մի հարց, այնուամենայնիվ, կախված է օդում՝ պարոնայք, եթե դուք ձեր արժանապատվությանը չեք կարողանում տեր կանգնել, երկրի պատիվն ինչպե՞ս եք պահելու:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը