Արթուր Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Հունիսի 19-ի կիրակնօրյա երեկոյի հանգստությունը պայթեցրեց Ապարանից եկած բոթը․ ՔՊ-ական պատգամավորի և փոխմարզպետի հետ փոխկապակցված անձիք երիտասարդ են սպանել են ու էլի մի քանի հոգու վիրավորել են, քանի որ վերջիններս հայհոյել են իշխանություններին ու անձամբ Նիկոլ Փաշինյանին։ Ավելի ուշ ստացվեց երկրորդ զոհի մասին բոթը։ Իսկ այսօր տեղեկություններ եկան, որ մահացավ նաև երրորդ վիրավորը․․․Իր ցինիզմով ու դաժանությամբ այս սպանությունը եզակի էր։ Անզնիվ լինենք․ Հայաստանում եղել են քաղաքական սպանություններ, եղել են մաֆիոզ հաշվեհարդարներ, բայց որ ինչ որ պաշտոնյաների հարազատներ կոտորեն իշխանությունները հայհոյողներին՝ նման բան ես չեմ հիշում։
Այս ակնարկով չեմ ուզում անդրադառնալ այն պարզ ճշմարտությանը, որ նիկոլականների ցանած թունավոր քամին մահաբեր փոթորիկ չէր կարող չդառնալ։ Թե՛ բնության մեջ, թե՛ մարդկային հարաբերություններում ոչինչ անհետևանք չի լինում։ Նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Նիկոլ Փաշինյանը «քաղաքացու վրեժի» կոչ էր անում։ Սա ոչ այլ ինչ էր, քան ինքնադատաստանի կոչ, բռնության կոչ․․․ Կարծու՞մ եք այդ կոչին հետևողներ չէին լինելու։ Եղան։ Եվ արդյունքնում երեք երիտասարդ հայի կյանքի թել կտրվեց․․․․
Ուզում եմ անդրադառնալ այս երևույթին պետության, իշխանությունների արձագանքին։ Դեպքից ընդամենը մի քանի ժամ հետո Ոստիկանությունը հայտարարություն տարածեց և հերքեց սպանությունների քաղաքական դրդապատճառը։ Ըստ իշխանությունների, սպանությունը տեղի է ունեցել «կենցաղային հողի վրա»։ Ոստիկանության այս հապճեպ «պարզաբանումն» ապացուցում է, որ սպանությունը բնավ էլ կենցաղային հողի վրա չի եղել։ Իհարկե, ճոխ պարգևատրումները պարտավորեցնում են ջանասիրաբար աշխատել, բայց համաձայնվեք որ Ոստիկանությունը մի քանի ժամում ուղղակի ի վիճակի չէր պարզաբանել սպանությունների պատճառը։ Ռուսները մի խոսք ունեն․ «գողի գլխին գլխարկն այրվում է»։ Կրկնեմ՝ ոստիկանությունն, իր հերքումով, հաստատեց, որ սա զուտ կենցաղային հողի վրա սպանություն չէր։
Կարդալով «կենցաղային հողի վրա սպանության» մասին հայտարարությունը մտոք վերադարձա Սովետ։ 1988 թվականի փետրվարի 22-ին, ի պատասխան Արցախում սկսած խաղաղ ցույցերի, Աղդամի թուրք ջարդարարները շարժվեցին Ասկերանի ուղղությամբ։ Խրամորթ գյուղի մերձակայքում արցախցիները «դիմավորեցին» անկոչ ոհմակին։ Թուրքերը, երկու լեշ թողնելով, փախան։ Սովետի լրատվամիջոցները, մի քանի օրվա լռությունից հետո, հայտարարեցին, որ կենցաղային հողի վրա գյուղացիների միջև ծեծկռտուք է եղել, կա երկու զոհ։ Պարտություն կրելով Արցախում՝ հայոց բնօրրանում, թուրքերը մի քանի օրից հարձակվեցին օտար հողում՝ Սումգայիթում, բնակվող հայերի վրա։ Զոհերի թիվն այդպես էն անհայտ մնաց։ Սումգայիթի հայերի կոտորածն, ի հարկե չներկայացվեց որպես տրիվիալ կենցաղային սպանություն, բայց Սովետական հեռուստաալիքները ողողել էին Սումգայիթի ծանր կենցաղային պայմանների մասին հաղորդումները։ Մարդիկ ծանր պայմաններում էին ապրում, դե իսկ կեցությունն էլ որոշում է գիտակցությունը։
Նույն «կենցաղային պայմանների բարելավումը» ԼՂԻՄ վերաբերյալ ՍՄԿԿ ԿենտԿոմի պլենումի որոշման հիմքն էր։ Ըստ սովետական կոմունիստների, չկար ազգային, քաղաքական հարց՝ կար կենցաղային հարց և փոխարեն լուծելու Արցախի կարգավիճակի հարցը, Սովետական իշխանությունները որոշեցին ԼՂԻՄ-ի սոցիալ-տնտեսական զարգացման համար Բաքվին լրացուցիչ գումար հատկացնել։ Այս կենցաղային մոտեցումը նրանք կիրառեցին նաև Ֆերգանայում, երբ 1988-ի ամռանը դաժան բախումներ տեղի ունեցան մսխեթցի թուրքերի ու ուզբեկների միջև։ Զոհերի թիվն էլի չբացահայտվեց, բայց «բացահայտվեց» բախումների պատճառը․ շուկայում վիճել էին ելակի գնի շուրջ, կռիվ էր սկսել, պարզ կենցաղային վեճ․․․
Այս դեպքերից մի քանի տարի հետո Սովետը փլուզվեց։ Սովետի փլուզումն ուներ բազմաթիվ քաղաքական, տնտեսական, գաղափարական հիմքեր։ Աներկբա է, որ փլուզման պատճառներից մեկը նաև հանրային կյանքը պարուրած սուտն էր, ավելի ճիշտ՝ ստի այլևս անմարսելի չափաբաժինը։ Որքան մոտ էր Սովետի փլուզումը, կոմունիստական իշխանության վախճանը՝ այնքնա ավելի շատ էի ստերը։ Ստեր ժողովուրդների բարեկամության մասին, տնտեսական հաջողությունների մասին, հանրային բարեկեցության մասին։
Այսօր Հայաստանի Հանրապետության պաշտոնական քարոզչությունն ինձ ավելի ու ավելի է հիշեցնում կոմունիստների վերջին օրերի կուսակցական պրոպագանդան։ Կոմունիստների փորձեցին ստելով երկարաձգել իրենց իշխանությունը։ Ձախողվեցին։ Նույնը հիմա անում են ՔՊականները։ Վստահ եմ՝ հետևանքը նույնն է լինելու։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը