ԱԺ նախկին պատգամավոր, «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Նաիրա Կարապետյանն անդրադարձել է Բրյուսելում Փաշինյան-Ալիև պայմանավորվածություններին: Նա Facebook-ի իր էջում գրել է. «5 աղետաբեր ժամ Բրյուսելում, հերթական կորուստները՝ կետերով:
«Արցախի կարգավիճակի հարց ընդհանրապես չկա, չկա ինքնորոշման իրավունքի մասին որևէ հիշատակում, փոխարենը շեշտվել է «Ղարաբաղում էթնիկ հայ բնակչության իրավունքները և անվտանգությունը», և շեշտվել է Շարլ Միշելի կողմից, և ոչ թե Հայաստանի ղեկավարի:
Չկա անգամ Լեռնային Ղարաբաղ անվանումը, այն դարձել է ուղղակի Ղարաբաղ, ինչպես և պնդում է Ադրբեջանը, որ նման վարչական տարածք չկա:
Սա վերջն է, կարծես հարցը փակված է, և այս մասին բազմիցս զգուշացվել է, նաև՝ իմ կողմից:
.Մարդասիրական խնդիրներում առաջինը նշվում է ականազերծումը, հետո նոր՝ գերիներին վերադարձնելուն ուղղված ջանքերը (ոչ թե պարտադիր վերադարձը, այլ՝ ջանքերը) և անհետ կորածների ճակատագիրը:
.Մոտ օրերս Հայաստանի և Ադրբեջանի սահմանային գոտում տեղի կունենա երկու երկրների սահմանազատման հարցերով հանձնաժողովների նիստը:
Հենց սահմանին անցկացնել հանդիպումը նշանակում է, որ չկա միջնորդ երկիր՝ Ռուսաստանն իր քարտեզներով դուրս է մնացել առաջնային դիրքերից:
Թե ի՞նչ դիրքերից է խոսելու Հայաստանի գլխիկոր իշխանությունը, ինչ քարտեզներով, ինչ սկզբունքներով են առաջնորդվելու առանց միջնորդի մնացած Հայաստանն ու Ադրբեջանը, հասկանալի չէ:
Նաև ստացվում է, որ Հայաստանի պնդումները, որ մեր կողմից հանձնաժողովը ձևավորված չէ, հերթական սուտն է, ուղղակի թղթին հանձնած չէ:
.Ռուսաստանն իսպառ դուրս է մնացել այս հայտարարության տեքստից. եթե նախկին 2 հայտարարություններում շեշտվում էին Ռուսաստանի միջնորդությամբ ձեռք բերված հայտարարություններն ու պայմանավորվածությունները, այս անգամ որևէ հիշատակում չկա:
Ստեղծված իրավիճակում Ադրբեջանի հետ միաբևեռ հաղորդակցվելը լավ բանի չի բերի:
.Չկա արդեն նաև որևէ հիշատկում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագության մասին, այն միակ ձևաչափի, որտեղ որպես սկզբունք ամրագրված է ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ, ինչպես նաև ուժի կիրառումն ու ուժի կիրառման սպառնալիքի բացառմումը:
.Պայմանավորվածություններ են ձեռք բերվել Ադրբեջանի արևմտյան մասը Նախիջևանին կապող ճանապարհի սկզբունքների մասին (principles governing transit between western Azerbaijan and Nakhichevan):
Ի՞նչ սկզբունքների մասին է խոսքը: Ադրբեջանը վերջին օրերին հատկապես հաճախ է խոսում Բերձորի (Լաչինի) միջանցքին այլընտրանքային ճանապարհի կարգավիճակի մասին, այն հավասարեցնելով «Զանգեզուրի միջանցքին», այսինքն՝ եթե Ադրբեջանից Նախիջևան ճանապարհը Հայաստանն է տնօրինում՝ անցակետերով և մաքսակետերով, նույնը լինելու է ճանապարհը դեպի Արցախ՝ մաքսակետերով և անցակետերով:
Սա միայն առաջին հայացքից աչք ծակող վտանգներն են, ստորգետնյա վտանգների մասին դեռ կխոսենք: Եթե այսքանից հետո էլ եզրակացություններ չարվեն, եթե այսքանից հետո էլ շարունակեք նախկին-ներկա քննարկել, կստացվի, որ մենք արժանի չենք ոչ անկախ Արցախ ոչ էլ անկախ Հայաստան ունենալու…»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը