20 05 2022

Գիշերը դատարանի նախագահին բերման են ենթարկել դատարան, թուղթը տվել են ձեռքը, որ ապօրինի մակագրի. Փաստաբան

Գիշերը դատարանի նախագահին բերման են ենթարկել դատարան, թուղթը տվել են ձեռքը, որ ապօրինի մակագրի. Փաստաբան

«Փաստինֆո»-ն գրում է․ ՀՀ ԶՈՒ-երի ԳՇ նախկին պետ, ՀԱՊԿ նախկին քարտուղար Յուրի Խաչատուրովի որդուն՝ Իգոր Խաչատուրովին, կալանավորելու որոշումը դատարանը կայացրել է հապճեպ, առանց պաշտպանի մասնակցության եւ անգամ պաշտպանության կողմին չի տեղեկացրել դատական նիստի մասին։

Ինչպես արդեն հայտնել ենք՝ Իգոր Խաչատուրովը ձերբակալվել էր մայիսի 15-ին։ Վարույթն իրականացնող մարմինը մեղադրանք է առաջադրել Խաչատուրովին և նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն ներկայացրել դատարան։ Ձերբակալման որոշման դեմ բողոքը և կալանավորման միջնորդությունն ի սկզբանե մակագրվել էր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Արղամանյանին, որը ինքնաբացարկ է հայտնել՝ բավարարելով պաշտպանության կողմի ներկայացրած միջնորդությունը։ Արղամանյանի՝ ինքնաբացարկ հայտնելուց հետո, պարզվում է, հենց կեսգիշերին նոր մակագրում է եղել և դատարանը բավարարել է կալանավորման միջնորդությունը։ Ընդ որում, Իգոր Խաչատուրովի ձերբակալման 72 ժամը լրանում էր այսօր առավոտյան՝ ժամը 10.50-ի սահմաններում։

Փաստաբան Միհրան Պողոսյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց, որ առավոտյան դիմում էր ներկայացրել՝ պարզելու հանգամանքները, թե ինչ է տեղի ունեցել Դավիթ Արղամանյանի՝ ինքնաբացարկ հայտնելուց հետո։

«Պարզվում է՝ կանխատեսումս իրական է եղել։ Դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանին բերման են ենթարկել դատարան, թուղթ տվել են ձեռքը, վերջինս կրկին անօրինականություն կատարելով մակագրումը կատարել է։ Արուսյակ Ալեքսանյանին է հանձնարարել միջնորդությունը։ Վերջինս էլ փորձել է կապ հաստատել ինձ հետ, չի ստացվել և 40 րոպեի ընթացքում դատական նիստ է իրականացրել։ Քննությունն ավարտել է և հրապարակել է կալանավորելու որոշումը, ընդ որում, գործի նյութերից պարզվել է, որ այս պահին որոշում առկա չէ, այսինքն, Իգոր Խաչատուրովին ՔԿՀ-ում պահելու որևէ հիմք չկա»,- նշեց Միհրան Պողոսյանը՝ հավելելով, որ կքննարկվի Արուսյակ Ալեքսանյանի գործողությունների վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում ներկայացնելու հարցը, ինչպես նաև՝ կիրականացվեն ընթացակարգեր՝ կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար, դատական ակտի դեմ բողոք ևս կներկայացվի։

«Ես սա բնազդային վախ եմ բնորոշում, որովհետև դատական նիստի մտնելուց առաջ էլ նշեցի, որ բազմաթիվ փաստեր ունենք ներկայացնելու, որոնք հաստատապես վկայելու են Իգոր Խաչատուրովի անմեղությունը։ Երևի այս բնազդային վախը, որ քրեական գործով օբյեկտիվ իրականությանը մի փոքր հնարավոր է մոտենալ, ստիպել է, որ գիշերը ստեղծվի արտակարգ դատարան և այդ արտակարգ դատարանն առանց պաշտպանի գործի քննություն իրականացնի։ Արուսյակ Ալեքսանյանը ժամկետով սահմանափակված չէր, որովհետև Իգոր Խաչատուրովի ձերբակալման ժամկետը լրանում էր առավոտյան՝ ժամը 11.00-ի սահմաններում և կարող էր պաշտպանին ծանուցել՝ առավոտյան դատական նիստի մասին, ինչը չի կատարել։ Ակնհայտ էր միտումը, որ պետք է ամեն գնով հենց այդ օրը հասնեին Իգոր Խաչատուրովի կալանավորմանը, ինչն էլ նշանակում է, որ հրահանգավորված է եղել այս ամենը»,- նշեց Միհրան Պողոսյանը՝ հիշեցնելով, որ ի սկզբանե, երբ բողոք էր ներկայացրել ձերբակալման որոշման դեմ, այն մակագրվել է 2.5 ժամում, թեև բողոքը ներկայացվել էր ժամը 19.30-ին, մինչդեռ, ժամը 22.00-ին ինքնաբացարկի հիմքով դատարանի նախագահին հանձնված գործը հետաքրքիր զուգադիպությամբ մակագրվել է ընդամենը րոպեների ընթացքում. «Հիմա թող կարողանան բացատրել տարբերությունները, որ դա օբյեկտիվ անհրաժեշտությամբ է պայմանավորված։ Մեր բողոքը կարևո՞ր չէր, կարո՞ղ էին 2.5 ժամ վրան նստեն ու նամազ անեն, իսկ այս պարագայում երբ հրահանգ կար կալանավորելու, պետք է, անպայման, ամեն ինչ անեին, որ շատ արագ կերպով մակագրում տեղի ունենա՞ր։ Ամբողջությամբ քանդելու ենք ու մանրակրկիտ ներկայացնենք»։

Անդրադառնալով ՔԿ տարածած հաղորդագրությանը, թե իբրև Խաչատուրովը դեպքի ժամանակ եղել է թմրանյութերի ազդեցության ներքո և հրաժարվել է փորձանմուշներ տալուց՝ տոքսիկոքիմիական փորձաքննության համար՝ փաստաբանը ևս մեկ անգամ փաստեց, որ այդ հաղորդագրությունը պատրաստած, տարածած և որևէ առնչություն ունեցող պաշտոնատար անձանց մոտ առկա են բարոյահոգեբուժական խնդիրներ և պետք է նշանակվի փորձաքննություն։ Նրա խոսքով՝ դա ևս վկայում է այն մասին, որ այս ամենը հրահանգավորված և մեկ կենտրոնից ուղղորդվող գործողություններ են։

«Անձը առավոտյան ժամը 08.30-ին պատրաստվում է մասնակցել հասարակական բողոքի ակցիայի, այդ պայմաններում ինչքանո՞վ է օբյեկտիվ տվյալը, որ անձը կարող է լինել թմրանյութերի ազդեցության տակ։ Դա հատուկ է տարածվում, որ ԱԺ ուսապարկերը վեր կենան և ասեն, որ ակցիաների մասնակիցների շրջանում նման բան կա»,- նշեց փաստաբանը՝ հավելելով, որ իրականում Խաչատուրովը չի հրաժարվել փորձաքննություն անցնելուց, ներկայացել է համապատասխան կենտրոն՝ նմուշ հանձնելու, սակայն պարզել է, որ պաշտպանը ներկա չէ և պաշտպանի բացակայությամբ հրաժարվել է որևէ քննչական գործողության մասնակցելուց, ավելին, Խաչատուրովը որևէ պարտավորություն չունի նման փորձաքննության մասնակցելու, դա նրա իրավունքն է։

«Այս ամենը խոսում է այն մասին, որ շինծու գործով հետապնդում են փորձում իրականացնել Իգոր Խաչատուրովի նկատմամբ»,- ընդգծեց փաստաբանը՝ հավելելով, որ Խաչատուրովն ակցիաների մասնակցելու օրվանից ամեն օր պատրաստ է եղել, որ իր նկատմամբ շինծու հետապնդում կարող է իրականացվել, ոստիկանների կեղծ ցուցմունքներ են եղել, իսկ տեսանյութերով պաշտպանության կողմը կապացուցի, որ Իգոր Խաչատուրովը որևէ ոստիկանի չի հարվածել։

Իգոր Խաչատուրովի և ոստիկանների միջև առերեսում չի եղել, փաստաբանը նշեց, որ, հասկանալով, որ համակարգային շահ է իրականացվում, պատրաստակամություն են հայտնել առերես հարցաքննվելու ցանկացած քաղաքացիական անձի հետ, որը կմատնանշի Իգոր Խաչատուրովին՝ որևէ անօրինական գործողություն կատարելուց, նման առերես հարցաքննություն չի իրականացվել, որովհետև քաղաքացիները որևէ մոտիվացիա չունեն ստելու, սա գերատեսչային, քաղաքական շահ է։

Հիշեցնենք, որ Իգոր Խաչատուրովը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով, այսինքն՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը: ՔԿ տարածած հաղորդագրության համաձայն՝ մայիսի 17-ին, ժամը 08:30-ի սահմաններում, ընդդիմության նախաձեռնության մի խումբ մասնակիցներ Կիևյան փողոցի 15 հասցեի մոտակայքում փակել են ճանապարհը՝ խոչընդոտելով այլ քաղաքացիների ազատ տեղաշարժը: Ըստ ՔԿ-ի՝ այդ հատվածում ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցներն իրականացնելով հասարակական կարգի պահպանություն, հորդորել են բացել ճանապարհը՝ փորձելով նրանց հեռացնել ճանապարհից, որի ընթացքում նախաձեռնության մասնակիցներից երկուսը ձեռքերով հարվածներ են հասցրել ծառայություն իրականացնող ոստիկանի կրծքավանդակի շրջանում, ինչի արդյունքում վերջինս կորցրել է գիտակցությունը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ