09 05 2022

Մեզ փորձում են համոզել, որ մենք պարտվել ենք, փորձում են զրկել մեր հաղթանակներից. թույլ չենք տալու. Վահե Հակոբյան

Մեզ փորձում են համոզել, որ մենք պարտվել ենք, փորձում են զրկել մեր հաղթանակներից. թույլ չենք տալու. Վահե Հակոբյան

«Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանն ուղերձ է հղել Մայիսի 9-ի օրվա առթիվ:

«Մայիսի 9-ը եռատոն է հայ ժողովրդի համար:

Այսօր նշում ենք Հայրենական Մեծ Պատերազմում մեր պապերի հաղթանակի, Շուշիի ազատագրման ու Արցախի Պաշտպանության Բանակի ձևավորման օրը:

Մայիսի 9-ը միշտ եղել է հայ ժողովրդի տարբեր սերունդներին հաղթանակի գաղափարի շուրջ միավորող մեծ տոն:
Այսօր, փաստացի, մեզանից փորձում են խլել այդ տոնը:

Կասկածի տակ են դնում Հայրենական պատերազմում մեր նախնիների սխրանքը, այլասերում են ու փորձում ջնջել մեր պատմական հիշողությունը:

Դավաճանելով Արցախյան առաջին պատերազմում հայ ժողովրդի սխրանքը՝ հանձնեցին Շուշին ու փորձում են մեզ համոզել, որ պատմության այդ էջը փակված է: Հարցականի տակ են դնում Արցախի՝ բանակ ունենալու իրավունքը: Սա հանցագործություն է հայ ժողովրդի, հայի ինքնության, անցյալի, ներկայի ու ապագայի նկատմամբ:

Այս հանցագործությունը դադարեցնելու, անդունդը գլորվելու ընթացքը կանգնեցնելու համար ենք այսօր մենք դուրս եկել պայքարի՝ հանուն Հայաստանի, հանուն Արցախի, հանուն անցյալի ու ապագայի հաղթանակների:

Մեզ փորձում են համոզել, որ մենք պարտվել ենք ու պետք է համակերպվենք այդ պարտության հետ: Մեզ փորձում են զրկել մեր հաղթանակներից: Մենք դա թույլ չենք տալու:

Հայ ժողովուրդը պայքարող ու հաղթող ժողովուրդ է:

Մենք հետ ենք վերադարձնելու մեր հաղթանակները, լինելու ենք մեր պապերի արժանի ժառանգները, մեր երեխաներին մեծացնելու ենք որպես հաղթող ժողովրդի զավակներ:

Շնորհավոր մայիսի 9-ը,
Շնորհավոր Հաղթանակի օրը,
Շնորհավոր եռատոնը», - ասված է ուղերձում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ