06 05 2022

Ինչու՞ է Տեր-Պետրոսյանը ուզում մեկ սեղանի շուրջ նստեցնել Քոչարյանին, Սարգսյանին և Փաշինյանին․ Zham.am

Ինչու՞ է Տեր-Պետրոսյանը ուզում մեկ սեղանի շուրջ նստեցնել Քոչարյանին, Սարգսյանին և Փաշինյանին․ Zham.am

Zham.am-ը գրում է․ Ուշադրություն դարձնենք ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցի կառուցվածքին: Սկզբից նա «հիմնավորում է», որ այսօրվա աղետալի վիճակի համար պատասխանատու են հավասարապես ՀՀ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը և Նիկոլ Փաշինյանը: Հետո նշում, որ անկախ նրանից, թե ով է կառավարելու երկիրը, միևնույն է զիջումները Արցախի մասով «անխուսափելի են»:

Հետո նշում է, որ ընդդիմության բողոքը Փաշինյանի իշխանության դեմ էլ ավելի ծանր վիճակի մեջ է դնելու Հայաստանին: Որպեսզի միակողմանի չընկալվի, կես տոնով «քննադատում է» ոստիկանության բիրտ գործողությունները ցուցարարների դեմ: Իսկ վերջում նա ասում է իր խոսքի գլխավոր մասը՝ «...Եթե մեր մտավորականներն իրապես ազգանպաստ գործ կատարեն, թող ստիպեն Նիկոլ Փաշինյանին, Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին նստել մեկ սեղանի շուրջ և ելք գտնել ներքաղաքական ճգնաժամից...»:

Նախ սկսենք սկզբից: Որպես պատմաբան, նա նշում է, թե՝ «...Փոխզիջումների մերժման և ստատուս-քվոյի պահպահման քաղաքականությունը հանգեցրեց ազգային աղետի, ապացուցման կարիք չունի...»:

Այսինքն, այսօրվա աղետալի վիճակի համար, ոչ այնքան Փաշինյանն է մեղավոր, որքան նախկին իշխանությունները:

Այսպիսի պատմական մանիպուլյացիա իրեն թույլ չի կարող տալ ոչ մի լուրջ գործիչ: Քանզի իր հրաժարականից հետո, Հայաստանը 20 տարի ապրել է խաղաղ կյանքով:

Մինչդեռ, հիշեցնենք, որ ինքը՝ Տեր-Պետրոսյանը, պատերազմ էր ակնկալում դեռ 1998-99 թվականներին, իր հակառակորդներին անվանակոչելով «պատերազմի կուսակցության» ներկայացուցիչներ:

Մինչդեռ պատերազմն եկավ 2020 թվականին, այսինքն այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանի ջանքերով ամբողջովին ոչնչացվեց բանակցային գործընթացը: Վարքաբեկվեց և ծաղրանքի ենթարկվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցային ֆորմատը: Հանրությունը բաժանվեց սևերի և սպիտակների, հայաստանցի-ղարաբաղցի նոր հակադրություն մտցվեց: Դասակարգային հակասության մեջ դրվեց հայ-ռուսական հարաբերությունները: Իսկ վերջում, որպես վերջին քայլ իրականացվեց 2020-ի հուլիսյան տաուշյան ավանտյուրան, այդ գործընթացը զուգորդելով հայտնի «Շուշվա պարահանդեսով» և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դեմ ադրբեջանական «փողոցին» քսի տալով:

Էլ ի՞նչ էր պետք պատմաբան Տեր-Պետրոսյանին, որ նա համոզվեր, որ այդ վերջին պատերազմը գրեթե սադրեց Փաշինյանը, և որի համար մեղավոր չէին նախկինները:

Շատ բարոյական պետք չէ լինել, այս պարզ ճշմարտությունը հասկանալու համար: Մինչդեռ Տեր-Պետրոսյանը իրոք անխելք գործիչ չէ և, ի տարբերություն «փողոցային» գործիչ Փաշինյանի, շատ լավ հասկանում է քաղաքականության նույնիսկ ամենամանր նրբերանգները:

Մանավանդ, որ ինքը հենց այդ նույն հարցազրույցում նշում է, որ պատմությունը «եթե» չի սիրում:

Այսինքն, եթե Տեր-Պետրոսյանը փորձում է Փաշինյանի վարած քաղաքականության կործանարար հետևանքները «գցել» նախկինների գրպանը, ապա այդ տրամաբանությամբ, նա ինքն իրեն էլ կարող էր մեղադրել: Օրինակ նշելով, որ Առաջին Արցախյան պատերազմը անհերքելի հետք էր թողել ադրբեջանցիների վրա և նրանք ոչ մի պարագայում էլ չէին համաձայնվելու, որ Ղարաբաղը մնար Ադրբեջանի կազմում:

Նույն տրամաբանությունը շարունակելով, Փաշինյանի մեղքերը կարելի էր գցել նաև Առաջին հանրապետության ղեկավարների վրա: Քանզի հենց նրանց վարած քաղաքականության պատճառով էր, որ Հայաստանը պարտվեց Թուրքիային 1920 թվականին և Ղարաբաղը մնաց Ադրբեջանի կազմում: Կարելի էր մեղադրել նաև հայ կոմունիստներին, Անաստաս Միկոյանին, Հայաստանի կոմկուսի ղեկավարներին, ովքեր ԽՍՀՄ-ի ժամանակ մատը մատին չտվեցին, որ «Ղարաբաղը միացվեր Հայաստանին», ինչպես կատարվեց Ղրիմի մասով:

Կարելի էր ավելի հեռուն գնալ և մեղադրել Տիգրան Մեծին, որի քաղաքականության պատճառով կատարվեցին 1-ին, 2-րդ, 3-րդ սխալ քայլերը և որից հետո եկան մեր ժամանակները և ...խեղճ Նիկոլը ինչ աներ ստացած այդպիսի քաղաքական ժառանգության հետ:

Եթե Տեր-Պետրոսյանը լիներ շարքային պատմաբան, ապա կարելի էր առհամարհել նրա մտքերը, քանի որ ցավոք սրտի մեր պատմաբանների զգալի մասը, մեղմ ասած, չեն փայլատակում իրենց մտքերով:

Սակայն Տեր-Պետրոսյանը ոչ միայն շարքային պատմաբան չէ, այլև խելացի պատմաբան է: Ավելին, նա 7 տարի ղեկավարել է երկիր, և ուրեմն շատ լավ հասկանում է, թե ինչ է ասում և որ ամեն կարևորն է ինչու՞ է ասում այս կամ այն խասքը:

Նա շատ լավ հասկանում է, որ իր կանխատեսումը 1998-ին չիրականացավ և Հայաստանը կարողացավ զարգանալ առանց լուրջ զիջումների գնալու Արցախի հարցում: Ավելին, 2007-ին Մադրիդյան սկզբունքների ընդունումով միջազգային հանրությունը փոխեց իր տեսակետը այս հարցում և ընդունվեց այն դրույթը, որ այս կոնֆլիկտը կարող է լուծվել «կարգավիճակ տարածքների դիմաց» բանաձևով, որի տակ իդեպ իր ստորագրությունը դրեց նաև Ադրբեջանը:

Եթե Տեր-Պետրոսյանը լիներ միայն պատմաբան, ապա կշնորհավորեր Քոչարյանին և Սարգսյանին նման հաջողության համար: Սակայն նա կատարեց ճիշտ հակառակը, երկիրը գցեց ցնցումների մեջ, որից Հայաստանի շահը չէր երևում:

Բայց այս ամենի մասին Տեր-Պետրոսյանը երբեք չի խոստովանի, քանի որ իրեն ոչ այնքան պատմաբան է համարում, որքան քաղաքական գործիչ:

Եվ քանի որ իր «հոգեզավակի» իշխանության գալը Հայաստանի համար պատմական ողբերգությամբ է ավարտվել նա վախենում է, որ դրա պատասխանատուն կընկալվի նաև ինքը: Ահա, թե ինչու է նա փորձում ամեն կերպ տարանջատվել, իր բնորոշմամբ, «ազգակործան պատուհասից», որպեսզի վաղը պատմության դատաստանի առջև չկանգնի:

Իսկ որպեսզի հետփաշինյանական Հայաստանում այլ քաղաքական իրավիճակ լինի, նա փորձում է ձեռքի հետ Փաշինյանի պատմական մեղքերը գցել նաև նախկինների գրպանը:

Հատուկ նշենք Տեր-Պետրոսյանի համար, որ Փաշինյանի մեղքերը հետփաշինյանական Հայաստանում չի գցվի ոչ մեկի գրպանը: Քանի որ Փաշինյանի վարած քաղաքականության «իր կետը» ավելի շատ նման էր «Սասնա Ծռերի» կետին: Եվ այս հարցում, ի տարբերություն պատմաբան Տեր-Պետրոսյանի, հանուն ինչ-ինչ քաղաքական նպատակների, հետփաշինյանական Հայաստանի իշխանությունները քաղաքական սպեկուլյացիաների չեն գնա: Հետփաշինյանական Հայաստանի իշխանությունների համար ավելի կարևոր են ազգային համերաշխության սկզբունքներն ու նպատակները: Քանի որ ապագան լինելու է շատ վտանգավոր անկանխատեսելի, և որի ժամանակ հանրային միասնությունը լրացուցիչ դեր է կատարելու այդ ամենին դիմակայելու համար:

Այդ տեսանկյունից Տեր-Պետրոսյանին կարիք չկա ոչ արդարանալու, ոչ էլ մարդկանց գրպանը այլերի մեղքերը գցելու մոտեցումը, քանզի նման պահվածքը ոչ միայն սոլիդ չէ, այլև հարիր չէ իր համար:

Ինչ վերաբերվում է նրան, որ պարտվել է ոչ թե Փաշինյանը, այլ Հայաստանը, ապա կարող ենք ձևակերպել հետևյալով, Փաշինյանի համառ ջանքերով պարտվել է Հայաստանը: Սակայն դա չի ենթադրում, որ այս իրավիճակից դուրս գալու ուղին կրկին պիտի պատգամենք մի մարդու, ով հասցրել է մեզ այս վիճակի: Անկախ ամեն ինչից, նման պահվածքը ոչ միայն հակագիտական է, այլև ամոթալի է մեզ բոլորիս համար, անկախ մեր քաղաքական հայացքներից:

Եվ քանի որ իրավիճակը այդպիսին է, ապա ավելի ճիշտ կլիներ, որ Տեր-Պետրոսյանը հանդես գար ավելի ազնիվ առաջարկով: Ինչպես անել, որ Հայաստանի իշխանափոխության գործընթացը իրականանա խաղաղ և հնարավորինս մինիմալ ցնցումների ճանապարհով: Եվ ինչպես ձևավորել ժամանակավոր ներառական իշխանություն, որը կկարողանա իրականացնել հնարավորինս ազատ և ազնիվ ընտրություններ: Միաժամանակ, իշխանության ներկայացուցիչները ունենան «հումանիտար միջանցքով» հեռանալու հնարավորություն:

Այ եթե նման առաջարկով հանդես գար Տե-Պետրոսյանը, ապա ես առաջինը կպաշտպանեի նրա առաջարկը, անկախ նրանից, որ կշարունակեի նրա հետ ունենալ գաղափարական տարաձայնություններ:

Սա է իրականությունը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ