Տիգրանաշենից դեպի Երևան մեկնարկած երթի մասնակիցները՝ դիմադրության շարժման անդամները, համոզված են, որ մեկնարկած համաժողովրդական պայքարը շուտով ավարտվելու է՝ ցանկալի վերջնարդյունքով։
Երթի մասնակից, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղան Վարդանյանը լրագրողների հետ զրույցում ընդգծեց՝ կարևորում է հատկապես մեծաթիվ երիտասարդների մասնակցությունը համընդհանուր պայքարին։
«Սա իրենց հայրենիքն է, սա իրենց երկիրն է, սա իրենց վաղվա օրն է։ Երիտասարդները, ուսանողները տեսել են, թե այս 4 տարվա ընթացքում ինչ է եկել մեր երկրի գլխին»,- ասաց նա։
Աղվան Վարդանյանը վստահություն հայտնեց՝ հասարակությունը շատ ավելի է ակտիվանալու, մասնակցելու է բոլոր հետագա գործողություններին։
«Վստահ եմ, որ այս ապակենտրոն պայքարը, որին մասնակցում են տարբեր ուժեր, քաղաքացիների տարբեր խմբեր, որը վերկուսակցական համախմբում է, այս ամենի միավորումը, ամենայն հավանականությամբ՝ ապրիլի վերջ, մայիսի սկիզբ, այլևս նոն-ստոպ է լինելու, դադար չի ունենալու, մինչև այս սուտ, կեղծ, հակապետական, հակաազգային իշխանությունների հեռացումը, ինչը մեզ հնարավորություն կտա ունենալ արժանապատիվ կառավարություն, որը, վստահ եմ, կարճ ժամանակում կհամախմբի մեր հանրությանը, մեր ժողովրդին։ Այս թշնամանքը, այս ատելությունը կվերանա, և մենք կունենանք նույն այն հայ ժողովուրդը, որը հերոսական անցյալ ունի, որը պատրաստ է պաշտպանել իր արժանապատվությունը, իր պետականությունը»,- ընդգծեց քաղաքական գործիչը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը