Արցախի կարգավիճակի հարցում նշաձողն իջեցնելու առաջարկը մեկ մարդու կողմից չի հնչել, այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ պատասխանելով հաղորդավար Պետրոս Ղազարյանի հարցին, թե ով է այդ միջազգային հանրությունը, որ նման առաջարկություններ է անում և ինչպիսի անվտանգության երաշխիքներ կան, եթե այդ նշաձողն իջեցվի։
«Այս պահին կոնկրետ անուններ չեմ կարող ասել․․․ Դա մեկ հոգու կողմից չի առաջարկ եղել, բազմաթիվ գործընկերներ այս մասին մեզ հետ խոսել են։ Բայց երբ անվտանգության երաշխիքների մասին հարցնում եք, անվտանգության երաշխիքները մենք պետք է բանակցությունների ընթացքում ձևավորենք։ Այնպես չէ, որ իրենք ասել են, որ եթե այդ նշաձողը իջեցնեք, այ սրանք են անվտանգության երաշխիքները։ Ադրբեջանի հետ բանակցությունների շրջանակում, ինչպես նաև միջազգային հանրության աջակցության շնորհիվ ստեղծելու ենք այդ անվտանգության երաշխիքները։ Եթե անվտանգության երաշխիքները չլինեն, մենք բնականաբար այդտեղ չենք շարժվի, կպահպանվի գոյություն ունեցող ստատուս–քվոն»,– ասել է նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը