14 04 2022

Ադրբեջանի կազմում Արցախը ապագա ունի․ մեկ ապագա՝ ցեղասպանություն․ Դավիթ Բաբայան



Մենք գտնվում ենք մեր պատմության ամենաբարդ ժամանակահատվածում, Արցախի խորհրդարանի արտահերթ նիստին հայտարարեց Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը։

«Մեր ժողովրդի, մեր պետականության ապագայի հարցն է մեր առջև կանգնած, սա պետք է քաջ գիտակցենք։ Վճռվում է և որոշվում է ոչ միայն Արցախի, այլև Հայոց պետականության, հայ ժողովրդի ճակատագիրը»,- ասաց Արցախի ԱԳ նախարարը՝ ընդգծելով, որ այս պատասխանատվության զգացողությունը չպետք է լքի մեզ։

Անդրադառնալով Արցախի կարգավիճակի նշաձողերի շուրջ քննակումներին՝ Դավիթ Բաբայանը նշեց՝ նշաձողեր չունենք այլևս, ունենք կարմիր գծեր։

«Այդ կարմիր գծերի խախտումը կբերի պարզապես ողբերգության, որովհետև Ադրբեջանի կազմում Արցախը ապագա ունի, մեկ ապագա՝ ցեղասպանություն»,- շեշտեց նա։

Արցախի ԱԳ նախարարը հայտարարեց նաև՝ Արցախի կորստից հետո Հայաստանի Հանրապետության գոյությունը ևս վճռված է լինելու։

«Չի լինելու Հայաստանի Հանրապետություն․ ժամանակի խնդիր է լինելու։ Շատ շուտ այդ հարցը լուծվելու է, բնական է, ի վնաս հայ ժողովրդի»,- ասաց նա։
Դավիթ Բաբայանն անդրադարձավ նաև խաղաղության գաղափարին՝ ընդգծելով՝ դրան ոչ ոք չի կարող դեմ լինել, սակայն խաղաղությունը ներկա իրողությունում հայկական կողմի համար պետք է նշանակի հավասարակշռվածություն։

«Պետք է պահպանել այդ հավասարակշռվածությունը։ Դա հնարավոր է անել, որովհետև գոյություն չունի իդեալական խաղաղություն։ Բայց կարելի է կայունություն պահպանել՝ հենց հավասարակշռվածության միջոցով։ Բոլոր երկրներն էլ դրան են գնում։ Այդ հնարավորությունները կան, իսկապես կան»,- ասաց նա։

Այժմ Արցախի Հանրապետության նպատակը, ԱԳ նախարարի խոսքով, փրկելն է այն, ինչը մնացել է Արցախից, և դրա համար իրականացվելու են բոլոր անհրաժեշտ քայլերը՝ դիվանագիտական դաշտում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ