Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը եղել և կլինի իշխանության արտաքին քաղաքականության գլխավոր ուղեցույցը: Այս մասին Ասկերան քաղաքում շրջվարչակազմի պատասխանատուների, համայնքների ղեկավարների և տեղի ակտիվի հետ հանդիպմանը հայտարարել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն՝ ընդգծելով, որ այդ օրակարգից պաշտոնական Ստեփանակերտը չի շեղվելու:
«Այն, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը սակարկման ենթակա չէ, դա միանշանակ է: Մենք չենք շեղվելու անկախության մեր ճանապարհից»,-ասել է Արայիկ Հարությունյանը:
Հանդիպմանը Արցախի նախագահը խոսել է աշխարհաքաղաքական վերջին զարգացումներից և այդ համատեքստում անելիքների մասին: Նա նշել է, որ թևակոխում ենք ծանր նոր փուլ՝ կապված ռուս ուկրաինական ռազմական գործողությունների հետ:
Արայիկ Հարությանն անդրադարձել է նաև Ադրբեջանի գործողություններին, մասնավորապես այն, որ մարտի 24-ին հերթական անգամ խախտել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի դրույթները և չի թաքցնում իր ծավալապաշտական նկրտումները:
«Ադրբեջանը խախտել է պայմանը և առաջին հերթին կասկածի տակ է դրել ռուսական խաղաղապահ առաքելությունը»,-նշել է Արցախի նախագահը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը