11 04 2022

Մինսկի խումբն այս պահին այլընտրանք չունի. այն սառեցվել է, ոչ թե լուծարվել․ Դավիթ Բաբայան

Մինսկի խումբն այս պահին այլընտրանք չունի. այն սառեցվել է, ոչ թե լուծարվել․ Դավիթ Բաբայան

ԵԱՀԿ Մինսկի խումբը Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման միակ հարթակն է, և որպեսզի այլընտրանքներ լինեն, պետք է գոյություն ունենան բոլորի համար ընդունելի հարթակներ, «Սպուտնիկ Արմենիա»-ի հետ զրույցում կարծիք է հայտնել Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը։

Ապրիլի 8-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան հրաժարվում են ՌԴ–ի հետ համագործակցել արցախյան հարցով, հետևաբար, նրանց կողմից չեղարկվել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափը։

«Վաղաժամ է ասել` ինչպիսի զարգացումներ կլինեն, ինչ ճակատագիր կունենա Մինսկի խումբը, սակայն, ինչքան տեսնում ենք, դեռևս այդ ձևաչափից չեն հրաժարվել։ Այո, նշվեց, որ Մինսկի խմբի գործունեությունը սառեցվում է, սակայն չեմ կարծում, որ արդեն իսկ ձևաչափը վերացել է կամ լուծարվում է, քանի որ գործընթացը պետք է այլ ընթացակարգով իրականանա, եթե նման ցանկություն առաջանա համանախագահ երկրների մոտ»,–ասել է Բաբայանը։

Նա հիշեցրել է, որ Մինսկի խումբը ձևավորվել է 1994-ի Բուդապեշտի հիմնադիր գագաթնաժողովի որոշումների համաձայն և ամբողջությամբ ձևավորվել է 1997-ին` կոնսենսուսի հիման վրա․ այսինքն, որպեսզի լուծարվի, ԵԱՀԿ–ն նորից պետք է գագաթնաժողով հրավիրի, բոլորը մասնակցեն և կոնսենսուսի միջոցով որոշում կայացվի։

Բաբայանը շեշտել է` ոչ մեկը չի հայտարարել, որ ԵԱՀԿ ՄԽ–ն լուծարվում է, և դա կարևոր գործոն է. պարզապես, հաշվի առնելով այն, որ Ռուսաստան-Արևմուտք հարաբերությունները գերլարված են, կառույցի գործունեությունն առժամանակ սառեցվում է։ Նա հավելել է` հույս ունեն, որ հարաբերությունները կկարգավորվեն, և Մինսկի խումբը կսկսի գործել լիարժեք ձևաչափով։

Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ