11 04 2022

«5-րդ ալիքի» հանդեպ կայացվել է անարդար որոշում, որը կվիճարկենք․ Հարություն Հարությունյան

«5-րդ ալիքի» հանդեպ կայացվել է անարդար որոշում, որը կվիճարկենք․ Հարություն Հարությունյան

«5-րդ ալիք» հեռուստաընկերության տնօրեն Հարություն Հարությունյանը NEWS.am-ի հետ զրույցում անդրադարձել է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի կողմից հեռուստաընկերության նկատմամբ հարուցված վարչական վարույթին, նաև խոսել «5-րդ ալիքի» մասին ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանի հայտարարությանը։ Հարցազրույցը կարդացեք ստորև։

Վերջին երկու օրվա ընթացքում «5–րդ ալիքը» հայտնվել է քննադատության թիրախում։ Նախ ՀՌՀ-ն որոշեց վարչական տույժ կիրառել հեռուստաընկերության հանդեպ, իրենց ձևակերպմամբ, «եթերով գռեհկաբանություն և հայհոյախոսություն տարածելու համար»։ Ավելի ուշ ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը, անդրադառնալով այս թեմային, վիրավորանքներ ուղղեց հեռուստաընկերության ղեկավարության հասցեին։ Ինչո՞վ կբացատրեք այս պահվածքը և արդյոք այս ամենում կա քաղաքական ենթատեքստ։

Վարչական վարույթի մասին մամուլում շատ է խոսվել, ավելացնելու բան չունեմ: Մենք համարում ենք, որ մեր հանդեպ անարդարացի որոշում է կայացվել և այդ հարցը վիճարկելու ենք միանշանակ: Ինչ վերաբերում է իմ հասցեին արված գրառմանը, այսպես կասեմ. Ես չեմ պատասխանելու, որովհետև ինքը հանրային հարթակում վիրավորանքը ուղղել է իմ հասցեին: Հնարավոր է առաջիկայում ևս, ասենք՝ Պետրոս Ղազարյանի մոտ, կամ «Հայկական ժամանակում» նույնը կրկնվի, բայց ես չեմ պատրաստվում նրան պատասխանել: Անձնական հարցեր ճշտելու համար տարբեր ձևեր և միջոցներ կան, ինքը ընտրեց այդ տարբերակը, այն դեպքում, երբ ես ոչ մի անգամ չեմ բարձրաձայնել նրա անունը: Նույնիսկ oragir.news-ի հարցին, թե ինչ է ասել Տիգրան Հակոբյանը, երբ լսել է իմ պարզաբանումները, ասել եմ «Ոչ միայն Տիգրան Հակոբյանը, այլև հանձնաժողովի գերակշռող մեծամասնությունը իրենց ասելիքը դրսևորեցին քվեարկությամբ, իսկ հանձնաժողովի նիստը շատ էմոցիոնալ դրսևորումներով հարուստ էր թե՛ իրենց, և թե՛ իմ կողմից: Մենք իրար չէինք հասկանում, և բնական է, որ այդպես պետք է լիներ: Ես խոսում էի լրագրության մասին, իրենք՝ էրոտիկ ժանրի հաղորդման: Իրենք իրենց խնդիրն էին լուծում, իսկ ես հայտնվել էի Դոն Քիշոթի դերում՝ անիմաստ պայքարում էի հողմաղացների դեմ»։

Հեռուստաընկերության հանդեպ քննադատության նոր դաշտ բացեց Էդմոն Մարուքյանը։ Ըստ նրա, արցախցիների շրջանում «5-րդ ալիքը» պառակտիչ թեզեր է տարածում։ Նա, մասնավորապես, գրել է. «Եթե հանրային մուլտիպլեքս զբաղեցնող ԶԼՄ-ն կամ Հայաստանում գրանցված որևէ կայք արցախցուն համոզում է, որ Հայաստանը լքել է իրենց, ձեռքերը լվացել, դավաճանել և ոչնչով չի ուզում աջակից լինել, Արցախում այդպիսի նարատիվների արմատավորումն ո՞ւմ է ձեռնտու»։ Ինչպե՞ս կհակադարձեք այս մեղադրանքներին։

Էդմոնը իր հարազատ ոճի մեջ է: Ինքը ոչ թե պետք է հարցուփորձ աներ, որ իմանար թե ժողովուրդը որտեղից է իմացել, այլ պետք է հետահայաց նայի իր հարցազրույցները և հասկանա, որ մենք, ինչպես իր՝ այն ժամանակվա, երբ ընդդիմադիր էր իրեն համարում, ելույթներն ենք որպես փաստ արձանագրել, այնպես էլ՝ այսօրվա վերլուծաբանների, քաղաքագետների և ընդդիմության ներկայացուցիչների: Մենք նաև արձանագրել ենք, որպես փաստ, իր սենյակում վարչապետի հետ սրճախմությունից հետո, իր հայտարարությունը, ինչպես նաև պատերազմից հետո եռակողմ հայտարարությունը իր կողմից կապիտուլյացիա որակելը: Հետո ի՞նչ, որ հիմա ինքը պաշտոնյա է, ուրեմն պետք է հերքի, ասի, որ նման բաներ չի եղե՞լ: Էդմոն Մարուքյանը շեշտում է՝ «Արցախին 144 միլիարդի աջակցություն ենք տրամադրելու, անցյալ տարի ավելի շատ ենք տրամադրել՝ այստեղ չհաշված այլ տեսակի աջակցությունները: Այդ ինչպե՞ս է Հայաստանը ձեռքերը լվացել, այս ի՞նչ եք խոսում կամ մտածում...»: Բայց մենք ոչինչ էլ չենք մտածում, մենք արձանագրում ենք փաստերը, մենք ոչինչ չենք հորինում: Ինքն էլ թող գա, մեր եթերից պնդի հակառակը և բալանսավորի: Գիտե՞ք, ամերիկյան մի փաստավավերագրական ֆիլմ կա, որտեղ մահվան դատապարտվածին, էլեկտրական աթոռին նստեցնելուց առաջ վերջին ճաշ են մատուցում՝ ըստ դատապարտյալի ցանկության: Դատապարտյալը ուտում է առաջին ուտեստը, երկրորդը իսկ երրորդը՝ կեքսը պահում է, մտածելով հետո կուտի: Եւ այդ կեքսը, որ ինքը շատ էր սիրում, վերջում մնում է դատարկ սենյակում (խցում): Ի՞նչ է ստացվում, նորօրյա «դիվանագետը» ամեն ինչ չափում է փողով: Բայց չէ՞ որ փողից ավելի կարևոր բան էլ կա՝ անվտանգությունը: Եւ վերջապես, ես մեղավոր չեմ, որ մարդիկ նախընտրում են նայել «5-րդ ալիք», լսում են՝ «Ազատություն» ռադիոկայան, իսկ իր նախընտրած ալիքներին մարդիկ չեն վստահում կամ չեն նայում: Ո՞վ է մեղավոր, ե՞ս, մեր թիմը՞: Իսկ ինքը ի՞նչ է ուզում, ուզում է հետ բերել բրեժնևյան ժամանակները՞: Ինքը երազում է, որ մենք իր քիմքին հաճելի խմբագրե՞նք մասնագետներին, ընդդիմադիր գործիչներին, եթեր չհեռարձակե՞նք նրանց կարծիքներն ու վերլուծությունները: Ես թեթև եմ տանում ցուգցվանգի մեջ հայտնված քաղաքական գործիչի մտքերը, եթե իրոք դրանք իր մտքերն են, և տողատակում ուրիշ պատվեր չկա: Մարդը, վերջապես, հատուկ հանձնարարություններով դեսպան է: Ինչ իմանաս քամին որտեղից է փչում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ