Այսօր հեռախոսազրույց է տեղի ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև: Նախ հեռախոսազրույցի մասին հայտնել է Փաշինյանի մամուլի ծառայությունը, որից հետո հաղորդագրություն է տարածել Կրեմլի կայքը:
Ուշագրավ է, որ հայկական և ռուսական կողմերի տեքստերում էական տարբերություններ կան։ Այսպես, ի տարբերություն հայկական կողմի ՝ Կրեմլը նշում է, որ հեռախոսազրույցը կայացել է Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ։ Կողմերը քննարկել են Բրյուսելում կայացած Փաշինյան-Ալիև հանդիպումը, և, ինչպես նշում է Կրեմլի կայքը, այդ ենթատեքստում «Վլադիմիր Պուտինն ու Նիկոլ Փաշինյանը հաստատել են Ղարաբաղի վերաբերյալ հիմնարար եռակողմ պայմանավորվածությունների հետևողական իրականացման կարևորությունը»: Այս մասին, սակայն, հայկական կողմը չի նշում:
Փաշինյանի մամուլի ծառայությունը նշում է, որ «Ռուսաստանի Դաշնության նախագահը պատրաստակամություն է հայտնել լիովին աջակցել Բաքվի հետ խաղաղ համաձայնագրի հետ կապված գործընթացներին»: Կրեմլի հաղորդագրության մեջ նման ձեւակերպում չկա: Խիստ ուշագրավ է, որ ՀՀ վարչապետի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ ասվում է, որ կողմերը քննարկել են Արցախում տիրող իրավիճակը և «Փաշինյանը հայկական կողմի ակնկալիքն է հայտնել, որ ռուս խաղաղապահները կոնկրետ քայլեր կձեռնարկեն ներխուժած ադրբեջանական ստորաբաժանումների դուրսբերումն ապահովելու համար»: Այս մասին Կրեմլի հաղորդագրության մեջ խոսք անգամ չկա: Կրեմլի կայքում նաև նշված չէ, որ կողմերը քննարկել են տնտեսական համագործակցությունը, ինչի մասին նշում է հայկական կողմը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը