Աշխարհում և տարածաշրջանում վերջին զարգացումները վկայում են, որ սկսվել է նոր փուլ՝ միջազգային հարաբերություններ առանց կանոնների։ Ով ինչպես կարողանում, այնպես էլ կառուցում է իր քաղաքականությունը։ Շանտաժը, հանդիմանանքը, վախերը, որ կարծես թե մնացել էին անցյալում, այսօր կրկին արդիական են։
Հայաստանի գործող իշխանություններն արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո առաջ քաշեցին «խաղաղության դարաշրջանի» գաղափարը։ Նման օրակարգի խոցելիությունն ի սկզբանե նախանշվեց ներքաղաքական անոմալիաներով, որոնք տեղի ունեցան մեր երկրում։ Մեր տարածաշրջանում և մեր իրավիճակում խաղաղության մասին խոսել պատերազմում պարտված գործիչների շուրթերով՝ նշանակում է ի սկզբանե պատրաստ լինել նոր զիջումների, լինել անվճռական և ամբողջությամբ կախված արտաքին գործոններից (գործընկերներից)։ Սա խաղաղություն ձեռքբերել չէ, այլ՝ երկրի բնակչության մոտ գերակշռող վախի և տագնապի զգացման տարրական շահագործում։ Նման քաղաքականությունը վերջնարդյունքում հանգեցնում է այն բանին, որ թույլին կարելի է ավելի ուժեղ ցավեցնել և նրա հետ խոսել միայն վերջնագրերի լեզվով։ Արդյունքում հնարավոր չի դառնում չեզոքացնել պատերազմի վտանգը։
Խնդիրները, որոնց հիմա առնչվում է Հայաստանը, կարող էին չլինել, եթե ժամանակին ձևավորվեր նոր իշխանություն։ Այդ նոր իշխանությունը հնարավորություն կունենար՝ վերցնել դադար, ձևակերպել նոր փաստարկներ և սկսել իրական երկխոսություն գործընկերների հետ։ Բայց պարտությունից հետո թուլացած Հայաստանը չկարողացավ վերցնել այդ դադարը, որպեսզի հնարավորություն ունենար վերախմբավորվելու և նոր դիրքերից աշխատելու։
Այնուհանդերձ, նույնիսկ այսօր մենք ունենք հնարավորություն՝ ավելի համարձակ լինելու և տարածաշրջանում մեր կորցրած դիրքերը վերականգնելու։ Մենք պետք է գիտակցենք, որ 44-օրյա պատերազմից հետո, մեր ողջ թուլությամբ և խոցելիությամբ հանդերձ, Հարավային Կովկասի բանալին գտնվում է մեր ձեռքերում։ Բոլոր հիմնական խաղացողները հասկանում են, որ այսօրվա հայաստանյան որոշումների արդյունքում կա´մ Թուրքիան դառնում է Կովկասի նոր «նայողը», կա´մ այդ դերում մնում է Ռուսաստանը՝ դիրքերն ուժեղացնելու հեռանկարով։ Այս առումով կա որոշակիության խնդիր՝ թե ու´մ հետ է Հայաստանը կապում իր ապագան կամ ու´մ է հանձնելու Հարավային Կովկասի բանալին։
Ադրբեջանի հետ խաղաղ պայմանագրի արագ ստորագրումը ճանապարհ է բացում թուրքական էքսպանսիայի համար և որոշակի իմաստով դառնում է հետքայլ՝ Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերություններից։ Ադրբեջանը, չթաքցնելով իր մտադրությունները, արդեն բացահայտ հակառուսական խաղ է սկսել։ Բացառված չէ իրավիճակ, որ լարվածության բարձրացման դեպքում Ադրբեջանը ռուսական զենքը կիրառի Արցախում ռուսական զինվորականների դեմ։
Խաղաղության պայմանագիրը՝ առաջարկվող պարամետրերով, նշանակում է Արցախ՝ Ադրբեջանի կազմում, ինչը 30 տարի անկախության համար պայքարից հետո նշանակելու է՝ ունենալ Նախիջևանի ճակատագիրը։ Սա ենթադրում է նաև ռուս խաղաղապահների դուրսբերումն Արցախից և հետագայում ռուսական ռազմաբազայի դուրսբերումը Հայաստանից։ Այսօր արագացված կերպով ստորագրելով խաղաղության պայմանագիր՝ առանց հայկական ռազմավարական շահերի, մենք նպաստելու ենք Թուրքիայի և նրա դաշնակիցների համար Հայկական հարցի փակմանը։ Իսկ տարածաշրջանում իրավիճակի փոփոխության հիմնական ելակետ է դառնում թյուրքական կոալիցիայի և ռուսական ուժերի պոտենցիալ ուղիղ առճակատումը։ Այսօր բոլոր կողմերը ձգտելու են խուսափել նման զարգացումից։
Ինչու՞մ է հայկական նախաձեռնողականության էությունը.
1 Հայկական կողմը պետք է հետևի եռակողմ հայտարարությունների տրամաբանությանը, որտեղ չկա որևէ ձևակերպում խաղաղ պայմանագրի մասին։ Որքան էլ տարօրինակ է, սա այդ փաստաթղթերի ակնհայտ առավելությունն է, այդ պատճառով անհրաժեշտ է հրատապ կերպով հրավիրել Մինսկի խմբի համանախագահների հանդիպում՝ արտգործնախարարների մակարդակով և առաջարկել՝ քննարկել Ղարաբաղյան հակամարտության քաղաքական կարգավորման սկզբունքները։ Պետք է անել հարցադրում՝ հրաժարվու՞մ է արդյոք Մինսկի խումբը այսպես կոչված Մադրիդյան սկզբունքներից, թե՞ ոչ և, հատկապես, ազգերի ինքնորոշման իրավունքից։ Պետք է փորձել հասկանալ՝ աշխատու՞մ է արդյոք Մինսկի խումբը, թե՞ կարգավորման պրոցեսը գտնվում է ազատ անկման մեջ։
2 Եթե միջազգային հանրությունը չի արձանագրում ազգերի ինքնորոշման իրավունքը՝ որպես հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքներից մեկը, ապա պետք է պարզ դառնա, որ հայկական կողմն իրեն իրավունք է վերապահում՝ ճանաչել Արցախի անկախությունը, ինչպես նաև Արցախում անցկացնել հանրաքվե՝ սեփական սուվերենության հարցով։
3 Հայաստանը պետք է պահանջի գերեվարված անձանց անհապաղ վերադարձ՝ որպես նախապայման՝ Ադրբեջանի հետ ուղիղ բանակցությունների։
4 Հայկական կողմը պետք է միջազգային հարթակներում ավելի ակտիվորեն ներկայացնի Ղարաբաղում տիրող իրավիճակը և Ադրբեջանի կողմից տարվող էթնիկ զտման քաղաքականությունը, հայկական մշակութային և կրոնական ժառանգության ոչնչացման փաստերը։ Հայկական կողմը պետք է իրականացնի դիվանագիտական և տեղեկատվական աջակցություն ռուսական խաղաղապահ ուժերին։
5 Պետք է հրապարակայնացնել տարածաշրջանում բոլոր ճանապարհների և հաղորդակցության ուղիների ապաշրջափակման տարբերակները, որոնք առաջարկում կամ քննարկում է հայկական կողմը, դրանով իսկ վերահաստատելով պատրաստակամությունը՝ իրականացնելու ձեռք բերված պայմանավորվածությունները։ Հայաստանը պետք է առաջարկի՝ հրավիրել այս թեմայով միջազգային կոնֆերանս՝ 3+3 ձևաչափի, ինչպես նաև՝ Չինաստանի, Հնդկաստանի, Պարսից Ծոցի երկրների, ԵՄ և ԱՄՆ, Համաշխարհային բանկի, Ասիական բանկի և Եվրասիական բանկի մասնակցությամբ, այսինքն՝ դոնոր-կոնֆերանս՝ տարածաշրջանային հաղորդակցության ուղիների հիմնական ուղղությունների և զարգացման նախագծերի որոշման, ինչպես նաև՝ դրանց անխափան գործունեության երաշխիքների և իրականացման համար անհրաժեշտ միջոցների ներգրավման համար։
6 Անհրաժեշտ է նախաձեռնել Ռուսաստանի և Հայաստանի միջև դաշնակցային հարաբերությունների նոր փուլի մասին հռչակագրի ստորագրում, որն ի թիվս այլոց պետք է պարունակի հետևյալ կետերը.
- Այն մասին, որ Ռուսաստանը հանդիսանում է Հայաստանի տարածքային ամբողջականության երաշխավորը և պատրաստ է ցույց տալ ռազմական և այլ տիպի աջակցություն (այդ թվում՝ ՀԱՊԿ խողովակով)՝ Հայաստանի հանդեպ երրորդ երկրի ագրեսիայի դեպքում։
- Այն մասին, որ Ռուսաստանը և Հայաստանը պետք է համատեղ ջանքեր գործադրեն Ղարաբաղյան հակամարտության քաղաքական կարգավորման ուղղությամբ՝ հաշվի առնելով նաև ազգերի ինքնորոշման իրավունքը։
- Այն մասին, որ ռուսական կողմը երաշխավորում է՝ տարածաշրջանում երրորդ կողմին տրամադրված զենքը չի օգտագործվելու Հայաստանի և Արցախի դեմ։ Ռուսաստանը նախաձեռնում է քայլեր՝ Հայաստանի՝ սկզբունքորեն նոր հակաօդային պաշտպանության համակարգի ստեղծման և ռուսական 102-րդ բազայի առավելագույն մոդեռնիզացիայի և ուժեղացման ուղղությամբ։
- Այն մասին, որ Ռուսաստանը պատրաստակամ է Հայաստանում համատեղ ռազմաարդյունաբերական համակարգեր ստեղծել։
- Այլ՝ Հայաստանի տնտեսական ինտեգրացիայի և պարենային անվտանգությանն աջակցող քայլեր։
Ամփոփում
Աշխարհը և հարևանները պետք է տեսնեն, որ մենք որպես պետություն չենք պատրաստվում մարել և պատրաստ ենք ոչ միայն լինել արժանի դաշնակից, այլև՝ ինքներս մեզ պաշտպանել։ Դրա համար պետք է որակապես նոր իշխանություն և հայկական աշխարհի ռեսուրսների համախմբում։
Արմեն Գևորգյան
ՀՀ ԱԺ Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը