01 04 2022

Իշխանության քաղաքականությունը՝ Հայաստանը վերջնական կապիտուլյացիայի տանելն է․ Գագիկ Մինասյան



Երեկ կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, ըստ ՀՀԿ ԳՄ անդամ Գագիկ Մինասյանի, միայն առաջին հայացքից են, որ հակառակվում են այն տեսակետին, որը իրականացրել է ՀՀ իշխանությունը՝ վերջին 1,5 տարիների ընթացքում: Իսկ այդ քաղաքականությունն, ըստ նրա, Հայաստանը վերջնական կապիտուլյացիայի տանելն է: Այսօր «Հայելի» ակումբում կայացած ասուլիսում Գագիկ Մինասյանը նկատեց, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայից հետո, Թուրքիան և Ադրբեջանը Հայաստանի դեմ տանդեմով են հանդես գալիս, իսկ Հայաստանը գնում էր խաղաղության՝ ընդհանրապես չխոսելով խնդիրների մասին: Մասնավորաբար՝ անվտանգային, որոնց մասին, ըստ բանախոսի, անընդհատ խոսում էին ընդդիմադիրները, իսկ իշխանական շրջանակները կրկին հակադարձում էին, թե ամեն ինչ լավ է, իսկ դուք խանգարում եք խաղաղության օրակարգին:

«Բանը հասել էր նրան, որ երբ Արցախում գազը տևական ժամանակ չկար, ՀՀ իշխանության ներկայացուցիչը հայտարարում էր՝ մարդիկ պետք է սովորեն այդպես ապրել: Սրան զուգահեռ, իշխանությունը ֆինանսները բանակ չէր ուղղում, դրանք գնում էին դեպի ոստիկանություն, դեպի իշխանության անվտանգությունը, այսինքն, խնդիրը ոչ թե պետության, այլ իշխանության պահպանությունն էր: Այս ամենի ֆոնին  ուշագրավ է Նիկոլ Փաշինյանի երեկ արած հայտարարությունները և ,եթե 2020 թվականի նոյեմբերի 9-ին եռակողմ հայտարարությունը տարածվեց ՀՀ, Ադրբեջանի և  ՌԴ ղեկավարների անունից, ապա նախատեսվող փաստաթուղթն արդեն համաձայնագիր է, որը, և՛ կստորագրվի, և՛ կվավերացվի։ Ադրբեջանում կվավերացվի, որովհետև դա ադրբեջանանպաստ է, իսկ Հայաստանում կվավերացվի, որովհետև Հայաստանի իշխանություններն են ադրբեջանանպաստ»,-ասաց Գագիկ Մինասյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ