29 03 2022

Մեր վաստակած ազատությունը արդարացնում էր մեր լույս տղաների զոհաբերությունը, իսկ ի՞նչ ունենք հիմա. Աշոտ Ղուլյան․ «Իրավունք»

Մեր վաստակած ազատությունը արդարացնում էր մեր լույս տղաների զոհաբերությունը, իսկ ի՞նչ ունենք հիմա. Աշոտ Ղուլյան․ «Իրավունք»

«Իրավունք»-ը գրում է․ Ի՞նչ նպատակ է հետապնդում թշնամին կրկին անգամ փորձ անելով Արցախի տարածքային ամբողջականությունը խախտելով,  ինչպե՞ս է Արցախում ընկալվում այն փաստը, երբ ՀՀ իշխանություններն այլևս անթաքույց հայտարարում են, որ Ադրբեջանի ներկայացրած հինգ կետանոց առաջարկը նրանց համար լրիվ ընդունելի է: Այս եւ այլ հարցերի շուրջ «Իրավունքը» զրուցել է Արցախի Ազգային ժողովի նախկին նախագահ, ԱԺԿ կուսակցության ղեկավար, քաղաքական գործիչ ԱՇՈՏ ՂՈՒԼՅԱՆԻ հետ:

-Պարոն Ղուլյան, ի՞նչ նպատակ է թշնամին հետապնդում` խախտելով Արցախի տարածքային ամբողջականությունը, և որքանո՞վ նրա նպատակները կարող են իրականություն դառնալ` հաշվի առնելով առկա իրողությունները:

-Այստեղ որևէ գաղտնիք չկա` թշնամին առանց դիվանագիտական հնարքների բացահայտ հայտարարում է իր նպատակների մասին և ամեն օր այդ ուղղությամբ իր աշխատանքային տետրում նշում է` «կատարված է»: Խնդիրը մեզանում է` ավելի ճիշտ, մեր աշխատանքային տետրի բացակայության մեջ է: Էլ չեմ խոսում հետպատերազմյան շրջանի համար անհրաժեշտ ռազմավարության ու դրա տակ մշակված ծրագրերի մասին, որոնց ցանկում կարելի է «կատարվում է» գրառում անել միայն պատերազմից հետո պահանջված սոցիալական ռեաբիլիտացիայի ծրագրերի դիմաց, այն էլ «մասնակիորեն» հետգրության հետ:

Ես չեմ կարծում, թե իմ ասածը նորություն է` այսօր այդ մասին խոսում են համատարած, բայց հարցի հասցեատերը պետական համակարգն է` այն ինստիտուտները, որոնք ձևավորված են հենց ժողովրդին հուզող հարցերին պատասխաններ տալու և այդ ծրագրերն իրականացնելու նպատակով:
Մեր այսօրվա վիճակը արդյունք է 2020թ նոյեմբերի 9- ին միանձնյա ու հապճեպ համաձայնեցված եռակողմ հայտարարության, որում բացակայում է հայկական կողմից` իր շահերը պաշտպանելու ցանկությունը: Հասկանալի է, թե ինչ իրավիճակում է այն համաձայնեցվել, բայց հենց այդպիսի իրավիճակում կարելի էր գոնե մեկ-երկու դրույթով երաշխավորել Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանությունը:

Նույնիսկ այդպիսի նեգատիվ հիմքի վրա կարելի է աշխատել` իրավիճակը փոխելու նպատակ դնելով և ճանապարհային քարտեզ ունենալով: Իսկ մենք մեր ամբողջ ռեսուրսը կենտրոնացրել ենք Վեդիի համայնքապետի ընտրությունների վրա կամ էլ զբաղված ենք  սեղանի աղամանների և ծխելն արգելելու խնդիրներով, այնպես, ինչպես Դանիայում կամ Լյուքսեմբուրգում: Նրանց դեպքում դա լիովին հասկանալի է` նրանք չեն ապրում Ադրբեջանի ու Թուրքիայի հարևանությամբ: 

-Առհասարակ, ինչպե՞ս են արցախցիները առկա իրողությունների համատեքստում պատկերացնում Արցախի ապագան: Ինչպե՞ս է ընկալվում այն փաստը, երբ ՀՀ իշխանություններն այլևս անթաքույց հայտարարում են, որ Ադրբեջանի ներկայացրած հինգ կետանոց առաջարկը նրանց համար լրիվ ընդունելի է:

-Արցախցիները,  ինչքան էլ դա զարմանալի կարող է թվալ ոմանց` շարունակում են հավատալ, որ անկախ, ինքնիշխան երկրորդ հայկական պետությունը հոմանիշ է ազգային արժանապատվության, առանց որի վտանգված է հայկական ինքությունն ու հայկական անկախ պետականությունն ընդհանրապես: Չի կարելի չնկատելուն տալ, որ 2020թ. աշնանը 44 օրյա պատերազմից հետո մենք մարդկային թանկ կորուստներից բացի լուրջ իմիջային կորուստներ ենք ունեցել, բայց դա այն նույն ժողովուրդն է, որ 1988-91թթ. դիմակայել է ծանրագույն փորձությունների, որ 1992թ. ամռանը` կորցնելով իր տարածքի համարյա կեսը, իր մեջ ուժ գտավ վերականգնելու հռչակված հանրապետության տարածքային ամբողջականությունը, դեռ մի բան էլ` ավելի:
Իսկ հիմա կողքից նայենք ու տեսնենք, թե մեզ ինչ է պակասում այս օրերին, երեսուն տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունների համեմատ, կարելի է, իհարկե, մի քանի սկզբունքային կետեր թվարկել, բայց գլխավորը համազգային սևեռումն է` նվիրումը ընդհանուր նպատակին ու հանուն այդ երազանքի զրկանքներ կրելու պատրաստակամությունը: 
Մեր վաստակած ազատությունը արդարացնում էր մեր լույս տղաների զոհաբերությունը, իսկ ի՞նչ ունենք հիմա. ոչ պակաս հայրենասեր սերնդի ու դրա հետ էլ` Հայրենիքի մի զգալի մասի կորուստ և բաց ներվի պես իրեն ամեն րոպե զգացնել տվող վնասված արժանապատվությու՞ն: Նույն Քարագլխի պաշտպանության համար իմ հարազատ գյուղի մոտ քսան և հարակից գյուղերի ինքնապաշտպանության ջոկատներից մի քանի տասնյակ ջահել տղաներ են զոհվել 1992-93թթ., բայց նրանք անառիկ են պահել բարձունքը, իսկ հիմա՞ միայն լսում ենք, որ թուրքերը անարգել եկել ու հասել են իրենց համար մինչև հիմա անառիկ մնացած այդ վայրը: Հիմա հասկանալի՞ է, թե որտեղից է նրանց այդ ցնծությունը:
Ինձ համար դժվար է պատկերացնել, թե ինչքանով կարող է լրիվ ընդունելի լինել Ադրբեջանի հինգ կետերով առաջարկությունը, որովհետև ռեալ իրականության մեջ որևէ խաղաղասիրական ակնարկ չեմ տեսնում այդ կողմից: Հակառակը` ինչքան ասեք: Եվ մի բան էլ եմ ուզում ընդգծել, այն` ինչ ձեռնարկել է Ադրբեջանը վերջին մեկ ամսվա ընթացքում Արցախի հայաթափման բացահայտ կոչերը, նոր էթնիկ զտումների հավակնությունները, չեղած տեղից հումանիտար աղետի ստեղծումը, հոգեբանական ճնշումները, բարձր մակարդակով ընդունված պայմանավորվածությունները նենգափոխելը և այլն, այս ամենը շատ հիմնավոր փաստարկներ են այս փուլում նույնպես Արցախի ժողովրդի համար ինքնորոշման իրավունքը` որպես կյանքի իրավունք և այլընտրանք չունեցող պայման ներկայացնելու համար:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ