ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան գրառմամբ կրկին անդրադարձել է Ներքին Հանդ գյուղի շուրջ ստեղծված իրավիճակին ու ՊՆ-ի արձագանքներին․
«Խիստ մտահոգիչ էր լսել, թե ինչպես էր երեկ ՀՀ ՊՆ-ն պաշտոնական տեսանյութով արդարացնող ձևակերպումներով մանրամասն նկարագրում ՀՀ տարածք ադրբեջանական ներխուժման հանցավոր արարքները և անհավանական էր տեսնել, թե ինչ ջանասիրությամբ էր ՊՆ-ն հիմնավորում, որ Կապանի Ներքին Հանդ գյուղի տարածքը ՀՀ ներխուժած ադրբեջանական դիտարկման ներքո չէ ու հետևաբար՝ անվտանգության հարցեր չկան:
Ձևակերպումներից ակնհայտ է, որ դա արվել է քաղաքական դրդապաճառներով՝ թույլ չտալու համար քաղաքական բնույթի դժգոհություններ և Կապան համայնքի Ներքին Հանդ գյուղի տարածք ադրբեջանական ներխուժման փաստը մեր հանրությունից թաքցնելը, այդ ներխուժումը չկանխելը արդարացնելու համար:
ՊՆ այդ հայտարարությունը խիստ դատապարտելի է, քանի որ անտեսում է ՀՀ սահմանային բնակիչների անվտանգությունն ու տարրական իրավունքների հարցերը:
Օբյեկտիվ փաստերն են հաստատում, որ ադրբեջանական ուղիղ նշանառության տակ են հայտնվել մարդկանց արոտավայրերի մեծ մասը [մի քանի տասնյակ հեկտարով], վարելահողեր ու այգիներ, գերեզմանատունը և քաղաքացիական այլ վայրեր:
Մարդիկ հայտնվել են հողագործությամբ ու անասնապահությամբ իրենց ընտանիքի եկամուտը վաստակելու լրջագույն դժվարությունների առաջ, նրանց մի մասն առհասարակ զրկվել է այդ տարածքներն օգտագործելու հնարավորությունից:
Դիտարկումն էլ ո՞նց է լինում: ՊՆ-ի պարզաբանումից ու տեսանյութից ստացվում է՝ պետք է գյուղի ամեն տան մոտ տեղակայվի ադրբեջանական զինվորական, որպեսզի գյուղը համարվի դիտարկվո՞ղ: Դեռ մի հատ էլ հին ու նոր գյուղերի տեղակայման համեմատական ուսումնասիրություն է արվում: Անվտանգությունն այսպե՞ս է որոշվում, սա ի՞նչ մոտեցում է:
Ադրբեջանական հանցավոր արարքների լեգիտիմացումն ու մարդկանց անվտանգության անտեսումն ուրիշ ի՞նչ ձև է լինում:
Ներքին Հանդի վերաբերյալ ՊՆ երեկվա պարզաբանումն ՀՀ պետական մարմինների այն դատապարտելի հայտարարություններից է, որ օգտագործվելու է ՀՀ շահերի դեմ. որքան էլ միջազգայնորեն պնդենք, որ ադրբեջանական զինված ծառայողներին պետք է դուրս մղվեն մեր գյուղերի մոտից այն հիմքով, որ խաթարել են մարդկանց անվտանգությունը, անհնարինության են վերածել մարդկանց բնականոն կյանքը, ադրբեջանական կողմը ՀՀ-ի դեմ օգտագործելու է ՊՆ երեկվա տեսանյութը և ՊՆ նախորդ պարզաբանումը՝ պատճառաբանելով, որ «իրենց զինվորականները Ներքին Հանդի մոտ ուղղակի «անմեղ» տեղակայված են և որևէ բարդություն մարդկանց համար կամ անվտանգության հարցեր չեն առաջացրել. հետո՞ ինչ, որ ներթափանցել են ՀՀ տարածք»:
Ուստի, ՊՆ երեկվա պարզաբանումը լեգիտիմություն չունի և չի կարող հիմք ընդունվել ՀՀ բնակչության անվտանգությունն ապահովելու կամ որոշելու, ՀՀ տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը պաշտպանելու հարցերում, հատկապես՝ միջազգային ատյաններում:
Իրականում, ՀՀ ՊՆ-ն, եթե անելու էր հայտարարություն, ապա պետք է ցույց տար, որ ադրբեջանական զինված ծառայողները հանցավոր արարքներով խախտել են ՀՀ տարածքային ամբողջականությունը և ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք` Ներքին Հանդ, պետք է ներկայացներ, թե այդ երկրի ԶՈՒ-ն ՀՀ տարածքից դուրս մղելու ուղղությամբ ինչ քայլեր են ձեռնարկվում կամ առնվազն պնդում արվեր այն մասին, որ ՀՀ խաղաղ բնակավայրերի հարևանությամբ ադրբեջանական զինված ծառայողներ չպետք է լինեն, այլ ոչ թե ղեկավարվեր քաղաքական դրդապատճառներով ու արդարացներ սեփական արարքներն, ադրբեջանական ներխուժումները հանրությունից թաքցնելը և ադրբեջանական զինվորականների արարքները ներկայացներ՝ որպես «անմեղ» տեղակայում»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը